Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականությունը գաղտնիք չէ։ Ավելինՙ Ցեղասպանության միջազգային ճանաչման ամեն մի նախաձեռնություն Անկարայում դիտարկվում է որպես դավադրություն ընդդեմ Թուրքիայի։ Ժխտողականության եւ դավադրության պարագան հիմք էր տալիս ենթադրելու, որ մայիսի 6-7-ը Երեւանում «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» թեմայով հրավիրված խորհրդաժողովը բուռն հակազդեցություն առաջ կբերի Թուրքիայում։
Հատկապես այն դեպքում, երբ խորհրդաժողովն ավարտվում էր «երկօրյա քննարկումների արդյունքում տարբեր երկրների մասնագետներից ստեղծված հանձնախումբը պարբերաբար կհրավիրի նիստեր եւ աշխատանքներ կծավալի թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացին նպաստելու, Մեծ եղեռնի հետեւանքները վերացնելու, խնդրի վերաբերյալ աշխատանքները համադրելու» հայտարարությամբ։
Այս հայտարարությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ համահայկական հայեցակարգի մշակման առաջադրանք է։ Դրանից բխում է ցեղասպանության հարցով զբաղվող սփյուռքի եւ Հայաստանի կենտրոնները միավորելու առաջադրանքը, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսը այդ ուղղությամբ արդեն նախաձեռնություն է ցուցաբերել։ Այլ կերպՙ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ լուրջ հիմքերի վրա է դրվում նաեւ ցեղասպանության հարցի հետագա ուսումնասիրությունն ու հարցին ընդհանուր մոտեցում մշակելու եւ ուսումնասիրությունները համակարգելու խնդիրը։
Ըստ երեւույթին թուրքական լրատվամիջոցները, ինչպես նաեւ ռազմավարական կենտրոնները դեռեւս պատրաստ չէին հակազդեցությանը, որ դրանցից Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը խորհրդաժողովի նախօրյակին, դրա ընթացքին եւ ավարտին հաղորդեց միայն ընդհանուր տեղեկություններ։ Ինչ վերաբերում է թուրքական թերթերին, ապա դրանցից «Թյուրքիեն» խորհրդաժողովին անդրադարձավ «Համաշխարհային հայկական կոնգրեսում դրվեց այսպես կոչված ցեղասպանության առնչությամբ Թուրքիայից նյութական եւ հողային փոխհատուցում պահանջելու առաջադրանքը» խորագրով։
Այս խորագրի տակ թերթը ուշադրության է հրավիրում, որ խորհրդաժողովը կազմակերպվել է «Մոսկվայում գործող Համաշխարհային հայկական կոնգրեսի, ինչպես նաեւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով»։ Թեեւ թերթում խորհրդաժողովի մասնագետները շրջանցվում են ու չեն նշվում դրա հայաստանյան եւ սփյուռքի մասնակիցների անունները, բայց եւ այնպես շեշտվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաեւ Անդրանիկ Միհրանյանի մասնակցությունը։
Արա Աբրահամյանի պարագայում թուրքական թերթն ուշադրությունը կենտրոնացնում է նրա «Բոլոր երկրների կառավարությունները պետք է հասուն լինեն եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության հետ կապված խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա լուծելու» խոսքերի վրա։ Իսկ Անդրանիկ Միհրանյանի պարագայում ընդգծվում է, որ նա կարեւորեց քննարկվող հարցերի առնչությամբ Հայաստանում գործող քաղաքական բոլոր կուսակցությունների, հայաստանյան կառավարության եւ հայկական սփյուռքի ընդհանուր մոտեցման անհրաժեշտությունը։ Ըստ երեւույթին, խորհրդաժողովի պարագայում թուրքերին մտահոգողը ոչ այնքան ցեղասպանության խնդիրների քննարկումն է, որքան դրա կազմակերպումը Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ