«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2004-05-22 | #95, 2004-05-25 | #96, 2004-05-26


ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԶՐԿԵԼ-ՉԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՐՈՇԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Երեկ լրացավ ԱԺ երրորդ գումարման նստաշրջանի 1 տարին։ Նախորդ խորհրդարանի համեմատ սրա ե՛ւ ծնունդը, ե՛ւ գործունեությունը բավական առանձնահատուկ եղան։ Ընտրամեխանիզմը, որով մանդատներ նվաճվեցին, մինչ օրս անմարսելի մնաց իշխանությունների համար։ Պակասը լրացրեց ընդդիմությունըՙ փողոց դուրս գալով ու անցնելով հանրահավաքային մարտավարության։ Ե՛վ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը հայտարարում են, որ հակառակ բեւեռը հայտնվել է փակուղային իրավիճակում։ Իրականում Հայաստանի ողջ ներքաղաքական կյանքն է հայտնվել թակարդում, որ քաղաքական տերմինաբանությամբ ընդունված է ճգնաժամ անվանել։ Այնուամենայնիվ, ինչպես են գնահատում ներկա վիճակը բարիկադի երկու կողմերում հայտնվածները։

Վիկտոր Դալլաքյան («Արդարություն» խմբակցության անդամ)- Ազգային ժողովն իր գործառույթները չի կարողանում կատարել, քանի որ օրենքների քննարկումները վերածվում են իմիտացիայի, քվորումի մշտական պրոբլեմ կա, անօրինական քվեարկություններ են տեղի ունենում։ Իսկ ապրիլի 12-14-ի եռօրյայի ընթացքում լարված իրավիճակում մեծամասնությունը փաստորեն բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները։

Ես բազմիցս ասել եմ, որ ներքաղաքական առկա վիճակի որոշակի մեղմացման հիմք կարող է դառնալ խորհրդարանի լուծարումը։ Դա վերջապես նախագահի կողմից քաղաքական քայլ կարող է լինել, որը մինչ օրս քաղաքական խնդիրները փորձում է լուծել քրեական դաշտում։ Դա ձեռնտու կլինի ե՛ւ ժողովրդի, ե՛ւ երկրի համար։

¬ Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին ակնարկներին ինչպե՞ս եք վերաբերվում։

¬ Ինձ համար տարօրինակ է, որ հենց մայիս ամսին սկսվել է նման կամպանիա։ ԱԺ կանոնակարգի հեղինակը ես եմ, եւ, ըստ դրա, այս նստաշրջանում պատգամավորների բացակայությունների հետ կապված խնդիրները պետք է քննարկվեն սեպտեմբերին։ Հետեւաբար, այս իրարանցումն ուղղակի անբացատրելի է։ 1996 թ. հայտնի իրադարձություններից հետո խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում ԱԺ աշխատանքներին։ Այն ժամանակվա խորհրդարանը քաղաքական որոշում կայացրեց, եւ պատգամավորներին չզրկեց մանդատներից։ Թե ինչպիսի որոշում կկայացնի այս խորհրդարանը սեպտեմբերինՙ դժվարանում եմ ասել։

- «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը բարձր գնահատեց խորհրդարանի մեկամյա գործունեությունըՙ մեկ առ մեկ նշելով կարեւորագույն այնպիսի փաստաթղթերի ընդունումը, ինչպիսիք են աշխատանքային, ընտանեկան օրենսգրքերը, այլընտրանքային ծառայության օրենքը, միջազգային բազմաթիվ պայմանագրերի, մասնավորապես հակաահաբեկչական պայմանագրերի վավերացումը, ԱԺ նախագահին կից խորհուրդների եւ 3 ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը, եվրոպական ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտության ինտենսիվացումը։

Ընդդիմության հեռանալը խորհրդարանից Մհեր Շահգելդյանը կիսաբոյկոտ որակեց։ «Մենք չենք գտնում, որ դա պայքարի ճիշտ միջոց է, եւ համաշխարհային պառլամենտական պրակտիկայում էլ այլ կերպ է իրականացվում, բայց դա քաղաքական ուժերի կողմից պայքարի ընտրության ձեւ է», ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ լուծարմանը, ապա Մհեր Շահգելդյանը կարծում է, որ այդպիսի խնդիր այսօր գոյություն չունի, եւ դա ընդամենը խորհրդարան չանցած ուժերի շրջանառած խոսակցություններն են։

- Հավանակա՞ն է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հեռանկարը։

¬ Դա խնդիր է, որ երեւի պետք է քննարկվի, այդ հարցին այսօր անդրադառնալն անիմաստ է։ Առավել եւս եթե, ըստ կանոնակարգի, դա հիմա անել հնարավոր չէ։ Իսկ սեպտեմբերին այդ առթիվ քննարկում կլինի թե ոչՙ դժվարանում եմ ասել։ Դա խորհրդարանը պիտի որոշի։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4