«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2004-05-11 | #86, 2004-05-12 | #87, 2004-05-13


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԵՐԸ

Իսկ Ադրբեջանի նախագահն ապակողմնորոշում է թուրքական իշխանություններին

«Ազգը» մայիսի 4-ի համարում տեղեկացրել էր Ադրբեջանի վրա թուրքական մամուլի ձեռնարկած գրոհի մասին։ Տեղեկության աղբյուրը Բաքվի «Զերկալո» թերթն էր։ Ինչո՞վ էր պայմանավորված այս գրոհը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին Կիպրոսի վերաբերյալ Հունաստանի ներկայացրած բանաձեւի քվեարկությանն ադրբեջանցի 6 պատգամավորներ, որոնց հետ էր եղել նախագահ Իլհամ Ալիեւը, չէին մասնակցել։ Այսինքնՙ դեմ չեն քվեարկել, ինչը զայրացրել է թուրքերին։

«Զերկալոն» գրում է, որ ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը չէր կարող ազդել քվեարկության վրա։ Հիրավի, քվեարկությունն ավարտվել էր 47 կողմի դիմաց 23 դեմ ձայներով։ Հետեւաբար Կիպրոսի թուրքական հատվածի պատգամավորները ԵԽԽՎ-ում հույն պատգամավորների հետ նույն պատվիրակության կազմում ընդգրկվելու իրավունք, միեւնույն է, չէին ստանալու։ Սակայն հարցը սոսկ կիպրացի թուրքերի իրավունքը չէ, այլեւ Թուրքիային Ադրբեջանի վերաբերմունքը։ Թերեւս դա է պատճառը, որ թուրքական մամուլը չի դադարեցնում գրոհը։ Ավելինՙ գրոհի առումով մամուլին է միանում Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը։

Ինչո՞ւ։ Այն առումով, որ ադրբեջանցի պատգամավորները ոչ միայն հրաժարվում են մասնակցել Հունաստանի առաջադրած վերոհիշյալ բանաձեւի քվեարկությանը, այլեւ իրենցՙ Թուրքիայի համար անընդունելի արարքը բացատրում են հետեւյալ կերպ. «Կիպրոսի թուրք պատգամավորների ընդգրկումը հունական պատվիրակության կազմում, ապահովելով նրանց ներկայությունը ԵԽԽՎ-ում, կնշանակեր «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչում, իսկ դա վտանգավոր նախադեպ էր ստեղծելու Լեռնային Ղարաբաղի անջատողականներին ճանաչելու համար»։

Այդ առումով պատահական չէր, որ թուրքական թերթերից «Ռադիկալը» մայիսի 9-ի համարում «Դու մի սրանց տես» խորագրով ադրբեջանցիներին արհամարհելիս թուրքական իշխանություններին հիշեցնում է «Մեկ փորձությունը հազար խորհուրդ արժե» ժողովրդական առածըՙ ընդգծելով, որ դա վերաբերում է Թուրքիային հենց Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Վերջում «Ռադիկալը» ավելացնում է. «Միջազգային հարաբերություններում բարեկամությունը, եղբայրությունը տեղ չունեն։ Միայն ու միայն շահերն են կարեւորը»։

Ադրբեջանցիների նկատմամբ ԵԽԽՎ-ում թուրքական շահերի «անտեսումից» բխող արհամարհանքով «Ռադիկալն» ակամա երեւան է հանում Թուրքիայի հայկական քաղաքականությունն Ադրբեջանի շահերով պայմանավորելու սնանկությունը։ Ինչ վերաբերում է Եվրասիական վերոհիշյալ կենտրոնին, ապա դրա Հեռավոր Արեւելքի բաժնի աշխատակից Նուրանիե Հիդայեթը «Չինաստան-Ադրբեջան հարաբերություններ» խորագրով վերլուծականում ադրբեջանական իշխանություններին ուղղակի մեղադրում է համաթուրքական շահերը դավաճանելու մեջ։

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Հիդայեթի «Հաբերանալիզի» մայիսի 2-ի համարում հրապարակված հոդվածին։ Նա գրում է. «Ապրիլի 25-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովն այցելեց Պեկին, որի ընթացքում չինական իշխանությունները հայտարարեցին, որ «Արեւելյան Թուրքիստանի» ահաբեկիչներին վնասազերծելու համար համագործակցելու են Ադրբեջանի հետ։ Չինաստանի պետական խորհրդական եւ ներքին գործերի նախարար Յոնգկանը, հանդիպելով Ուսուբովին, հիշեցրեց, որ Չինաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրից երկու երկրները տարբեր բնագավառներում համագործակցում են։ Ապա նա դրվատեց Ադրբեջանին «Արեւելյան Թուրքիստանի» ահաբեկիչների, այսինքնՙ ույղուրների դեմ պայքարում Չինաստանին աջակցելու համար»։

Ադրբեջանի վրա թուրքական թերթերի գրոհը կամ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մեղադրանքն ինչպես կանդրադառնա թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրաՙ դժվար է ասել։ Բայց որ դեռեւս ապրիլին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի բարձրագույն իշխանություններին հավաստիացրել է, որ եթե Կիպրոսի վերամիավորման ապրիլի 24-ի հանրաքվեն դրական ելք չունենա, ապա Բաքուն կարող է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»ՙ ակնհայտ է։

Ավելինՙ նա ապրիլի 29-ին Ստրասբուրգում, մինչ ԵԽԽՎ-ում հունական բանաձեւի քննարկումը, մամուլի ասուլիս էր տվել եւ հայտարարել, որ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչման հարցի օրակարգում հայտնվելու դեպքում Ադրբեջանն առաջինը կճանաչի նրան։ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորներիՙ Հունաստանի առաջարկած բանաձեւի քվեարկությունից հրաժարվելը, ավելինՙ նրանց պատճառաբանությունը, թե «Կիպրոսի թուրք պատգամավորների ընդգրկումը ԵԽԽՎ-ում հունական պատվիրակության կազմում կնշանակեր «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչումը», միանգամայն հակասում է Անկարայում եւ Ստրասբուրգում Իլհամ Ալիեւի հավաստիացումներին։ Ուրեմն Թուրքիայի ղեկավարության համար խնդիրը սոսկ ադրբեջանցի պատգամավորները չեն, այլեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այն առումով, որ եթե պատգամավորներն անտեսել են Անկարայի շահերը, ապա ինքը առնվազն ապակողմնորոշել է թուրքական իշխանություններին։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4