«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2004-05-07 | #84, 2004-05-08 | #85, 2004-05-11


ՄԱՔՈՒՐ ԿՈՎԿԱՍՙ ԱՆԿԱԽ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Այլեւս ժամանակավրեպ են այն դատողությունները, թե մոլորակի որեւէ կետում շրջակա միջավայրի հանդեպ ծայր հոգածության դեպքում հնարավոր է ապահովագրվել էկոլոգիական աղետներից։ Այսօր գիտնականները միաբերան ահազանգում են էկոլոգիական համընդհանուր ճգնաժամի մասին։ Եվ Բրազիլիայի անտառների հրդեհները, եւ սառույցների հալոցքը Արկտիկայում, եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը բացահայտ սպառնալիք են ողջ երկրագնդի համար։ Եվ որեւէ հատվածում բնապահպանական խնդիր լուծելը փրկություն չի լինի որեւէ երկրի համար։ Այսօր աշխարհի տարբեր անկյուններում ակտիվորեն հիմնվում են էկոլոգիական տարածաշրջանային նոր կառույցներ, որոնց խնդիրը մարդկային ուժերի ու կարողությունների կենտրոնացումն էՙ անկախ կրոնական համոզմունքներից, ազգությունից ու ազգային հակամարտություններից։

Էկոլոգիական միասնական խնդիրներ ունի նաեւ Հարավային Կովկասը։ Սեւանա լճի փրկությունը հավասարապես կարեւոր է ողջ տարածաշրջանի համար, եթե նկատի առնենք գիտնականների կանխագուշակումները, թե ոչ հեռավոր ապագայում պետությունների միջեւ կռիվները լինելու են ոչ թե նավթի ու գազի, այլ քաղցրահամ ջրի համար։ Արգելոցների ու ազգային պարկերի բարձիթողի վիճակը հավասարապես հարվածելու է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի ու Վրաստանի բուսական ու կենդանական աշխարհին։

Անցած շաբաթավերջին Թբիլիսիում կայացավ «Կովկաս- տարածաշրջանային էկոլոգիական կենտրոն» կազմակերպության նախաձեռնած տարածաշրջանային կոնֆերանսը Հարավային Կովկասի լրատվամիջոցների համար։ Հրավիրված էին լրագրողներ Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից։ Կայացավ «Հասարակության մասնակցության միջոցները եւ ԶԼՄ-ները» նոր ծրագրի շնորհանդեսը, որն ամբողջությամբ վերաբերելու է հասարակության մասնակցությանը էկոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում։ Ծրագրի իրագործմանը ակտիվորեն ներգրավվելու են լրագրողները։ Այսօր, որքան էլ ցավալի է, ԶԼՄ-ները ժլատ ուշադրություն են նվիրում շրջակա միջավայրի խնդիրներին։ Հիմնախնդիրներին ավելի մեծ տարածք ու բարեհաճություն ցուցաբերելու միջոցով հնարավոր կլինի բարձրացնել նաեւ հասարակության էկոլոգիական գիտակցության, նրա մասնակցության եւ ներգործության մակարդակը բնապահպանական պրոբլեմների լուծմանը։ Կոնֆերանսին Հայաստանից մասնակցում էին լրագրողներ «Նոյյան տապան» գործակալությունից, «Ազգ» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերից։

2 օր անց Երեւանում կկայանա Հարավային Կովկասի էկոլոգ լրագրողների 2-րդ հանդիպումը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4