«Ա-ինֆո» գործակալության մի քանի օր առաջ տարածած հաղորդագրության համաձայն, Աջարիայի հայերի միության ղեկավար Արմեն Գեւորգյանը ստիպված հրաժարական էր տվելՙ ենթարկվելով Աջարիայի ինքնավարության ժամանակավոր կառավարության անունից ներկայացած Արտյոմ Դուրիխանյանի պահանջին։ Հենց իրՙ Արմեն Գեւորգյանի խոսքերով, հաղորդագրության այն հատվածը, թե իր մոտ է գնացել Արտյոմ Դուրիխանյանն ու պահանջել հրաժարվել, համապատասխանում է իրականությանը։ Հաղորդագրությունում այնուհետեւ նշվում է, թե Գեւորգյանն անմիջապես ուղեւորվել է Թբիլիսի եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանի հետ խորհրդակցելուց հետո որոշել հրաժարական տալ։
Սակայն խնդիրն այն է, որ իրադարձությունները չեն զարգացել հաղորդագրության բովանդակության համաձայն։ Ինչպես «Ազգ»-ին տեղեկացրեց Արմեն Գեւորգյանը, նա չի հրաժարվել Աջարիայի հայերի միության ղեկավար լինելուց։ Ընդ որում, Արտյոմ Դուրիխանյանը, ըստ Գեւորգյանի, որեւէ կապ չունի Աջարիայի ժամանակավոր կառավարության հետ, ուստի եւ չէր կարող դրա անունից նման պահանջով ներկայանալ։
Նման պատմության մեջ առավել հետաքրքրականը բնավ էլ նման իրադարձությունը չէ։ Ավելի հետաքրքրական է այն հանգամանքը, որ Վրաստանի «վարդյա հեղափոխության» վարակիչ օրինակը որոշ հիմք է ստեղծում հայերի համարՙ լինել որեւէ մեկի «բանակում»։ Մինչդեռ կարեւոր է, որ հայերը նման իրավիճակներում դրսեւորեն ավելի հեռատես մոտեցումներ։
Արմեն Գեւորգյանի հայտարարությամբ, մայիսի 28-ին Աջարիայի հայերի միությունը եւ մայրաքաղաք Թբիլիսիի հայ գործիչները կքննարկեն տեղի ունեցածն ու կընդունեն որոշում։ «Ազգ»-ի հետ զրույցում ինչպես Արմեն Գեւորգյանը, այնպես էլ Վրաստանի խորհրդարանի անդամ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը նշեցին, որ գործակալության տեղեկատվությունը պատրաստելիս իրենց ոչ ոք եւ ոչինչ չի հարցրել։
Աջարիայի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները երեկ հանդիպել են Արմեն Գեւորգյանի հետ։ Նրանք հավաստել են, որ Գեւորգյանի հրաժարականի որեւէ պատճառ չեն տեսնում եւ նման մտադրություն չեն ունեցել։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի