«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2004-05-21 | #94, 2004-05-22 | #95, 2004-05-25


ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ՆՊԱՍՏԵԼ Է ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Կարծում է քաղաքապետարանի վարչության պետը

Այս ուսումնական տարեվերջին Երեւանի 206 դպրոցները կավարտեն 12 հազար 238 շրջանավարտներ։ Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեց ընդհանուր գծերով գնահատել 2003-2004 թթ. ուսումնական տարին։ Անցած տարվա գլխավոր իրադարձությունը կրթակարգի նոր փաստաթղթերի մշակումն էր, իսկ առավել շոշափելինՙ հանրակրթական կառույցների շենքային պայմանների, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը։ 61 դպրոցներ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով լիովին վերանորոգվեցին, 14-ի նորոգումն ընթացքի մեջ է։ Վերանորոգվել են 27 դպրոցների վթարային մարզադահլիճները, 103 դպրոց մարզագույք է ստացել։ 168 դպրոցներում մեկական համակարգչային դասարաններ են հիմնվել, դրանց շարքում կան այնպիսիները, որոնցում արդեն նույնիսկ երկրորդ, երրորդ դասարանները կան։

Եվ, իհարկե, անցած ուսումնական տարին նշանավորվեց կրթական միջավայրում բուռն կրքեր բորբոքած օպտիմալացման ակտիվ ընթացքով։ Այս առթիվ կրթության վարչության պետը ուշագրավ դիտարկում արեց. նրա գնահատմամբ, օպտիմալացումն օգնեց, որ մասնագիտական նվազ արդյունավետությամբ ուսուցիչների հարկադիր արտահոսքից հետո կրթության որակի բարձրացման տեղաշարժ արձանագրվի։ Իբրեւ կրթաորակի բարելավման, այսինքն ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու միջոցառում, Օնիկ Վաթյանը նշեց հումանիտար եւ բնագիտական առարկաների դասավանդման վերաբերյալ հատուկ ուսումնասիրությունների անցկացումն ու քննարկումները, դասագրքային ապահովվածության առումով խնդիրների բացակայությունը։ Բայց թե ինչքանով են դրանք առնչվում ուսուցիչների կրճատումներին, բացատրություն չտրվեց։

2003-2004 թթ. ուս. տարին նաեւ արհեստագործական ավագ դպրոցներիՙ նախկին պրոֆտեխուսումնարանների վերակենդանացման տարի էր։ Կամաց-կամաց վերարթնանում է նաեւ դրանց հանդեպ հետաքրքրությունը, այնպես որ արձանագրվել է նույնիսկ սովորողների թվի ավելացումՙ 300-ով։ Սրանք այն շրջանավարտներն են, ովքեր բուհ դիմելու ցանկություն ու կարողություններ չունեն։ Ակնկալիք կա, որ արհեստագործական ավագ դպրոցները մեր հին ու նոր արհեստների վերականգնման խթան կդառնան։ Հանրապետությունում այսօր արհեստավորների, մասնավորապես շինարար մասնագետների խիստ կարիք կա, եղածներն էլ անցնող սերնդի մարդիկ են։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4