Հայաստանի տարածքն ամեն տարի սեղմվում է 1 սմ-ով. սա նորագույն տվյալ է, որ ստացվել է հայ-ամերիկյան համատեղ ուսումնասիրությունների միջոցով
Որ Հայաստանը գտնվում է սեյսմակտիվ գոտում, անառարկելի ճշմարտություն է։ Արաբական եւ Եվրասիական սարահարթերի միջեւ տեղավորված բոլոր տարածքներում, այդ թվում եւ մեր բնակատեղում լեռնագոյացման ակտիվ գործընթաց է տեղի ունենում։ Դրանց պատճառը Արաբական սարահարթի դեպի հյուսիս շարժումն է։ Հայաստանի, ինչպես եւ ամբողջ Կովկասի լեռները ամեն տարի 1 սմ-ով հասակ են առնում, եւ զուգընթաց մեր տարածքը տարեկան 1 սմ-ով սեղմվում է։ Սեղմվելը հանգեցնում է երկրակեղեւի ձեւախեղումների, որոնց հաջորդում է ճեղքերի, այսինքն երկրաշարժերի առաջացումը։ Սա նորագույն տվյալ է, որ ստացվել է մեր գիտնականների հետ ԱՄՆ-ի օդագնացության ինստիտուտի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանիՙ տիեզերքից համատեղ ուսումնասիրությունների շնորհիվ։
Մեր հանրապետությունում երկրակեղեւի ցնցումների վտանգը միշտ կա, եւ դրանից խուսափել չի լինի, քանի որ Արաբական սարահարթի «քայլքը» եւ իբրեւ հետեւանք լեռնագոյացումը մշտական են։ Տվյալների համաձայն, այսօր ձեւափոխումները խորանում են Հայաստանի հարավային շրջաններում։ Այսինքն, ուզենք թե չուզենք, պիտի հաշվի նստենք ճակատագրով մեզ բաժին հասած տարերային աղետի տեսակի մշտական հավանականության հետ։ Այսինքն, երկրաշարժի դեմ սթափությունն ու զգոնությունը ազգային անվտանգության խնդիր է, անխուսափելի իրականության պարտադրած պահանջ։ Հայաստանում այսօր տրամագծորեն հակառակ իրողություններ են առկա։ Պաշտպանական դաշտը, նվազ բացառություններով, նույնքան անկարող է ու թույլ, ինչպես 1988 թվականին։
Տեսականորեն կարծես թե ամեն ինչ կարգին է։ 1992-2002 թթ. հանրապետությունում ձեւավորվեց սեյսմիկ 150 կայանների ցանց, որոնց տվյալների համատեղումը հնարավորություն է տալիս իմանալու, թե ինչ է կատարվում մթնոլորտում, ջրոլորտում, երկրակեղեւում։ Հայկական հսկողական ցանցը միացել է միջազգային հանգույցներին։ Ընդ որում սա միակ ասպարեզն է, որ Հայաստանը ուղղակիորեն ինտեգրվել է տվյալների օպերատիվ մշակման միջազգային ցանցին։ Մեր գիտնականները ստեղծել են նաեւ Հայաստանի սեյսմիկ քարտեզ, որը նշում է առավելագույն (10 բալի հավանականությամբ) եւ համեմատաբար նվազ (8 բալի հավանականությամբ) գոտիները։ Եթե նկատի առնենք, որ մեր բոլոր շենքերը կառուցվել են 7 եւ 8 բալ ուժգնությանը դիմակայելու հաշվարկով, կարելի է ասել, որ հանրապետության բնակավայրերի գերակշիռ մասը ենթակա է սեյսմիկ բարձր ռիսկի մշտական վտանգի։
Մանրակրկիտ ուսումնասիրվել է նաեւ Երեւանի սեյսմիկ վիճակըՙ յուրաքանչյուր թաղամասի կտրվածքով։ Քարտեզի վրա ուրվագծվել են այն բոլոր ակտիվ օջախները, որտեղից հավանական է հարված Երեւանի ուղղությամբ։ Տեղեկություն կա տարբեր տեխնոլոգիաներով կառուցված յուրաքանչյուր բազմահարկի վերաբերյալ։ Դրանց մի մեծ բաժին կառուցվել է սեյսմիկ տարածքի համար ամենաանընդունելի նախագծերով։ Երբ ճանաչված սեյսմոլոգ Սերգեյ Բալասանյանին հարցրեցի, թե Երեւանի որ թաղամասերն են առավել անպաշտպան երկրաշարժից, նա ուղղակի պատասխանեց. «Բոլոր այն հատվածները, ուր կտեսնեք հարկերի բարձրացման մեթոդով կառուցված բազմահարկեր։ Երկրաշարժի ժամանակ դրանք բոլորը թղթե տնակի նման փլվելու են»։ Ցավալի իրականություն է, որ մայրաքաղաքի բնակելիների մեծ մասը կառուցված է շինարարական հենց այդՙ ցնցումների համար աննպաստ տեխնոլոգիայով։ Իհարկե, երկրաշարժից հետո աղետի գոտում սեյսմակայուն տեխնոլոգիաներովՙ ճկուն հարկերի եւ ռետինամետաղային մեկուսիչների տեղադրմամբ բազմաթիվ շենքեր կառուցվեցին հատկապես Գյումրիում, Վանաձորում եւ Սպիտակում։ Սակայն պրոբլեմի խորության համապատկերում դրանք ընդամենը կաթիլ են ծովի մեջ։
Առավել վատ է Երեւանի վիճակը։ Այստեղ ոչ միայն պատրաստ չենք դիմադրելու երկրաշարժին, այլեւ ամեն պահ մեծացնում ենք ռիսկի աստիճանը։ Խոսքը անվերահսկելի շինարարությունների, յուրաքանչյուր երկու մետրը մեկ կառուցապատումների, բազմահարկերի հիմքերը զանգվածաբար թուլացրած սպասարկման նկուղային կետերի մասին է։ «Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանում, նման է խնջույքիՙ ժանտախտի ժամին։ Երեւանում սեյսմիկ ռիսկը նվազելու փոխարեն, ամեն պահ աճում է», ասում է Սերգեյ Բալասանյանը։
Բնակարանների կամայական վերակառուցումները եւս վտանգ են ոչ միայն բնակարանատիրոջ, այլեւ ողջ շենքի համար։ Այսինքն, ամեն ինչ արվում եւ արվել է շենքերը առավելագույնս թուլացնելու համար։ Հողը երերուն է հատկապես թույլ գրունտների վրա կառուցված շենքերի համար։ Եթե այս ամենին գումարենք նաեւ տասնամյակներ կապիտալ նորոգումների չենթարկված բնակֆոնդի վիճակը, պատկերը լիակատար կլինի։ Իսկ տարբեր աստիճանի վթարայնությամբ շենքերի մասին ավելորդ է խոսելը։ Երկրաշարժի ավերածությունների ու հավանականության գնահատումը լոկ տեսական մակարդակի վրա, մեզ ամենեւին չի ապահովագրում վտանգից։
Երկրաշարժերի օրվա ու ժամի կանխագուշակումը առայժմ գիտության ուժերից վեր խնդիր է։ Սակայն դա չի նշանակում, թե պետք է մոռանալ սեյսմապաշտպանության հետեւողական քաղաքականության մասին։ Ճապոնիային էլ վիճակված է նույն ճակատագիրը, սակայն այնտեղ վաղուց գործում են պաշտպանության հզոր համակարգեր, որոնց շնորհիվ աղետները ավարտվում են եւ մարդկային, եւ նյութական նվազագույն կորուստներով։ Զարգացած երկրներում երկրաշարժերի դեմ կիրառվող գլխավոր միջոցը ոչ միայն շինարարական նորագույն տեխնոլոգիաներն ու դրանց միջոցով շենքերի պարբերական ամրացումներն են, այլեւ ապահովագրական հզոր կառույցները։ Եվ սրանք, եւ պետությունն ինքը պարտադրում են բնակչին ապահովագրել իր տունը, որովհետեւ զոհերի ու կորուստների դեպքում բազմապատիկ վնասները նաեւ իրենք են կրելու։ Ապահովագրական կազմակերպությունները ապահովագրելուց առաջ բնակչին անպայման պարտադրում են ամրացնել բնակարանը։ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է։ Նույնիսկ եթե այդ համակարգը մեզանում ձեւավորված լիներ, ապահովագրելու շատ քիչ բան կունենար։ Որովհետեւ առանց համապատասխան երաշխիքների ոչ մի այդպիսի կառույց ռիսկի չի ենթարկվի։ Ե՛վ շենքերի ներսում, ե՛ւ դրսում ամեն ինչ արվում է մեծաթիվ փլուզումների ու զոհերի սպառնալիքն իրական դարձնելու համար։ Զարմանալի է, բայց դա տեղի է ունենում դարեր շարունակ երկրաշարժեր տեսած երկրում։
Երկրակեղեւի ցնցումների վերաբերյալ գիտական ուսումնասիրություններն ապացուցում են նույն տարածքում ավերիչ երկրաշարժերի կրկնելիության դաժան ճշմարտությունը։ 1926 թ. Գյումրու ավերիչ երկրաշարժին հաջորդեց 1988-ը։ 1679 թվականին Գառնին հիմնահատակ ավերվեց։ Եվ որքան հեռանում ենք նախորդ ժամանակահատվածի երկրաշարժերից, այնքան մոտենում ենք նոր երկրաշարժերի հավանականությանը։ Առավել եւս, որ մեր տարածաշրջանում, հենց Հայաստանի հարեւանությամբ տեղավորված երկրներում անընդմեջ ուժեղ ցնցումներ են լինում, այսինքն երկրի ընդերքում ձեւախեղումները համատարած բնույթ ունեն։ Արդեն երկրաշարժ ապրած տարածքներից դեֆորմացիաները տեղաշարժվում են շրջակա այլ գոտիներ, եւ դա նույնպես վաղուց ապացույցների կարիք չի զգում։ Եթե այսօր կամ վաղը մեզ շրջանցում է աղետը, չի նշանակում, որ բնությունը միշտ գթասիրտ է լինելու մեր նկատմամբ։
Հանրապետության ողջ տարածքում սողանքների առատությունն ու աշխուժացումը եւս վկայում են երկրի խորքի ակտիվ գործընթացների մասին։ Սողանքները ընդամենը ամեն տարի 1 սմ հասակ առնող լեռների ամբողջականության խախտումներ են, որոնք սադրում են հողի հոսունություն։
1988-ի երկրաշարժից հետո սեյսմապաշտպանական քաղաքականության միակ շոշափելի արդյունքը բնակչության իրազեկման մակարդակի անհամեմատ բարձրացումն է, սակայն դա ոչինչ է առանց գործնական միջոցառումների։ Հասկանալի է, որ մեր պետությունը միջոցներ չունի նման լայնածավալ գործողությունների համար։ Սակայն հայ սեյսմոլոգների հավաստմամբ, ներկա պահը նպաստավոր է այնքանով, որ միջազգային ֆինանսական խոշոր կենտրոնները հաճույքով են ֆինանսավորում նման ծրագրերը։ Օրինակներից մեկը հակասողանքային պայքարի ճապոնական դրամաշնորհի մեկնարկն է Հայաստանում։ 1988-ի աղետից հետո նրանք աշխույժ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հանդեպ։ Ուշանում են միայն պետական կամքի ու վճռականության արտահայտությունները։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ