«Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով մայիսի 6-7-ը Երեւանում «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» թեմայով անցկացված խորհրդաժողովի թուրքական արձագանքներին, կարծիք էր հայտնել, որ տվյալ դեպքում թուրքերին մտահոգում էր ոչ այնքան ցեղասպանության խնդիրների քննարկումը, որքան քննարկումների կազմակերպումը Մոսկվայում ստեղծված Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ։
Կարծիքի համար հիմք էր ծառայել «Թյուրքիե» թերթի մայիսի 6-ի համարը, որտեղ խորհրդաժողովի բոլոր մասնակիցներըՙ հայաստանյան թե սփյուռքի, շրջանցվում էին, բայց ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանն ու Անդրանիկ Միհրանյանը դառնում հարձակումների թիրախ։ Ըստ երեւույթին նույնը պետք է ասել «Հաբերանալիզի» մայիսի 11-ի համարի մասին։ Այն տարբերությամբ, որ «Թյուրքիե» թերթի նյութն ընդամենը Երեւանից արված թղթակցություն էր, իսկ «Հաբերանալիզը» հրապարակել է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի կովկասյան հետազոտությունների բաժնի աշխատակից Հաթեմ Ջաբբարլուի վերլուծականը։ Ակնհայտ է, որ այս կենտրոնը պետական կառույց է։
Ջաբբարլուն, ի տարբերություն «Թյուրքիե» թերթին, խորհրդաժողովի կազմակերպիչների թվում նշում է նաեւ ՀՀ ԳԱԱ-ին, դրա գումարումը պայմանավորում է «Հայկական պնդումները միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավորելու» առաջադրանքով, ապա եւ իր ուշադրությունը կենտրոնացնում է «առաջադրանքի կատարման համար տարբեր երկրների մասնագետներից կազմված փորձագիտական հատուկ խումբ ստեղծելու» որոշման վրա։ Նա միաժամանակ գտնում է, որ այս խմբի աշխատանքները նպատակամղված են լինելու միջազգային լուրջ ճնշումների թիրախ դարձնել Թուրքիային, որպեսզի նրան «պարտադրվի այսպես կոչված ցեղասպանության ճանաչումը»։
Ռազմավարական կենտրոնի աշխատակիցը խորհրդաժողովի մասնակիցներից նշում է միայն Արա Աբրահամյանի եւ Անդրանիկ Միհրանյանի անունները։ Նա ընդգծելով, որ Աբրահամյանը ՀՀԿ նախագահն է, անդրադառնում է խորհրդաժողովի նախօրյակին նրա տված մամուլի ասուլիսին։ Թերեւս դրանով էլ ընդգծվում է, թե ում նախաձեռնությամբ է կազմակերպվել այս միջոցառումը։
Ինչ վերաբերում է Անդրանիկ Միհրանյանին, ապա Ջաբբարլուն ուշադրություն է հրավիրում «Թուրքիայից նյութական եւ հողային փոխհատուցում պահանջելու» նրա առաջարկին, այնուհետեւ անդրադառնում է «այդ պահանջներից հրաժարվելու համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված քննադատությանը» եւ ավելացնում. «Միհրանյանը պատճառաբանելով, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Հայաստանին նախապայմաններ է առաջադրում, ուստի միանգամայն տրամաբանական է համարում ցեղասպանության ճանաչման հայկական պահանջի հասցեագրումը թուրքական պետությանը։ Նրա կարծիքով, Հայաստանն այդ պահանջից չպետք է հրաժարվի նույնիսկ այն դեպքում, եթե երկու երկրների միջեւ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, զարգանան տնտեսական շփումները եւ բացվեն սահմանները»։
Ուշագրավ է Ջաբարլուի եզրակացությունը. «Երբ Հայաստանը թափ է հաղորդում այսպես կոչված ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքներին, նյութական եւ հողային պահանջներ է ներկայացնում Թուրքիային, շարունակում է 1921 թ. Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու ուղղությամբ ջանքերը Ռուսաստանում եւ Եվրոպայում, երկու երկրների միջեւ սահմանների բացման մասին որոշ թուրք գիտական եւ քաղաքական գործիչների ելույթներն ուղղակիորեն վտանգում են Թուրքիայի ազգային անվտանգությունը։ Միհրանյանի վերոհիշյալ տեսակետները ցույց են տալիս, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման դեպքում էլ Հայաստանը մտադիր է շարունակել ցեղասպանության պնդումները։ Այս պայմաններում Թուրքիայի հայկական սահմանի բացումն ու երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ե՛ւ Հայաստանի Հանրապետությունում, ե՛ւ հայկական հասարակությունում դիտարկվելու են որպես հաղթանակ, ու հայերը համոզվելու են, որ իրենց պայքարն արդարացի է»։
Ըստ հեղինակի, այս ամենը կնպաստի երկրում ներքաղաքական բազում դժվարությունների բախվող Քոչարյանի վարչակարգի դիրքերի ամրապնդմանը։ Մինչդեռ այդ վարչակարգը «Թուրքիայի նկատմամբ թշնամական դիրքորոշում է որդեգրել, ուստի նախընտրելին նրա թուլացումն է, նույնիսկ իշխանությունից հեռացումը, թերեւս բարին էլ Թուրքիայի համար դա է»։
Հաթեմ Ջաբբարլուի խոսքերը մեկնաբանության կարիք չեն զգում։ Պարզապես հաստատում են «Ազգի» նախորդ համարում արտահայտած կարծիքը, որ թուրքերին ոչ այնքան մտահոգում է ցեղասպանության խնդիրներին նվիրված խորհրդաժողովի գումարումը, որքան դրա կազմակերպումը Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ