Դա որպես կեղծարարության դրսեւորում հազիվ թե ծառայի նպատակին
Թուրքիան Հայոց ցեղասպանության փաստը հետեւողականորեն ժխտելիս կտրականապես հակադրվում էր նաեւ հայկական կոտորածների փաստին։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նախաձեռնությունները ցույց տվեցին դրա սնանկությունը։ Նախաձեռնություններին հակադրվելու հրամայականը ստիպեց թուրքերին վերանայել կեղծարարության ձեւերը։ Վերանայման հարցում նրանց օգնության հասան ֆրանսիացի թուրքագետ Ռոբեր Մանթրան եւ իսրայելցի պատմաբան Իցիահ Ֆրեյդմանը։
Մանթրան թուրքական «Թեմփո» շաբաթաթերթի 1998 թ. հունիսի 25-ի համարում թուրքերին առաջարկեց հայկական կոտորածներին հակադրել այսպես կոչված թուրքական կոտորածներըՙ ասելով. «Չպետք է հերքել կոտորածների իրողությունը, այլ շեշտել, որ կոտորածներ եղան, բայց թուրքերն էլ կոտորվեցին»։ Ֆրեյդմանն իր հերթին «Աքսիյոն» հանդեսի 1998 թ. հունիսի 20-ի համարում թուրքերի ուշադրությունը հրավիրեց հայերի կատարած կոտորածների վրա, թե «հայերն իրենց թուրք հարեւանների նկատմամբ, որոնց հետ գոյակցում էին դարեր շարունակ, բռնությունների դիմեցինՙ կատարելով չարագործություններ։ Էնվեր փաշան, վերագրավելով կայսրության հայաբնակ շրջանները, ինչ խոսք, վրեժ լուծեց, բայց հայերին չեն մորթել»։ Ըստ երեւույթին Մանթրայի շատ իմաստուն առաջարկությունն էր Ֆրեյդմանի չափից դուրս արժեքավոր խորհուրդը տեղ էին հասել, որ թուրքական պատմագրությունը հայկական կոտորածները հերքելու ուղղությամբ աշխատելու փոխարեն սկսեց երեւան հանել «թուրքերի նկատմամբ հայերի իրագործած եղեռնին» առնչվող փաստեր։
1998-ին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի խնդիր։ Ճանաչմանն արձագանքեցին Ֆրանսիայի գլխավորությամբ եվրոպական մի շարք երկրներ, որոնց վերջերս միացավ նաեւ Կանադան։ Այլ կերպՙ ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսեց հետզհետե ծավալվել։ Դա կասկածի տակ դրեց որպես կեղծարարության դրսեւորում «թուրքերի նկատմամբ հայերի իրագործած եղեռնին» առնչվող փաստերի վրա հենվելու արդյունավետությունը։ Դրանով պարզորոշ երեւաց, որ նպատակին չեն ծառայում ֆրանսիացի թուրքագետի առաջարկությունն ու իսրայելցի պատմաբանի խորհուրդը։
Այս պայմաններում թուրքերն այլ ելք չգտան, քան Հայոց ցեղասպանությունը քողարկել հայերի տեղահանությամբ։ Քողարկման առումով հատկանշական են Թուրքական պատմական ընկերության նախագահ եւ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի խորհրդի» անդամ Յուսուֆ Հալաչօղլուի «Հայկական տարագրությունը» եւ «Աքսոր եւ արտագաղթ» գրքերը, որոնք լույս են տեսել վերջերս։ Ի դեպ, երկու գրքերն էլ հրապարակել է Թուրքական պատմական ընկերությունը, պարզապես Հալաչօղլուն առաջինը գրել է, իսկ երկրորդըՙ խմբագրել։
Հալաչօղլուն իր գրքում տեսակետ է առաջ քաշում, թե իբր 1914-18 թթ. 658 հազար հայեր Օսմանյան կայսրությունից արտագաղթել են Ռուսաստան, Իրան, ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան, Արգենտինա, Ֆրանսիա եւ այլ երկրներ։ Ըստ հեղինակի, նույն թվերին դաշնակիցների բանակներում ծառայող հայ զինվորներից 200 հազարը զոհվել է։ Իսկ 1918 թ. իրենց նախկին բնակավայրերը վերադարձածների հետ կայսրության սահմաններում իբր 644 հազար 900 հայ է բնակվել։
Նա այս թվերը գումարում եւ կարծիք է հայտնում, որ հայերի թիվն Օսմանյան կայսրությունում արտագաղթածների, զոհվածների եւ տարագրությունից վերադարձածների հետ 1 մլն 492 հազար 900 էր, ուստի 1,5 մլն հայի բնաջնջման պնդումները հերյուրանք են։ Նրա տեսակետները նորություն չեն։ Պարզապես նա ընդունում է, որ տեղահանվել են ոչ միայն Ռուսաստանի սահմանակից շրջանների հայերը, այլեւ կայսրության մյուս շրջաններինը, տեղահանությունը համարում է «թերեւս դարաշրջանի ամենակազմակերպվածը», ապա եւ խոսում է տեղահանությունից խուսափելու համար կրոնափոխ եղած հայերի մասին։
Հալաչօղլուի գիտական անաչառության այս մտավարժանքների հիմքում Հայոց ցեղասպանությունը տեղահանությամբ քողարկելու միտումներն են։ Ինչ վերաբերում է «Աքսոր եւ արտագաղթ» գրքին, ապա դրանով էլ ընդամենը միտումներն են «հիմնավորվում»։ Ամերիկյան, անգլիական, գերմանական եւ օսմանյան արխիվային փաստաթղթերի հիման վրա գրված այս գիրքը փորձում է «մաթեմատիկական հաշվարկներով» հերքել Հայոց ցեղասպանության փաստը։ Ինչպե՞ս։ Ապացուցելով, որ 1914 թ. Օսմանյան կայսրության սահմաններում բնակվող 1,5 մլն հայերի թիվը 1918-ին կազմել է 1 մլն 479 հազար։
1915 թ. տարագրության որոշումը գրքում պայմանավորվում է Օսմանյան կայսրության դեմ Վանի, Բիթլիսի, Մարաշի եւ այլ վայրերի հայության ապստամբությամբ, իսկ որոշման համար հիմք են ընդունվում գերմանական հրամանատարության «համառ պնդումները» եւ ընդգծում, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղահանվել են 500 հազար հայեր, նրանց 400-500 հազարը իբր մնացել են բնակության վայրերում, 200 հազարը զոհվել է, բայց ոչ միայն որպես զինվոր ռազմական գործողությունների, այլեւ Անատոլիայում լայն տարածում ունեցող համաճարակների հետեւանքով։
Վերոհիշյալ աշխատությունները մեկնաբանության կարիք չեն զգում, պարզապես հերթական անգամ ապացուցում են, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ռազմավարությունը մնում է նույնը, մարտավարությունն է փոփոխության է ենթարկվում։ Հարկ է, սակայն, նշել, որ անկախ այդ փոփոխությունից, կեղծարարություն է ցեղասպանության քողարկումը տեղահանությամբ, իսկ դա, որպես կանխարգելիչ միջոց, հազիվ թե կասեցնի Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացի ծավալումը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ