«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքի հովանավորությամբ Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունն այս տարի լույս կընծայի հայագիտական մի շարք արժեքավոր գրքեր, որոնց մեծ մասը երկար տարիներ անտեսված եւ արխիվներում խունացած է եղել։ Հիմնադրամի հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանի անմիջական նախաձեռնությամբ առաջիկայում կհրատարակվեն անվանի հայագետ Հրաչյա Աճառյանի անտիպ ուսումնասիրություններն ու մամուլում տպագրված նրա բոլոր հոդվածների առանձին ժողովածուն։
Վերջին 3 տարիներին հիմնադրամի օգնությամբ հրատարակվել է մոտ 30 անուն գիրք, որոնց կարեւորությունը չափազանց մեծ է հայագիտության զարգացման համար։ Նշենք դրանցից մի քանիսը. Յոզեֆ Կարստՙ «Կիլիկյան հայերենի պատմական քերականություն», Էդուարդ Աղայանՙ «Լեզվաբանական հետազոտություններ», Պիոն Հակոբյանՙ «Գիտական ուսումնասիրություններ», Բաբկեն Հարությունյանՙ «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացույցի», Աշոտ Սուքիասյանՙ «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան», Հայնրիխ Հյուբշմանՙ «Հայագիտական ուսումնասիրություններ», Երջանիկ Գեւորգյանՙ «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան», Արտակ Մովսիսյանՙ «Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը» եւ այլն։ Ի դեպ, վերջինի մասին գրվել է մեր թերթի անցած տարվա համարներից մեկում («Ազգ», 6 նոյեմբերի, 2003)։ Հիշյալ գրքերը հրատարակվել են հիմնադրամի շնորհիվ վերականգնված «Հայագիտական հետազոտություններ» մատենաշարով, իսկ «Հայ մատենագիրներ» շարքից աշխարհաբարով լույս են տեսել Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի եւ Վարդան Արեւելցու նույնանուն «Տիեզերական պատմությունները» եւ այլն։
Զավեն Եկավյանի առաջարկով սփյուռքահայ դպրոցների համար արեւմտահայերենով ու դասական ուղղագրությամբ հրատարակվել է Հրաչյա Գաբրիելյանի «Հայոց բնաշխարհ» պատկերազարդ դասագիրքը։
Համալսարանի հրատարակչության առաջիկա ծրագրերի մասին տեղեկանալու նպատակով զրուցեցի տնօրեն Պերճ Ստեփանյանի հետ։ «Հայագիտական գրքեր հրատարակելու գործը հրաշալի արդյունքներ է տալիս «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանի հետ մեր համագործակցության շնորհիվ։ Մեր օրերում գիտական, մասնավորապես հայագիտական գրականությունը սպառման առումով մեծ պահանջարկ չունի, այդ պատճառով հրատարակվող գրքերը լույս են տեսնում փոքր տպաքանակով։ Քանի որ դրանց ինքնարժեքը բարձր է, նպատակահարմար է դրանք հրատարակել բարեգործական միջոցներով։ Մեր հրատարակած գրքերի մեծ մասը երկար տարիներ պատրաստ է եղել տպագրության, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով հնարավոր չի եղել դա իրականացնել։ Դրանցից են, օրինակ, Երջանիկ Գեւորգյանի «Հայոց շարժումային լեզվի բառարան» ինքնատիպ գիրքը, Հրաչյա Աճառյանի «Քննություն Կիլիկիայի բարբառի» եւ այլ գրքեր։
Անչափ ոգեւորիչ է Աճառյանի բոլոր անտիպ գործերը հրատարակելու պրն Եկավյանի առաջարկը, սակայն դրա իրագործումը բավականին աշխատատար է, որովհետեւ այդ գործերը հիմնականում անմշակ են, սեւագիր վիճակում, փոքր թղթերի վրա գրված։ Եթե կարողանանք դա անթերի կատարելՙ հրաշալի նվեր կմատուցենք մեր լեզվաբաններին եւ ընդհանրապես մտավորականներին։
Ծրագրել ենք հրատարակել նաեւ Նիկողայոս Ադոնցի 4 հատորը։ Ցավալի փաստ է, որ մինչ օրս նրա գործերն առանձին հատորներով չեն հրատարակվել, ընդամենը մի քանի հոդվածներ են տպագրվել «Հայրենիք» ամսագրում։ Հենց դրանք էլ կլրացվեն մնացած անտիպ գործերով, ինչը հանձն է առել մեր լավագույն պատմաբաններից Պետրոս Հովհաննիսյանը։
Այս ամենն իրականանալի է դառնում հայագիտության հանդեպ Զավեն Եկավյանի անձնուրաց սիրո ու նվիրումի շնորհիվ։ Հայ գրքի հանդեպ նրա պաշտամունքն ուղղակի սահմաններ չունի», ասաց պրն Ստեփանյանը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ