«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2004-05-07 | #84, 2004-05-08 | #85, 2004-05-11


35 ՀԱԶԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԲԸՄ-Ի ԿԱՌՈՒՑԱԾ ՄԹԵՐԱՅԻՆ ՍԱՌՆԱՐԱՆԸ ԳՆԵՑ «ԿԵՉՈՐ» ՍՊԸ-Ն

Սառնարանն իրական արժեքից մոտ 30 անգամ պակաս գնահատվեց

Գյումրու մթերային սառնարանի շենքային համալիրի ճակատին գրված է. «Կառուցված նվիրատվությամբ 35 հազար ամերիկացիների, ամերիկահայերի եւ ՀՀ կառավարության կողմից»։

1988 թ. երկրաշարժը ավերել էր Գյումրու մթերային սառնարանը, եւ այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի կառավարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ) առաջարկեց կառուցել նորը։ Արդեն 1992 թ. կառուցվեց լավագույն մթերային սառնարանը տարածաշրջանում։

Սակայն 10 հազար տոննա տարողունակությամբ սառնարանն այդպես էլ չաշխատեց Հայաստանում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պատճառով։ 1998-2000 թթ. ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկվեց նաեւ ՀԲԸՄՙ 35 հազար մարդկանց հանգանակությամբ կառուցված սառնարանըՙ «Գյումրու սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը գտնվում էր ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հաշվեկշռում։

Նախարար Կարեն Ճշմարիտյանըՙ ի պատասխան «Ազգի» հարցումի, թերթի խմբագրությանը հղած նամակում գրում է. «Տեղյակ եմ պահում, որ «Գյումրու սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը ընդգրկված է եղել ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրում, սակայն գործընթաց չի սկսվել։ Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ տնտեսական դատարանի 18.04.2002 թ. NS-772/70 գրության, «Գյումրու սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը, վերջինիս 15.08.2002 թ. որոշմամբ ճանաչվել է անվճարունակ եւ 2003 թ. մարտի 13-ին ընկերության ամբողջ գույքը աճուրդով վաճառվել է «Կեչոր» ՍՊԸ-ին»։

«Կեչոր» ՍՊԸ-ն Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտին Սուքիասյանի սեփականությունն է։ Վերջինս մոտ 150 հազար դոլարով գնել է 35 հազար մարդկանց հանգանակությամբ կառուցված եւ ավելի քան 5 մլն դոլար արժողությամբ մթերային սառնարանը, որը ՀԲԸՄիության պատվերով եւ ՄԱԿ-ի UNIDO կազմակերպության վերահսկողությամբ կառուցել էր դանիական մի ընկերություն։ 1989 թ.-ին, երբ ՀԲԸՄիության նախկին նախագահ տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնը Կիպրոսում տեղի ունեցած խորհրդաժողովում հայտարարում էր սառնարանի կառուցման ծրագրի մասին եւ դրա վերաբերյալ մանրամասն բացատրություններ էր տալիս UNIDO-ի ներկայացուցիչ տիկին Աչուկ Ճգնավորյանը, ոգեւորության հսկա ալիք էր բարձրանում ոչ միայն ՀԲԸՄիության անդամների, այլեւ ողջ սփյուռքահայության շրջանակներում։ Նեղ պահին աղետյալ գյումրեցիներին, Հայաստանին օգնության հասնելու ձգտումը խիստ մեծ էր։ Եվ անշուշտ դա էր պատճառը, որ սառնարանի կառուցման համար անհրաժեշտ գումարն այդքան շուտ հանգանակվեց։ Սփյուռքահայերը, հատկապես ամերիկահայերը մտածում էին, որ ծրագիրըՙ պահեստարան-սառնարանի կառուցումը, ամենագործնական միջոցն էր ժողովրդին անխափան սնունդ մատակարարելու։ Սակայն, ինչպես ասվեց վերեւում, ոչ ոք չէր կարող նախատեսել, որ էներգետիկ ճգնաժամի պատճառով կառույցը չէր աշխատելու, որ շրջափակման պատճառով այնտեղ պահեստելու ոչ մի սննդեղեն էլ չի լինելու։

Սակայն այժմ, ավելի ճշգրիտՙ 2003 թ.-ին, երբ վաղուց հետեւում էր մնացել էներգետիկ ճգնաժամը, երբ ծրագրեր կան վերաբացելու Թուրքիայի փակած սահմանադռները, որի դեպքում այդ եւ նման սառնարանների գոյությունը խիստ կարեւորվելու է, տարօրինակ է նման օբյեկտի սեփականաշնորհումը նման պայմաններով եւ այդ գնով։

Եվ ընդհանրապես տարօրինակ շատ բաներ կան սեփականաշնորհման այս պատմության մեջ։ Նախՙ ինչպե՞ս է «Գյումրու սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը ընդգրկվել 1998-2000 թթ. սեփականաշնորհման ծրագրում, ինչպես հավաստում է նախարար Կ. Ճշմարիտյանը նամակում։ Այդ մասին նախօրոք պատշաճ կերպով ծանուցվե՞լ է ՀԲԸՄիության ղեկավարությանը, չէ՞ որ վերջինս այն նվիրել է ՀՀ կառավարությանը եւ, հետեւաբար, իրավաբանական նոր սեփականատերը, այսինքն ՀՀ կառավարությունը, բարոյական պարտավորության տակ էր գտնվում նվիրատուին տեղեկացնելու նախօրոք, հստակորեն գիտենալով, որ վերջինս էլ իր հերթին բարոյական պարտականություն ունի 35000 նվիրատուներին բացատրելու այն։

Երկրորդՙ ի՞նչ է նշանակում «սակայն գործընթաց չի սկսվել»։ Ո՞ւմ էր սպասում ՀՀ կառավարությունը։ Թե՞ սպասում էր մինչեւ այն պահը, երբ սեփականաշնորհման գործընթացը կվերածվի աճուրդային գործընթացի, «սառցակոմբինատի»ՙ պետությանն ունեցած պարտքերի պատրվակով։

Երրորդՙ ո՞վ է մեղավոր, եթե ոչ նույնինքն ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, որ «սառցակոմբինատը» անվճարունակ է ճանաչվել տնտեսական դատարանի որոշմամբ, եթե պարտապանն ու պարտատերը նույն կառավարությունն է։ Վերջինս ինչո՞ւ չի կատարել իր հարկային պարտավորությունները, երբ սառցակոմբինատը պետական կարեւոր ակտիվներից է համարվում։ Հարց է առաջանումՙ արդյոք արհեստական անվճարունակություն չի՞ ստեղծվել, որպեսզի հետագայում սառցակոմբինատը աճուրդով էժան վաճառվի։

Կասկածահարույց է նաեւ 2003 թ. մարտի 13-ին կազմակերպված աճուրդը, ավելի ճիշտՙ դրա կազմակերպումը։ Կարծեք շարքային ինչ-որ խանութ կամ գարաժ լինի աճուրդի հանված, որի մասին որեւէ թերթի ինչ-որ էջում թաքցրած ծանուցում է տպագրվել հավանաբար։

Մենք չգիտենք, կառավարության համապատասխան մարմինն այդ աճուրդը կազմակերպելուց առաջ պաշտոնական ձեւով տեղեկացրե՞լ է նվիրատու կազմակերպությանըՙ ՀԲԸՄիությանը։ Վերջինիս Երեւանի ներկայացուցչական գրասենյակը համառորեն մերժեց մեզ որեւէ տեղեկություն տալ այդ աճուրդի եւ առնչակից հարցերի մասին, կարծեք հարցը միայն միությանն ու կառավարությանն է վերաբերում եւ ոչ թե, առնվազն, հազարավոր նվիրատուներին, որոնցից շատերը, հատկապես Չիկագոյից եւ Լոս Անջելեսից, անդադար դիմում են մեր խմբագրությանն իրենց նվիրատվության ճակատագրով զբաղվելու։

Այս բոլորից դուրս եւ վեր կա բարոյական հարց։ Փաստորեն, կառավարության մեղքով ու մեղսակցությամբ, 35 հազար սփյուռքահայ նվիրատուներ բարեգործական գումարներ են հանգանակել «Կեչոր» ՍՊԸ-ին ու նրա տիրոջը հարստացնելու համար։ Սա անբարոյական վերաբերմունք է մի իշխանության կողմից, որն անընդհատ օգնություն եւ գումարներ է խնդրում սփյուռքահայությունից։ Միաժամանակ, այդպիսի վերաբերմունքով կառավարությունը կասկածի տակ է դնում 98 տարվա մեր ամենամեծ եւ տարածուն բարեգործական կազմակերպությանՙ Հայկական բարեգործական ընդհանուր միության հեղինակությունն իր նվիրատուների առաջ։ Եվ սա միակ դեպքը չէ։ Խորհրդային շրջանում եւ այնուհետեւ Հայաստանի կառավարությանը նվիրաբերած բազմաթիվ կառույցներ եւ ձեռնարկություններ, ինչպիսին էր, օրինակ, արտասահմանի այնթապցիների նվիրած ժանյակի գործարանը, կասկածելի պայմաններում կամ անփութորեն տրվել են այս կամ այն պատգամավորի կամ «թաղի» տղայի։ Այս բոլորից հետո ինչո՞ւ են ոմանք զարմանում, որ սփյուռքահայության օգնությունը Հայաստանին հետզհետե նվազում է։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4