Համագործակցում են տարածաշրջանի էկոլոգ լրագրողները
Հարավային Կովկասի «Տարածաշրջանային էկոլոգիական կենտրոն» կազմակերպությունը իր երկրորդ աշխատանքային խորհրդաժողովը երեկ անցկացրեց Երեւանում։ Նրա նորՙ «ԶԼՄ-ները եւ հասարակության մասնակցության միջոցները» ծրագիրը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի լրագրողների համագործակցություն։ Հայաստանում նախագծի ազգային կոորդինատորը «Նոյյան տապան» գործակալության լրագրող Ինգա Զարաֆյանն է։
Սոցիալականի սրված խորքի վրա բնապահպանական հիմնախնդիրները վատ են լուսաբանվում 3 երկրներում էլ։ Հայաստանում այս թեմատիկայով մասնագիտացած լրագրողների մատների վրա կարելի է հաշվել։ Մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են լուրջ հետաքննական հոդվածներ, բայց, որպես կանոն, դրանք իշխանությունների համարժեք արձագանքին չեն արժանանում, եւ պրոբլեմները մնում են թղթի վրա։ Լրագրողների աջակցության ու նրանց մասնակցության ամպլիտուդը վերին նիշի հասցնելով ծրագիրը ակնկալում է Հարավային Կովկասի տվյալների հարուստ բազա ստեղծել, որոնք հետագայում հիմք կդառնան Կովկասի էկոլոգիական կոնվենցիայի մշակման համար։
Էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը հասարակությանը ներգրավելու միջոցով 3 հանրապետություններում առաջին քայլերը կարվեն բնապահպանական տեղեկատվության մատչելիության երաշխիքներ ստեղծելու, հատկապես շրջակա միջավայրի վերաբերյալ կառավարական որոշումներ ընդունելուց առաջ հասարակության հետ հաշվի նստելը իշխանությունների համար հոգեբանություն ու գործելաոճ դարձնելու համար։ Այս առաքելության իրականացումը խիստ բարդ է այն պարզ պատճառով, որ անցած 10 ու կես տասնամյակում միանգամից անկախություն ձեռք բերած կովկասյան հանրապետությունները ընկղմվեցին աղքատության ու սոցիալական ճգնաժամերի մեջ։ Եվ առաջին զոհը ամենուր բնությունը դարձավ։ Բայց Կովկասի էկոլոգիական տանիքը նույն միս ու արյունն ունի, եւ նրա առողջությունը հավասարապես կարեւոր է 3 հանրապետությունների բնակչության համար էլ։
Այսպես ասածՙ հրթիռային ենթածրագրեր իրականացնելու համար 3 հանրապետություններում արդեն ընտրվել են 8 բնակավայրեր, ուր իրավիճակի գնահատման ուսումնասիրություններ են կատարվելու։ Հայաստանում դրանք Շվանիձոր եւ Շիկահող գյուղերն են, Ադրբեջանումՙ Ենիել եւ Սիս, Վրաստանումՙ Չիորան եւ էլի 4 գյուղեր Կաբարդինա-Բալկարիայում եւ Հյուսիսային Օսիայում։ Նշված բնակավայրերում սերտ կապեր կստեղծվեն տեղի բնակչության եւ տեղական իշխանությունների հետ, որոշ դեպքերում հուշելով նաեւ այդ գյուղերի տնտեսական զարգացման խելամիտ ուղղություններ։ Նախագիծը կիրականացվի 4-5 տարվա մեջ։ Այդ ընթացքում փորձի ու տվյալների ակտիվ փոխանակություն կլինի ոչ միայն հետազոտվող գյուղերի, այլեւ նրանց եւ Կովկասի մյուս շրջանների միջեւ, ուր նույնպես գործում են բնապահպանական շահագրգիռ կազմակերպություններ։ Հարավային Կովկասի պետական կառույցներին օգնելու համար տարածաշրջանային կենտրոնը պետական կառույցներին ֆինանսական, տեխնիկական ու փորձագիտական օգնություն կառաջարկի։
Ծրագրի գլխավոր բաղադրամասերից է դրամաշնորհների տրամադրումը էկոլոգիական հասարակական կազմակերպություններին, որոնցից շատերի աշխատանքին ընդհանրապես անտեղյակ է բնակչությունը։ Այդ դրամաշնորհները կօգտագործվեն ԶԼՄ-ների եւ նրանց միջեւ կապեր ստեղծելու, արդյունավետ աշխատանք ապահովելու համար։ Ի դեպ, նոր ծրագիրը մտադիր է խրախուսել լրագրողական ուշագրավ հրապարակումները, այն լրագրողներին, ովքեր հետեւողական են պրոբլեմների ճակատագիրը հստակեցնելու հարցում։ Նրանք կարող են հոդվածներ տպագրել նաեւ կազմակերպությանՙ «Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական նորություններ» ամսագրում։
Հայաստանում շատ շուտով կմեկնարկեն մեդիա-արշավները։ Լրագրողական պրակտիկայում այս հազվադեպ կիրառվող սկզբունքը հնարավորություն կտա լինել «թեժ կետերում», տեղում ծանոթանալ էկոլոգիական հիմնախնդրի էությանը։ Ի դեպ, կենտրոնի վրացական մասնաճյուղն առաջարկել է կազմել տարածաշրջանի առանց աշխարհագրական սահմանների էկոլոգիական քարտեզը, եւ հատուկ տեղեկագիրՙ տարածաշրջանի ռիսկային գոտիների, ամեն երկրում ազգային մակարդակով բնապահպանական ավանդույթների նկարագրությամբ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ