Դժվար է ըստ մոսկովյան մամուլի հրապարակումների ճշտիվ կռահել այս կամ այն քաղաքական երեւույթի կամ անցուդարձի վերաբերյալ երկրի ղեկավարության իրական մոտեցումները։ Մասնավոր թերթերը կամ հեռուստաալիքներն իրենց «մասնավոր» կարծիքն են հայտնում հետապնդելով տարբեր շահագրգռություններ։ Ընդսմին դրանք կարող են հաճախ նաեւ չհամընկնել երկրի շահերին։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցի նախօրեին լրագրային նյութերում նշվում էին քննարկվելիք կարեւոր թեմաներըՙ ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացումը, Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, Ղարաբաղի հիմնախնդիրը, Հայաստանի ներքաղաքական իրադրությունը եւ այլն։ Բայց այցի արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններն ավելի շատ ենթադրական էին, քանզի արձանագրվում էր բանակցությունների «ոչ հրապարակային» բնույթը։ Թեեւ մի հանգամանք բոլորն էին նշումՙ արդյունքից երկու կողմն էլ գոհ էին, Մոսկվան իր պաշտպանությունն է հայտնել Քոչարյանին։ Այնպես որ հրաժարվենք ամփոփիչ գնահատականներ տալու գայթակղությունից։
Բայց խուսափել բնավ էլ ոչ «քաղաքականացունց» մի դիպվածի շուրջ խոսակցությունիցՙ անկարելի է։ Բանն այն է, որ թերթերից մեկը, հոդված տպագրելով Հայաստանի ներքաղաքական անկայունությունների ու ռուս-հայկական հարաբերությունների «խոցելի» կողմերի մասին, զետեղել էր կոլորիտային մի լուսանկար հայ բոցաշունչ միտինգավորների մասին, որի առաջին պլանում հայոց դրոշը ձեռքին իր ցասումնալից բողոքն էր հայտնում (ամենայն հավանականությամբ պահանջում էր նախագահի հրաժարականը) ռանչպարի ձեռքով մի այր (դատելով սուղ հագուստից, մկանուտ բռունցքից ու անմշակ դեմքից)։ Որոտընդոստ գոչյունը երեւան էր հանել նաեւ նրա սոցիալական անապահով վիճակը. խեղճ մարդու վերին երկու ատամն էր գոյատեւել, որոնք, ելնելով դրանց համաչափ հեռավորությունից ու տիրոջ ըմբոստ կեցվածքից, կարելի էր համեմատել առյուծի ժանիքների հետ։ Դժվար է ասել, թե ինչ նպատակ էր հետապնդել թերթը ի դեմս ընդդիմության ներկայացնելով ատամնազուրկ, հուսահատությունից ագրեսիվ դարձած այդ պրոլետարին։ Բայց դրա փոխարեն ակնհայտ էր ակնարկը, որ սոված մարդու կերպարը չի վեհացնում հակաիշխանական ուժերին։ Լուսանկարը ցայտուն կերպով ցույց էր տալիս, որ հայ ժողովուրդը նորեն վարակվել է միտինգացավով, որն, ըստ երեւույթին, դառնում է խրոնիկական։ Բայց մի էական տարբերությամբ. նախկին տարիներին միտինգախտով տառապում էին... կուշտ մարդիկ։
Անշուշտ, անապահով հայաստանցին լիակատար իրավունք ունի դժգոհելու իր հիրավի ծանր կյանքից, եւ ոչ ոք չի կարող խլացնել նրա բողոքի ձայնը։ Բայց զարմանալիորեն ինչպես առանձին մարդիկ, այնպես էլ ժողովուրդները երբեք չեն սովորում սեփական սխալներից։ Ի՞նչ տվեցին հայերին ՀՀՇ-ի պարագլուխների «ազգացունց» հանրահավաքները։ Վերջերս Մոսկվայում տարածվող հայաստանյան ռուսալեզու թերթերից մեկը վերհիշել էր այդ «ազգային ջոջերի» այն հայտարարությունը, որ իրենք չեն կարող կերակրել ողջ ազգաբնակչությանը, ուրեմն պետք է «ուժեղացնել» սփյուռքը։ Ախր իրենք արդեն կուշտ էին, սովածին չէին հասկանում...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա