«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2004-05-21 | #94, 2004-05-22 | #95, 2004-05-25


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏԵՐ

Մայիսի 22-ին հաջորդաբար երկու բանկային իրադարձություններ տեղի ունեցան։ Առաջինը «Հայէկոնոմբանկի» տարեկան ժողովն էր, որտեղ նախ ելույթ ունեցավ բանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը։ Մինչ 2003 թ. ցուցանիշները ներկայացնելը նա հայտնեց, որ այս տարի Եվրաբանկի տարեկան ժողովում «Հայէկոնոմբանկը» ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորման ծրագրի լավագույն բանկ»։ Այնուհետեւ նա նշեց, որ կրկնապատկվել է շահույթը, աճել է բաժնետերերին վճարվող շահութաբաժնի գումարը։ Այն կազմել է տարեկան 8 տոկոսՙ գերազանցելով ավանդների եկամտաբերությունը։ Բացվել է մեկ, նախատեսվում է բացել եւս երեք մասնաճյուղեր։

Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշեց, որ աճել են նաեւ բանկի ակտիվները, այդ թվում վարկային։ «Հայէկոնոմբանկը» անդամակցել է «Եվրոփեյ» համակարգին, համագործակցության պայմանագիր է կնքել «Ռոյտերս» համակարգի հետ, ներդրվել է կոմունալ ու իզի քարտի բջջային հեռախոսների վճարումները բանկոմատներով կատարելու սեփական ծրագիրը, համալրվել է կանոնադիր կապիտալը, ավելացել է պլաստիկ քարտատերերի թիվըՙ հասնելով 20 հազարի։

Տարեկան ժողովում բանկի գործունեությանն անդրադարձավ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա արձանագրվող արդյունքները պայմանավորեց երեք գործոններովՙ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրմամբ, մենեջմենտի որակի բարելավմամբ եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ ԿԲ նախագահը կարեւորեց բանկային համակարգն անառողջ բանկերից մաքրելու նշանակությունը, որի շնորհիվ ավելացել է հետաքրքրությունը մեր բանկային համակարգի նկատմամբ։ Նրա տեղեկացմամբ, այս տարի կտրուկ կավելանան ներդրումները մեր բանկային համակարգում։ Բանակցություններ են ընթանում երկու խոշոր ներդնողների հետ։ Տիգրան Սարգսյանը ուրախալի համարեց նաեւ այն փաստը, որ բանկային կապիտալի 53 տոկոսը պատկանում է տեղական կապիտալին։

Նույն օրը տեղի ունեցավ բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա վերստին ներկայացրեց անցյալ տարվա ցուցանիշները։ Անդրադառնալով Եվրաբանկի կողմից «Հայէկոնոմբանկի» բաժնետոմսերի ձեռքբերմանը, Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ արդեն այդ գործարքի իրավական մանրամասներն են ճշտվում։ Բաժնետերերի ներկայիս թիվը 1450 է, որի 20 տոկոսի սեփականատերերը օտարերկրացիներ են։ Նա իր ղեկավարած բանկը համարեց պահպանողական։ Իսկ այն հարցին, թե ներքաղաքական իրադարձություններն ինչպե՞ս են անդրադառնում բանկային գործունեության վրա, պատասխանեց, որ դրանք, իհարկե, որոշակի ռիսկ պարունակում են, բայց իրենց բանկի վրա ազդեցություն չեն գործել։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4