«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2004-05-21 | #94, 2004-05-22 | #95, 2004-05-25


ՔԻՎԵՍԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Մարտի 29-ին Պրահայում պաշտոնական Բաքուն ձախողեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումըՙ մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների։ Այսպիսով, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունները մտան փակուղի։ Դրան հետեւեցին Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ու դժգոհությունները Մինսկի խմբի գործունեությունից։ Ինչո՞վ էին պայմանավորված դրանք։ Ըստ երեւույթին դեռեւս Հեյդար Ալիեւի օրոք ձեռքբերված փարիզ-քիվեսթյան պայմանավորվածությունները ձախողելու Իլհամի հաշվարկներով։ Թերեւս այդ առումով պատահական չէ բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելու Ադրբեջանի նորընտիր նախագահի պահանջը։

Հարկ է սակայն նշել, որ փարիզ-քիվեսթյան պայմանավորվածությունների պարագայում կարեւորը Իլհամ Ալիեւի հաշվարկները չեն, այլ Մինսկի խմբի եռանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դիրքորոշումները։ Ամենայն հավանականությամբ, փարիզ-քիվեսթյան պայմանավորվածություններին պաշտոնական Վաշինգտոնը հետամուտ է, որ մայիսի 14-ին, Մոսկվա կատարած այցի նախօրյակին Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ հայտարարություն էր արել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ազգային անվտանգության գծով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը եւ ընդգծել քիվեսթյան սկզբունքները վերականգնելու անհրաժեշտությունը։

Այդ մասին թուրքական «Հաբերանալիզի» մայիսի 15-ի համարում «Կոնդոլիզա Ռայսի Մոսկվա կատարած այցն ու Լեռնային Ղարաբաղը» հոդվածում տեղեկացնում է Քյամիլ Աղաջանը։ Ի դեպ, հեղինակն Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կովկասյան ուսումնասիրությունների բաժնի աշխատակից է։ Թեեւ հոդվածում Աղաջանը քիվեսթյան սկզբունքների բնույթին չի անդրադառնում, այնուամենայնիվ, դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքով Մինսկի խմբի գործունեությունից ակնհայտ դժգոհություն է հայտնում։

Այլ կերպ, ինչպես փարիզ-քիվեսթյան սկզբունքներին, այնպես էլ Մինսկի խմբին Եվրասիական ռազմավարական կենտրոնի աշխատակից Աղաջանի մոտեցումները միանգամայն համընկնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մոտեցումների հետ։ Ըստ Աղաջանի, Կոնդոլիզա Ռայսը դժգոհություն է հայտնել, որ ձգձգվում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, ասելով. «Մենք Ռուսաստանի հետ տարածաշրջանում առկա հիմնախնդիրները լուծելու համատեղ ջանքեր ենք գործադրում։ Ցավոք, առ այսօր մեզ չի հաջողվում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»։ Ռայսը միաժամանակ պատրաստակամություն էր հայտնել մոսկովյան հանդիպումներում քննարկելու քիվեսթյան սկզբունքներին վերադառնալու պայմանները ռուս պետական գործիչների հետ։

Աղաջանը քիվեսթյան հանդիպումները համարում է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Բուշի վարչակարգի ցուցաբերած կարեւոր նախաձեռնություններից, տեղեկացնում է, թե 2001 թ. ապրիլին Ֆլորիդայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ինչպես են հանդիպել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին։ Թեեւ հեղինակն ընդգծում էր, որ հակառակ Բուշի վարչակարգի լավատեսական տրամադրություններին, քիվեսթյան հանդիպումները որեւէ արդյունք չեն տվել, բայց եւ այնպես Կոնդոլիզա Ռայսի հայտարարությունները հիմք է ընդունում եւ հանգում է Քի Վեսթում որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման եզրակացությանը, ավելացնելով. «Այլապես քիվեսթյան սկզբունքներին վերադառնալու անհրաժեշտություն չէր ծագի, ոչ էլ այդ մասին կարտահայտվեր Ռայսը»։

Աղաջանի դժգոհության պարագայում հարցը սոսկ քիվեսթյան սկզբունքները չեն, այլեւ Մինսկի խմբի եռանախագահող երկրները, այդ երկրներում սփյուռքահայության ազդեցությունը, Հայաստանի նկատմամբ եռանախագահողների բարենպաստ դիրքորոշումը։ Այս ամենն, ըստ հեղինակի, որեւէ հիմք չի տալիս ենթադրելու, որ Մինսկի խումբն ի վիճակի կլինի արդարացի լուծում գտնել ղարաբաղյան հիմնահարցին եւ առաջադրել մնայուն լուծում։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4