Երկօրյա պաշտոնական այցով երեկ Անկարա ժամանած Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ Թուրքիան եւ Վրաստանը բնական դաշնակիցներ են։ «Վրաստանը նպատակադրված է շարունակելու Թուրքիայի հետ համագործակցությունը։ Մեր համագործակցության խորացմանը բացարձակապես ոչինչ չի խանգարում։ Մենք լավ ենք տեսել թուրք ժողովրդի բարի կամքը Վրաստանի հանդեպ», ասել է Սաակաշվիլին։
Երեկ Վրաստանի նախագահը հանդիպել է նախագահ Սեզերի, արտգործնախարար Գյուլի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ։ Նա չի հանդիպի վարչապետ Էրդողանին, քանի որ վերջինս այցով գտնվում է Ռումինիայում։
«Աջարիայում իրավիճակի կարգավորումից հետո, փաստորեն, հանվեց վերջին արգելքը, որը խոչընդոտում էր Վրաստանի եւ Թուրքիայի լիակատար հարաբերությունների խորացմանը։ Մենք բարձր ենք գնահատում թուրքական իշխանությունների Աջարիայի ճգնաժամի հանդեպ դրսեւորած չափազանց կառուցողական դերը», Սաակաշվիլու խոսքերը մեջբերում է «Նովոստի» գործակալությունը։
Թուրքական «Զամանը» մայիսի 20-ի համարում կարծիք է հայտնում, որ Սաակաշվիլին այցի ընթացքում Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն կհայտնի։ Այցն, ըստ «Զամանի», կարեւոր նշանակություն է ունենալու նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի հեռանկարի առումով։
Հիշեցնենք, որ իշխանության գալուց հետո Սաակաշվիլին այցելել է անմիջական հարեւան բոլոր չորս երկրների մայրաքաղաքներ։