«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2004-05-12 | #87, 2004-05-13 | #88, 2004-05-14


2007 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԿՄՏՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ստորագրվեց գազամուղի կառուցման պայմանագիրը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իրան-Հայաստան գազամուղի շինարարության պայմանագիրը, որին սպասում էինք արդեն 12 տարի, երեկ ստորագրեցին «Իրանի գազի արտահանման» ընկերության տնօրեն Ռոքմեդդին Ջավադին եւ Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը։ Մինչ պայմանագրի ստորագրումը տեղի էր ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արտաշես Թումանյանի եւ Իրանի նավթի եւ գազի նախարար Բիժան Զանգանեի հանդիպումը, որտեղ կողմերն ընդգծել են, որ գազամուղի կառուցումը նոր որակ կհաղորդի երկու երկրների տնտեսական համագործակցությանը։ Իսկ պայմանագրի ստորագրումից հետո էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Բիժան Զանդանեն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որին հաջորդեց նախարարների համատեղ կարճատեւ մամուլի ասուլիսը։

Արմեն Մովսիսյանը նշելով, որ գազատարի կառուցման բանակցություններն ընթանում են 12 տարի, ասաց, որ կառուցման աշխատանքները կտեւեն շուրջ երկու տարի, եւ գազամուղը կսկսի գործել ամենաուշը 2007 թ.-ի հունվարի 1-ից։ Գազատարի հայկական հատվածը կկառուցի հայկական կողմը, իրանական հատվածըՙ իրանական կողմը։

Անհրաժեշտ ներդրումները հայկական հատվածի համար կկազմեն 90-100 մլն դոլար, իրանական հատվածի համարՙ մինչեւ 120 մլն դոլար։ Գազամուղով տարեկան Հայաստան կներմուծվի 1-1,1 մլրդ խմ գազ։ Գազի դիմաց Հայաստանը կվճարի մեզ մոտ արտադրված էլեկտրաէներգիայով։ Թե որքա՞ն եւ ինչ գնով Հայաստանն էլեկտրաէներգիա պետք է մատակարարի Իրանին, եւ ի՞նչ գնով իրանական կողմը պետք է գազ մատակարարի Հայաստանին, նախարարները չցանկացան պատասխանել, ասելով, որ այդ հարցերի հստակ պատասխանները պայմանագրով տրված են, բայց դա առեւտրային գաղտնիք է, որը իրենք չեն բացահայտի։

Իրանի նավթի եւ գազի նախարար Բիժան Զանգանեն պայմանագրի ստորագրումը նոր փուլ համարեց երկու երկրների բարեկամական հարաբերություններում։ Նա տեղեկացրեց, որ պայմանագիրը կնքվել է 20 տարի ժամկետով, եւ այդ ընթացքում պետք է Հայաստան արտահանվի 36 մլրդ խմ գազ։ Իրանական կողմը ֆինանսավորումը կիրականացնի Իրանի գազի արտահանման ընկերության միջոցներով։ Իսկ հայկական կո՞ղմը։ Այս հարցին Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ գազատարի կառուցմանը մասնակցելու եւ ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել ռուսական, ամերիկյան, չինական, բրազիլական ընկերություններ։ Հայկական կողմն այդ առաջարկներից կընտրի ամենաշահավետը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4