Ապրիլի 24-ին Կիպրոսի վերամիավորմանը կիպրացի թուրքերը կողմ քվեարկեցին։ Քանի որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի ծրագրով նախատեսվող այդ վերամիավորումն իրականում օրինականացվում է Կիպրոսի մասնատվածությունը ընդհանուր պետության քողի տակ, ուստի հույները համապատասխանաբար դեմ քվեարկելովՙ մերժեցին ծրագիրը։ Այլ կերպ, հանրաքվեն դրական ելք չունեցավ, եւ Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիությանն անդամակցեց առանց թուրքական հատվածի։
Հարցը, սակայն, անդամակցությունը չէր, այլ Անանի վերամիավորման ծրագիրը մերժող հունական կողմի վրա միջազգային ճնշումները։ Հատկանշական է, որ դրանք գործադրեցին ինչպես ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ը, այնպես էլ ԵՄ-ը։ Ճնշումների արտահայտությունը դարձան «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» դեմ կիրառվող պատժամիջոցների վերացման, նրա հետ քաղաքական ճնշումների ակտիվացման, ինչպես նաեւ ինքնակոչ այդ հանրապետությունում ԵՄ-ի ներկայացուցչության բացման արեւմտյան նախաձեռնությունները։
Ավելին, ապրիլի 29-ին Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկման դրվեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» պատգամավորներին հույն պատգամավորների հետ նույն պատվիրակության կազմում ընդգրկելու հարցը։ Թեեւ Հունաստանի ներկայացրած բանաձեւը ձայների 47 կողմ, 23 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց եւ կիպրացի թուրքերը զրկվեցին Եվրախորհրդում ներկայանալու իրավունքից, սակայն քաղաքական զարգացումների բարենպաստ ընթացքը Կիպրոսի թուրքական հատվածի համար մեծապես ոգեւորեց Թուրքիային։
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, որը մինչ ապրիլի 24-ի հանրաքվեն արտահայտվում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերամիավորման ծրագրի օգտին, հանրաքվեից հետո սկսեց արտահայտվել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» միջազգային ճանաչման օգտին։ Նա պատճառաբանում էր, թե Անանի ծրագիրը, հետեւաբար վերամիավորումը հունական կողմն է մերժել, իհարկե, առանց մանրամասնելու մերժման հանգամանքները։
Ակնհայտ է, որ վարչապետ Էրդողանն առաջին հերթին ճանաչում էր ակնկալում Ադրբեջանից, Միջին Ասիայի թուրքալեզու հանրապետություններից, ապա եւՙ իսլամական աշխարհից։ Ակնկալիքների իրականացումը ենթադրում էր, որ թուրքալեզու հանրապետություններից եւ մահմեդական երկրներից որեւէ մեկն այդ ուղղությամբ առաջին քայլը կկատարի։ Քանի որ ապրիլի կեսերին Անկարայում Իլհամ Ալիեւը հավաստիացրել էր, որ եթե Կիպրոսի վերամիավորման հանրաքվեն դրական ելք չունենա, ապա Բաքուն կարող է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», ուստի ճանաչման առաջին քայլը հենց Ադրբեջանից էր ակնկալվում։
Ապրիլի 29-ին, սակայն, Ստրասբուրգում Հունաստանի ներկայացրած բանաձեւի քննարկումից հրաժարվելու ադրբեջանցի 6 պատգամավորների արարքը, որոնց Իլհամ Ալիեւն էր գլխավորում, ցույց տվեց, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», այլեւ չի էլ փորձում նպաստել, որ կիպրացի թուրք պատգամավորները հունական պատվիրակության կազմում մուտք գործեն Եվրախորհուրդ։
Թեեւ թուրքական մամուլը շարունակում է ակտիվորեն արծարծել քվեարկությունից ադրբեջանցի պատգամավորների հրաժարվելու հարցը եւ կարծիք է հայտնում, որ դա անհնար էր առանց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության իրազեկության, այնուամենայնիվ, խնդիրը քվեարկությունը չէ, այլ Թուրքիայի քաղաքական հաշվարկները։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ Թուրքիան Կիպրոսում որպես «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչման, այսինքնՙ կղզու փաստացի մասնատման նախապայման, բարենպաստ դիրքերում հայտնվելու համար բոլոր հաշվարկներն արել էր վերամիավորման Անանի ծրագրի նկատմամբ հունական կողմի բացասական վերաբերմունքի հիման վրա։ Երբ հույները մերժում են ծրագիրը, եւ Թուրքիայի առջեւ բացվում է կղզին մասնատելու հեռանկարը, ադրբեջանցի պատգամավորները հրաժարվում են վերոհիշյալ քվեարկությունից։
Ավելին, նրանք դեռ կարծիք են հայտնում, որ կիպրացի թուրք պատգամավորների ընդգրկումը հունական պատվիրակության կազմում կնշանակեր «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչում, ապա եւ ավելացնում. «Իսկ դա վտանգավոր նախադեպ կստեղծի Լեռնային Ղարաբաղի անջատողականներին ճանաչելու համար»։ Նախադեպի պարագան ակնհայտ է, որ թույլ չի տալու Ադրբեջանին երբեւէ ճանաչել վերոհիշյալ ինքնակոչ հանրապետությունը։ Ուրեմն, առաջին քայլի բացակայությամբ խիստ սահմանափակվելու են ինքնակոչ հանրապետության ճանաչմանն ուղղված Թուրքիայի հնարավորությունները։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ