Մշակույթի նոր նախարար Հովիկ Հովեյանի պաշտոնավարման մի ամիսն էլ դեռ չի լրացել, սակայն նա անցել է «Օրինաց երկիր» կուսակցության տիրույթների ընդարձակման «ազնիվ» գործին։ Դեռ ոչինչ, որ նախկինում անկուսակցական բանաստեղծն անմիջապես օրինացերկրական դարձավՙ նախարարի պաշտոնը ձեռքից բաց չթողնելու համար։ Խնդիրն ավելի բարդ է, քանի որ նույն կուսակցության պարտադրանքով նրա առաջին քայլերը միտված են մշակութային օջախներում «Օրինաց երկրի» դիրքերն ամրապնդելուն, որն արվում է տնօրենների պաշտոններին տիրանալով։
Մեզանում խորանում է կուսակցական շահերով առաջնորդվելու մոլուցքը, որը հիվանդագին դրսեւորումներ է ստանումՙ չարիք դառնալով դեռեւս իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալ մարդկանց գլխին։
Պաշտոն ստանալու համար այլեւս առանձնակի շնորհներ պետք չեն, մասնագիտական բազմակողմանի հմտություններ ունենալու կարիք չկա, կուսակցական դառնալը լիուլի բավական է։
Երեկ ժուռնալիստների միությունում պետք է տեղի ունենար Երեւանի պետկրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի մամլո ասուլիսը, սակայն վերջինիս ընկերոջ մահվան պատճառով ասուլիսը հետաձգվեց։ Ինչպես արդեն հայտնի է, 2 օր առաջ մշակույթի նախարարի հրամանագրով պետկրկեսի տնօրեն է նշանակվել «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ Անդրեաս Սրապյանը, որը նախկին նախարար Թամար Պողոսյանի խորհրդականն էր։
Ապշեցուցիչ է, որ ցուրտ ու մութ տարիներին պետկրկեսը փրկած, վերջին 1, 5 տարում զգալի հաջողություններ ձեռք բերած տաղանդավոր արվեստագետին աջակցելու փոխարենՙ նրանից ուղղակիորեն խլվում է ղեկավարի պաշտոնը։
Խոսակցություններ կան, որ պետկրկեսը «Լինսի» ծրագրից դուրս է թողնվել միտումնավոր, ապագա տնօրենի «առավելություններն» ընդգծելու հեռահար նպատակով։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ