Հայաստանը չի պատրաստվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, նման խնդիր պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա, երեկ ԱՊՀ պաշտպանության նախարարների համատեղ մամլո ասուլիսում ասաց Սերժ Սարգսյանը։
«Երեկ (մայիսի 20-ին), երբ ինձ հարցրին Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին, ես ասացի, որ դա հռետորական հարց է, որի պատասխանն ակնհայտ էՙ ո՛չ։ Նույնը կարող եմ ասել այժմ։ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը», ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը։
Երեւանում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի նախագահությամբ, երեկ տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Քննարկվել են երկու տասնյակ հարցեր։
«ԱՊՀ շրջանակներում ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը կարեւորագույն տարր է ինտեգրացիոն գործընթացները զարգացնելու հարցում», խորհրդի նիստում ասել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով ռազմական ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության ավանդույթը։ «Վերջին տասը տարիներին դա զարգանում է իրավահավասար հենքով», ասել է Սարգսյանը։
Սերգեյ Իվանովը ասուլիսում նշեց, որ հունիսի վերջին Մոլդովայում տեղի են ունենալու «Արեւմուտք-հակաահաբեկչություն», իսկ օգոստոսինՙ Ղազախստանի ու Կիրգիզիայի տարածքում, «բավականաչափ խոշոր» զորավարժություններ ԱՊՀ մի շարք երկրների մասնակցությամբ։
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի անդամ են ինը երկրներՙ Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կիրգիզիա, Ուզբեկստան, Տաջիկստան։ Ուկրաինան, Մոլդովան եւ Թուրքմենստանը խորհրդի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով։
Երեկ ԱՊՀ պաշտպանության նախարարներին ընդունեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Թ. Հ.