Մնում է, որ վերանա նաեւ ցեղասպանության տաբուն
Հայտնի թուրք հասարակագետ, պատմաբան Թաներ Աքչամը քաջածանոթ է հայ հասարակությանը։ Նա, ինչպես այդ մասին մայիսի 15-ի համարում տեղեկացրել է «Ազգը», Մ. Նահանգների եւ Կանադայի համալսարաններում հրապարակային դասախոսություններ է կարդում իր նորՙ «Կայսրությունից հանրապետություն. թուրքական նացիոնալիզմը եւ հայկական ցեղասպանությունը» աշխատության մասին։ Ցավոք, աշխատությունը մեզ չի հասել, ինչը հնարավորություն չի տալիս անդրադառնալու դրա բովանդակությանը։ Բայց որ Աքչամի գիտական յուրաքանչյուր գործունեություն նպաստում է Հայոց ցեղասպանության վրա Թուրքիայում դրված տաբուի հետզհետե վերացմանը, ակնհայտ է։
Հատկանշական է, որ Թաներ Աքչամը, բացի Թուրքիայում տաբուի վերացմանը նպաստելուց, տարբեր հոդվածներով ընդգծում է դրա անխուսափելիությունը, ընդ որում ելնելով պահպանման սնանկությունից։ Այդպիսի հոդվածներից մեկը նա հրապարակել է Ստամբուլում հրատարակվող «Ակօսի» մարտի 26-ի համարի իր մշտական սյունակում։ Ահա թե ինչ է գրում. «Ըստ երեւույթին հայկական հարցը Թուրքիայում առաջիկա ամիսներին եւ տարիներին ավելի մեծ ուշադրություն է գրավելու եւ քննարկման նյութ է դառնալու ավելի հաճախակի։ Դրա պատճառը շատ ու շատ պարզ է։ Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել էր 5 կարեւորագույն տաբուների հիման վրա։ Դրանցից առաջինն այն էր, որ Թուրքիայում դասակարգեր գոյություն չունեին։ Երկրորդըՙ չէր ընդունում քրդերի գոյությունը, նրանք իբր լեռնային թուրքեր էին։ Երրորդի համաձայն, Թուրքիայի հասարակությունն աշխարհիկ էր եւ չէր կարելի հիշատակել երկրում իսլամական մշակույթի ազդեցության մասին։ Ըստ չորրորդիՙ Հայոց ցեղասպանություն չէր եղել։ Այս չորս տաբուների մասին խոսելը հանցանք էր համարվում եւ պատժվում թուրքական քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Երկրում որպես տաբուների պահապան հանդես էին գալիս թուրքական զինված ուժերը, հետեւաբար արգելված էր նաեւ նրանց քաղաքական դերի մասին արտահայտվելը։ Սա զինված ուժերին դարձնում էր հինգերորդ տաբու։
Թուրքիայի պատմությունն իրականում տաբուների եւ արգելքների դեմ ընդվզումների պատմությունն է։ Նախ ընդվզել են ձախակողմյաններըՙ ասելով. «Երկրում դասակարգերի առկայությունն անժխտելի փաստ է, մենքՙ նմանապես»։ Նրանց հետեւեցին քրդերն ու իսլամականները։ Պետական յուրաքանչյուր հեղաշրջում ուղղված է եղել տաբուների վերացման դեմ այն պատճառաբանությամբ, թե ընդվզողներն իբր ուզում են կործանել Թուրքիայի Հանրապետությունը։
Բոլոր ընդվզողներին ճնշել են։ Թեեւ ընդվզողները նպատակին չեն հասել, նրանց առաջ քաշած ճշմարտություններն ընդունելություն են գտել։ Այսօր Թուրքիայում դասակարգերը, քրդերը, իսլամական մշակութային արժեքները տաբու չեն, ոչ էլ հանցանք է նրանց մասին խոսելը։
Այդ տաբուների պաշտպան զինված ուժերի եւ երկրում իշխանությունների վրա նրանց անվերապահ ազդեցության մասին խոսելն էլ փակ թեմա չի համարվում։ Այսինքնՙ վերացել է նաեւ զինված ուժերի գործունեության վրա դրված տաբուն։
Մնացել է մեկ տաբու, դա հայկականն է։ Թերեւս դա է պատճառը, որ այս տաբուի շուրջ բանավեճերն առաջիկայում դառնալու են օրակարգի խնդիր։ Ընդ որում, եթե մյուս տաբուների վերացման համար պայքարողները ձգտում էին երկրում հասարակական պետական այլ մոդել ստեղծել, հայկական տաբուի վերացման համար պայքարողներն ընդամենը պահանջելու են «ճշմարտությունները մատչելի դարձնել բոլորին»։ Իսկ դա պետական ներկա համակարգի հետագա ժողովրդավարացման անհրաժեշտ նախապայման է։ Ուրեմն, հայկական տաբուի վերացման համար պայքարողներին մեղադրելն ավելի դժվար է լինելու, քանի որ նրանց պահանջը ժողովրդավարական պահանջ է եւ վերին աստիճանի պարզ։ Ցանկության դեպքում կարող եք այդ պահանջը նույնացնել թուրք մարդու «նորմալացման» ցանկության հետ»։
Հ. Չ.