«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2004-05-19 | #92, 2004-05-20 | #93, 2004-05-21


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ՓԱՅՓԱՅՈՂ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՈՒՆԵՆ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Կոնգրես» հյուրանոցում երեկ ֆանտաստիկ միտք հնչեցրեց. «Հայաստանում գնում է Եվրոպային փչացնելու քաղաքականություն»։ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ենոքյանը նկատի ուներ եվրոպական արժեքները Հայաստանում վարկաբեկելու իշխանությունների գործելաոճը։ Նա հերթական անգամ շեշտեց Հայաստանիՙ տարածաշրջանում եւ տարածաշրջանային գործընթացներից մեկուսանալու քաղաքականությունը, ինչպես նաեւ գործող իշխանություններիՙ հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու չկամությունը։ Սա, ի դեպ, այնքան էլ չի տարբերվում թուրքական տեսակետից։

Բայց երեկվա կլոր սեղանը, որ հովանավորել էր Բաց հասարակության ինստիտուտը (Սորոսի հիմնադրամ), բոլորովին այլ թեմայի էր վերաբերում. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2004 թ. ապրիլի 28-ին ընդունած թիվ 1374 բանաձեւը։ Զեկուցողներից Աղասի Ենոքյանը (թեմանՙ «Հայաստանի քաղաքական ուժերի դիրքորոշումը ԵԽԽՎ թիվ 1374 բանաձեւի վերաբերյալ») նշեց, որ բանաձեւի ընդունման արդյունքում ոչ ոք չի հաղթել (իշխանությունը եւ ընդդիմությունը), պարտվել է Հայաստանի ժողովուրդը։ «Այս բանաձեւը ՀՀ իշխանություններից պահանջում է կատարել ՀՀ օրենքները», ասաց Ենոքյանը եւ հավելեց, որ իշխանությունները չեն ցանկանում կատարել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները։ «Չեմ բացառում, որ ՀՀ անդամակցությունը ԵԽ-ին կասեցվի կամ սառեցվի», ասաց քաղաքագետը։

Ինչպես Ենոքյանի, այնպես էլ մյուս երկու զեկուցողներիՙ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանի (թեմանՙ «ԵԽԽՎ թիվ 1374 բանաձեւը եւ դրանից բխող իրավական հետեւանքները») եւ «Ժողովրդավարություն-քաղաքագիտական ու իրավական ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Պողոսյանի (թեմանՙ «ԵԽԽՎ թիվ 1374 բանաձեւը. նախապատմությունը եւ փաստաթղթի բովանդակային պահանջները») ելույթները հետաքրքրական էին, բայց նաեւ ընդդիմամետ։ Զեկույցներում եւ քննարկման ընթացքում կասկածի տակ դրվեց ԵԽԽՎ բանաձեւի կետերից մեկը, որով իշխանություններին եւ ընդդիմությանը կոչ էր արվում առանց նախապայմանների երկխոսություն սկսել, ինչպես նաեւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել բռնությունների։

Ի դեպ, զեկուցողները եւ քննարկման մասնակիցները նշում էին գործող իշխանությունների իրականացրած քրեական հետապնդումները, ծեծ ու ջարդը, սակայն մոռանում էին հիշատակել ընդդիմությանՙ իշխանությունը բռնի ուժով տապալելու ակնհայտ կոչերը։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4