Ո՞րն էր նրա այցելության նպատակը
Մայիսի 17-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 1-օրյա աշխատանքային այցով Անկարայում եղավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը։ Թուրքիայի ղեկավարների հետ նրա հանդիպումների, առավել եւս քննարկված հարցերի մասին թուրքական լրատվամիջոցները կարեւոր մանրամասներ չեն հաղորդել։ Այսինքնՙ մեր թերթի գրածն ուժի մեջ է։ Պարզապես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բլերին առաջարկել է ամառային արձակուրդներն անցկացնել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում»։
Հարկ է, սակայն, նշել, որ մամուլում Բլերի հանդիպումների մանրամասների բացակայությունն ամենեւին չի ենթադրում հանդիպումներում կարեւոր առաջարկների բացակայություն։ Այն առումով, որ սա վարչապետ Բլերի առաջին այցն էր Թուրքիա, Մեծ Բրիտանիայից վարչապետի մակարդակով վերջին այցը կատարվել էր ուղիղ 14 տարի առաջ։ Չնայած այս ամենին, Թոնի Բլերը Թուրքիայում է մնացել ընդամենը 6 ժամ։ Ուրեմն նա 14 տարվա ընդմիջումից հետո 6 ժամով Անկարա այցելելու համար լուրջ պատճառ պիտի ունենար։
Խոսքը տվյալ դեպքում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություններին Անգլիայի աջակցության կամ Կիպրոսի թուրքական հատվածի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացման մասին լինել չի կարող։ Բլերի պատճառը որքան լուրջ, նույնքան էլ հրատապ պետք է լիներ։ Ո՞րն էր դաՙ դժվար է կռահել։ Բայց որ հունիսի 28-29-ը Ստամբուլում գումարվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին հրավիրվելու են նաեւ արաբական որոշ երկրներՙ կապված «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրի հետ եւ ԱՄՆ-ը պատրաստվում է այդ ծրագրում «ուժային կենտրոնի» դեր հատկացնել Թուրքիային, ակնհայտ է։
Այլ կերպՙ թուրք-ամերիկյան հակասությունների պայմաններում Վաշինգտոնին նախընտրելի է իր պահանջները թուրքական իշխանություններին ներկայացնել ոչ թե ուղղակի, այլ Բլերի միջոցով։ Այլապես վարչապետ Բլերի 6-ժամյա այցելությունը, երբ Էրդողանը նրա պատվին ճաշկերույթ է տալիս, այսինքնՙ 1-2 ժամ վատնվում է ճաշկերույթի համար, որեւէ նպատակի չէր ծառայի, ոչ էլ կողմերը կհասցնեին ծրագրով նախատեսվող հարցերը քննարկել։ Ամփոփելու դեպքում ստացվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետին այդ 6 ժամվա ընթացքում ընդունում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, ապա նա հանդիպում է վարչապետ Էրդողանին, հանդիպմանը հետեւում է մամուլի համատեղ ասուլիսը, այնուհետեւ մասնակցությունը ճաշկերույթին։ Սա ծրագրով նախատեսվող հարցերի քննարկման դեպքում ճշմարտանման չէ։
Ինչ վերաբերում է Թուրքիային «ուժային կենտրոնի» դերի հատկացմանը, ապա դա ենթադրում է «Ինջիռլիքի» ռազմաբազայի ընդլայնում, հետագա հզորացման հաշվարկներով եւ երկրի տարածքում Մ. Նահանգների նոր ռազմաբազաների տրամադրում։ Այս ամենի առումով ուշագրավ է «Ջումհուրիեթի» մայիսի 18-ի համարը։ Հատկանշական է, որ թուրքական մյուս թերթերը նույն օրվա համարներում որպես առաջնորդող լուր անդրադառնում են Թոնի Բլերի այցին, իսկ «Ջումհուրիեթը»ՙ Թուրքիայի տարածքում նոր ռազմաբազաներ տեղակայելու ԱՄՆ-ի պահանջին։
«Ջումհուրիեթն» այդ պահանջը պատճառաբանում է Մերձավոր եւ Միջին Արեւելքը, Անդրկովկասն ու Կասպյան ավազանը վերահսկելու Մ. Նահանգների ձգտումներով եւ կարծիք է հայտնում, որ վերջինը վերահսկողության նպատակով առաջարկում է «Ինջիռլիքի» ռազմաբազայի տարածքը նոր ինքնաթիռների տեղակայման համար ընդարձակել եւ ստեղծել 3 ռազմածովային բազա, մեկըՙ Սամսունում, մյուս 2-ըՙ Տրապիզոնում։
Ըստ «Ջումհուրիեթի», նախագահ Ջորջ Բուշի վարչակազմն իր պահանջները պաշտոնական Անկարային արդեն հաղորդել է։ Դրանք ենՙ «Ինջիռլիքն» ընդարձակել եւ ավելացնել դրա ռազմական հզորությունները, ընդարձակված այդ ռազմաբազայում տեղաբաշխել 48 ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, որոնց թվում են F-18 եւ F-19 մակնիշի ինքնաթիռներն ու 10 լցարկիչ ինքնաթիռներ, դրանց սպասարկման համար բազայի տարածքում տեղաբաշխել 1000 ամերիկացի զինծառայող, Սեւ ծովի առափնյա քաղաքներ Տրապիզոնում եւ Սամսունում ստեղծել 3 ռազմածովային բազա, Կոնիայի շրջանումՙ նոր զինափորձարան, Անդրկովկասում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում ու Կասպյան ավազանում Թուրքիան դարձնել ամերիկյան ուժային կենտրոն։
Ամենայն հավանականությամբ, հարցի էությունը Վաշինգտոնի պահանջներով չի սահմանափակվում, այլ դրանց ուղղությամբ կատարվում է նախապատրաստական աշխատանք։ Թեեւ այդ աշխատանքները կարող են վերջնական տեսքի բերվել հունիսի 28-29-ը ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովի նախօրեին այն պարզ պատճառով, որ նախագահ Բուշը գագաթաժողովին մասնակցելուց առաջ Անկարա է այցելելու, բայց եւ այնպես չի բացառվում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի 6-ժամյա այցելությունը պայմանավորված լինի հենց այդ պահանջներով։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ