Տեխնոլոգիական միջոցներըՙ առայժմ անմատչելի
«Մյուս տարեվերջին Պուշկինի լեռնանցքում կգործի առաջին հողմէներգետիկ կայանըՙ տարեկան 5 մլն կվտ. ժամ հզորությամբ։ Այն կառուցվում է իրանական դրամաշնորհով։ 3 տարի անց Սոթքի լեռնանցքում (Վարդենիս) պատրաստ կլինի նաեւ երկրորդ հողմակայանը», այս մասին լրագրողներին հայտնեց «Սոլարեն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վիկտոր Աֆյանը։ Այս կազմակերպությունը զբաղվում է այլընտրանքային էներգիայի զարգացման խնդիրներով։ Դրանք էներգիայի հայթայթման գլխավոր միջոց են ծառայելու, եթե Եվրամիության պահանջով, ի վերջո, դադարեցվի ատոմակայանի աշխատանքը։ Հայաստանում բնական տվյալները բավարար են այս ճյուղը զարգացնելու համար։ Քամիներն առավել ուժեղ են հարավային շրջաններումՙ Սյունիքում ու Զանգեզուրում, նաեւ Սեւանա լճի հյուսիսային հատվածներում, Արագածի ստորոտում, Քարախաչում։ Պաշարագիտական ուսումնասիրությունները հողմէներգիայի հսկայական ներուժ են նշումՙ 400-450 մգվտ հզորություն, որը կազմում է ատոմակայանի արտադրած էներգիայի 1/3-ը։ Թերեւս միայն այս ճանապարհով ստացված հոսանքի սեզոնային բնույթն է, որ բացասական հայտանիշ է ծրագրի նախընտրելի լինելու տեսանկյունից, եւ աշխարհագրական բարձր տեղանքների առկայությունը։
Էներգիայի ձեռքբերման մյուս իրական ուղին փոքր հիդրոկայաններն են, որոնք արդեն մի քանի տասնյակի չափ կան Հայաստանում։ Սրանք բացառապես մասնավոր սեփականություններ են։ Ըստ «Սոլարեն» ՍՊԸ-ի հողմէներգետիկ ծրագրերի ղեկավար Արթուր Լալայանի, ե՛ւ քամու, ե՛ւ հիդրոպաշարները հավասար են։ Հասարակական ծառայությունների պետական հանձնաժողովի հաշվարկների համաձայն, այս ճանապարհով ստացված 1 կվտ. ժամ էներգիայի սակագինը կկազմի 7 ցենտ։
Էներգիայի այլընտրանքային միջոցները, այնուամենայնիվ, Հայաստանի համար թանկ հաճույք են։ Այսպես, 1 մգվտ հողմակայանի կառուցման համար 1 մլն դոլար է անհրաժեշտ։
Եվ ջրից, եւ հողմի պաշարներից բազմապատիկ ավելի է արեւի ջերմությունից ստացվելիք էներգիան։ Վիկտոր Աֆյանը նշում է, որ եթե հնարավոր լինի 16 քառ. կմ տարածքի վրա արեւային ջրատաքացուցիչներ տեղադրել, ապա Հայաստանի էներգիայի պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի։ «Սոլարենն» արդեն ստեղծել է արեւային առաջին ջրատաքացուցիչները, որոնք եվրոպական ու միջազգային բոլոր ստանդարտները բավարարում են եւ համապատասխան սերտիֆիկատներ ունեն։ Դրանցից օգտագործում են առայժմ միայն Հայաստանի ամերիկյան համալսարանըՙ օդափոխության համակարգն աշխատեցնելու համար, եւ մասնավոր առանձնատների տերերը։ Միջին ապրելակերպի անձանց համար, սակայն, արեւային ջրատաքացուցիչն անմատչելի է, քանի որ միայն սարքի արժեքը 300 դոլար է։ Սակայն եթե նկատի առնենք, որ ջեռուցման կենտրոնացված համակարգն արդեն անցյալ է դառնում Հայաստանում եւ խոսվում է լոկալ ջեռուցման մասին, ապա սրա հեռանկարը նախընտրելի կարող է դառնալ։ Լոկալ ջեռուցման համակարգի միայն տեղադրման ծախսերը նշվում են 400-600 դոլար, գրեթե նույնքան, ինչ ջրատաքացուցիչների դեպքում։ Առավել եւս, եթե ջրատաքացուցիչների ներդրումից հետո էներգիայի ձեռքբերումն այլեւս անվճար է դառնում։ Դա շահավետ հեռանկար կարող է լինել հատկապես հասարակական բաղնիքների համար։
Շատ երկրներումՙ Գերմանիա, Անգլիա, Իսրայել, Կիպրոս, արեւային էներգիայի օգտագործումը վաղուց է։ Իսրայելում նույնիսկ մասնավոր շինությունների նախագծերն առանց ջրատաքացուցիչների չեն հաստատվում։
Առաջին քայլերն են արվում նաեւ կենսագազից հոսանք ստանալու ուղղությամբ։ «Ագրոսպասարկում» անասնապահական ֆերմայում տեղադրվել է 25 խմ տարողությամբ սարքավորում, որը հեղուկ գոմաղբի այրման միջոցով ապահովում է 20-30 խմ գազի արտադրություն։ Հաշվարկվել է, որ Հայաստանում այսօր գործող նմանատիպ կազմակերպություններում նման սարքավորումներ տեղադրելու միջոցով տարեկան հնարավոր է ստանալ 900 հազար մգվտ. ժամ էներգիա։
Եվրամիությունը ատոմակայանն անհապաղ փակելու պահանջ է ներկայացրել Հայաստանին։ Այդ գործընթացն առավելագույնս անվտանգ իրականացնելու համար 1 մլրդ դոլար է անհրաժեշտ։ Մեր պետությունը 800 մլն դոլարի ներդրման առաջարկ է ներկայացրել Եվրամիությանը, վերջինս մերժել է։ Այնուամենայնիվ, առանց էներգիայի այլընտրանքային աղբյուրների անհնար է իրականացնել ատոմակայանի փակումը։ Ե՛վ վնասազերծման, ե՛ւ այլընտրանքային աղբյուրների կառուցման աշխատանքները հսկայական ֆինանսներ են պահանջում, եւ եթե դրանք նույնիսկ առկա էլ լինեն, այլընտրանքային ուղիներով էներգիայի ստացումը տասնամյակ կարող է տեւել։ Այս համոզման են ոլորտի մասնագետները։
Իսկ ատոմակայանն արդեն, ըստ որոշ մասնագետների, սպառել է շահագործման թույլատրելի ժամկետները, ինչքան էլ նրա անվտանգության վերաբերյալ հավաստիքներ ներկայացվեն մեզ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ