«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2004-05-12 | #87, 2004-05-13 | #88, 2004-05-14


ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ

Արդեն մի քանի տարի քննարկվում է ազգային փոքրամասնությունների օրենք ունենալու հարցը, սակայն առ այսօր օրենքի վերջնական նախագիծը մշակված չէ, փոխարենը շարունակվում են գրեթե նույն բովանդակության սեմինարները, որոնք արդեն հոգնեցրել են դրանց պարտաճանաչորեն մասնակցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Նրանք աչալրջորեն հետեւում են բոլոր ելույթներին, երբեմն էլ դժվարանում իրենց մատուցված ելույթների գիտական բովանդակությունից գլուխ հանելՙ հայերենին ոչ բավարար տիրապետելու պատճառով։ Այդպիսի մի դրվագ տեղի ունեցավ «Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» երեկ հրավիրած «Ազգային փոքրամասնությունների օրենքի նախագծի առանցքային դրույթները. ավարտ, թե՞ նոր սկիզբ» սեմինարի ժամանակ։ Հրանուշ Խառատյանի «Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի հետ կապված հիմնական ռիսկերը եւ դրանց հաղթահարման ուղիները» ելույթում «ռիսկ» բառը ըմբռնվել էր այն իմաստով, թե օրենք ստեղծելով Հայաստանը ռիսկի է դիմում։ Ասել է թե ազգային փոքրամասնությունները լուրջ վտանգ են մեր երկրի համար։ Այսպիսի զավեշտներից խուսափելու համար կամ պետք է խոսել ավելի պարզ հայերենով, կամ էլ ռուսալեզու եւ հայերենին վատ տիրապետող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ապահովել ռուսերեն համընթաց թարգմանությամբ։

Սեմինարի տեւողությունը մոտ 5 ժամ էր, ելույթներն էլՙ երկարաշունչ։ Իմանալու համար, թե ընթացող սեմինարի մասին ի՞նչ են մտածում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ի՞նչ խնդիրներ են նրանց առավելապես հուզումՙ զրուցեցի մի քանիսի հետ։

Եզդիների «Շարֆադինի հետեւորդներ» կրոնական կազմակերպության նախագահ Հասան Հասանյան - Մշտապես մասնակցում ենք համանման քննարկումներին, սակայնՙ անարդյունք։ Հավաքվում, ասում, խոսում ու գնում են։ Ընդամենը կատարվում է Եվրախորհրդի պատվերը, ոչ մի լավ բան չեմ ակնկալում։ Բազում խնդիրներ ունենք, որոնց մասին խոսում ենք Հայաստանի անկախությունից ի վեր, բայց մեր ձայնը մնացել է օդում կախված, մեր առաջարկությունները չեն ընդունվում։ Վերջին տարիներին մոտ 200 հազար եզդիներ լքեցին Հայաստանը, որի համար մեծ ցավ ենք ապրում։ Մնացել են մոտ 50 հազար եզդիներ, չնայած վիճակագրական տվյալներով ավելի քիչ է ներկայացվում։ Դա, իհարկե, միտումնավոր չի արվում, պարզապես մարդիկ իրենց աշխատանքի հանդեպ մակերեսային մոտեցում են ցուցաբերում։

Մեր խնդիրը դպրոցական դասագրքերի պակասն է, որի պատճառով հնարավոր չէ մայրենի լեզվի դասավանդումը հասցնել խորհրդային տարիների մակարդակին, ունենք նաեւ մասնագետների մեծ պակաս։

Արցախյան ազատամարտի ժամանակ մեծ թվով եզդիներ զոհվեցին, սակայն Շուշիի ազատագրման օրը ոչ մի լրատվամիջոց չանդրադարձավ այդ հարցին, ոչ մի տեղ չկազմակերպվեցին հուշ-երեկոներ։ Չէ՞ որ նրանք իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախին։

Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանով - Հայաստանում սահմանադրորեն բոլոր քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են, առաջին հայացքից թվում է, թե ազգային փոքրամասնությունների մասին առանձին օրենք ունենալու անհրաժեշտություն կարծես չկա, բայց կրթական ու մշակութային հարցերի անկատարությունը պարտադրում է ստեղծել դրանք պահպանող դրույթներ։ Այսօր ուսուցչական կադրերի մեծ պակաս ունենք, քանի որ վերջին տարիներին վճարովի համակարգի պատճառով մեր երեխաները զրկված են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից։ Ունենք մշակութային ինքնագործ խմբեր, որոնք նյութական միջոցների պատճառով նվազում են։ Ազգային փոքրամասնության որեւէ խումբ պահելու համար պետական հոգածություն է պետք։

Ցավալի է, բայց ազգային հողի վրա կատարվող ստորացումները հաճախ հանգեցնում են անցանկալի հետեւանքների։ Կարծում եմ, որ օրենքում պիտի խստորեն ամրագրվեն իրավական դրույթները, որպեսզի ազգային փոքրամասնություններն իրենց ավելի պաշտպանված զգան։ Քրդերի ու եզդիների մեջ գոյություն ունի միայն կրոնական տարբերություն, կան ներքին հարցեր։

«Աթուր» ասորական միության նախագահ Արսեն Միխայիլով - Օրենք ստեղծելու անհրաժեշտության մասին քանիցս խոսվել է, եւ որքան էլ տարօրինակ է, այսօրվա քննարկման ժամանակ ելույթ ունեցողները դա նորից հարցականի տակ էին դնում։ Արդեն 4-5 տարի շարունակ խոսում ենք այդ մասին, ժամանակն է օրենքի մշակմամբ զբաղվելու, եւ ոչ թե նույն հարցերը տալու։ Յուրաքանչյուր համայնք պետք է ներկայացնի իր էթնիկ ծրագիրը, պետք է համախմբվելՙ ռիսկային գոտիները վերացնելու համար։ Ինչպես մյուս համայնքներում, մեր համայնքում էլ կարեւորվում են կրթական ու մշակութային խնդիրները։ Մեր ուժերով կրթական հարցերը տեղից շարժվում են, իսկ մշակութային խնդիրներն ավելի բարդ են։ Առանց պետական աջակցության դժվար գործ է մշակույթ պահպանելը։

Ազգային խտրականության, մարդու իրավունքների ոտնահարման առումներով սուր խնդիրներ չունենք, մեր մյուս խնդիրներն ընդհանուր են ողջ ազգաբնակչության համար։ Ես էլ եմ կարծում, որ մեր համայնքի թիվը փոքր-ինչ պակաս է ներկայացվում, սակայն դա միտումնավոր չի արվում, այլ վատ աշխատանքի հետեւանք է։

Հայաստանի հրեական «Մորդեխայ նավի» համայնքի ռաբբի Գերշ Բուշտեյն- Այս օրենքը նախ պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, ազգային փոքրամասնություններին պետք է երկքաղաքացիության իրավունք տրվի, որպեսզի նրանց պատմական հայրենիքի հետ կապն ավելի ամուր լինի։ Հրեական համայնքի ամենամեծ խնդիրը ուծացման վտանգն է։ Կրթության եւ մշակույթի նախարարությունները բավարար աշխատանք չեն կատարում օտար ազգերի մշակույթը տարածելու ու ճանաչելի դարձնելու համար։ Կան հրեա երիտասարդներ, որոնք այստեղ ամաչում են խոսել իրենց ազգային մշակույթի մասին, քանի որ շրջապատի մարդիկ գրեթե անծանոթ են հրեական մշակույթին։ Հրեաների համար Հայաստանը ավանդական երկիր չէ, նրանք պատմականորեն երկար են ապրել այստեղ, սակայն բազմադարյան պատմություն ունեցող հրեական համայնքներ չեն ստեղծվել, ի տարբերություն հարեւան այլ երկրների։ Կարծում եմ, որ կրթության հարցերին մեծ տեղ պետք է հատկացնել, ազգային ինքնագիտակցությունը զարգացնելու առումով, քանի որ միայն «Հավանա գիլա» երգելով հնարավոր չէ նոր սերնդին որպես հրեա պահպանել։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4