«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2004-05-19 | #92, 2004-05-20 | #93, 2004-05-21


ԱՄՆ-Ը ԵՎ ՆԱՏՕ-Ն ԱՅՍՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԿԴԱՐՁՆԵՆ «ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ»

Ամերիկացի զինվորականները եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները մտադիր են Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը դարձնել «բարեկամական եւ բարեկեցիկ» պետություններ։ «Բոստոն գլոբ» թերթի տվյալներով, այդ մասին խոսվել է գերմանական Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքի Մարշալյան կենտրոնում կայացած երկօրյա խորհրդաժողովում։ Ներկա են եղել պաշտոնական անձինք Թբիլիսիից եւ Երեւանից։

Արեւմտյան զինվորականները Կովկասը համարում են Գվինեական ծոցից սկսվող եւ Մերձավոր Արեւելքով անցնող «անկայունության գոտու» մի մասը։ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը նախընտրում է տարածաշրջանում կանխիչ միջոցներ ձեռնարկելՙ նախքան խոշոր ճգնաժամի բռնկումը։

Գործընկերության առաջին օրինակը դարձավ Վրաստանը, որտեղ ամերիկացիներն իրականացրին ազգային բանակի վերապատրաստման 64 մլն դոլարանոց ծրագիր։ Այսրկովկասում Արեւմուտքի ռազմավարության կարեւոր տարրը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությունն է, որը գործարկվելու է տարեվերջին եւ կարող է ահաբեկչությունների թիրախ դառնալ։

Օգնության ծրագրերին մասնակցում են ՆԱՏՕ-ի ինչպես հին անդամները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Թուրքիա), այնպես էլ բալթյան հանրապետությունները։ Գերմանիան զբաղվում է պահեստի սպաների վերապատրաստմամբ, Մեծ Բրիտանիան իրականացնում է կրտսեր սպայակազմի ուսուցման ծրագրեր, իսկ Թուրքիան օգնում է նավթամուղի անվտանգության հարցերի համակարգմանը։ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան Հարավային Կովկասի երկրներին օգնություն են առաջարկում արդյունավետ սահմանային ծառայության ստեղծման գործում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4