«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2004-05-22 | #95, 2004-05-25 | #96, 2004-05-26


ԲԱՐԻ ԵՐԹ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Հանրապետության տոնականորեն զարդ արված հրապարակում երեկ շուրջպար էին բռնել այս տարվա շրջանավարտները։ Վերջին զանգն այստեղ նշելու ավանդույթը չի մոռացվում, գալիս են անգամ հեռավոր մարզերից։ Լոռու մարզի Արեւաշող գյուղի միջնակարգ դպրոցի շրջանավարտներն արդեն 5 տարի նախ այցելում են Եռաբլուր, երդում տալիս զոհվածների հիշատակի առաջ, հետո իրենց տոնը շարունակում հրապարակում։ «Գյուղում մշակութային կյանքը զարգացած չէ, դրա համար այդ դատարկությունը լցնում ենք այսպիսի պահերով։ Աշակերտները մեծ ուրախություն են ապրում, հպարտանում Հանրապետության հրապարակով, որն այս տարի շատ գեղեցիկ է», ասաց դպրոցի տնօրեն Գյուլվարդ Համբարյանը, որը հրապարակ էր եկել դպրոցի 50 աշակերտների հետ։ Արեւաշողի շրջանավարտներն իրենց կյանքն արեւաշող են տեսնում ու հավատում իրենց ուժերին։

Շրջանավարտներին ողջունելու էին եկել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանը։

«Բազում սերունդների է կյանք ճանապարհել այս հրապարակը, որն Արարատի վսեմ հովանու տակ ձեզ քաջալերիչ խոսքեր է ասում ու հիշեցնում, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք։ Դուք եք մեր երկրի վաղվա տերերը, մեր պետականության ամրացման սյուները։ Թող գալիք բոլոր տարիները ձեզ համար դառնան վերելքներ հաղթահարելու աստիճաններ։ Ամեն մի նոր սերունդ կյանք մտնելով իր ջահելությամբ ու հարուստ ներաշխարհովՙ թարմացնում ու ազնվացնում է մեր երկիրը, մեր ժողովրդի կենսագրությունը», ասաց քաղաքապետը։

Վաղուց արդեն սկիզբ առած տոնախմբությունը շարունակվեց մինչեւ ուշ գիշեր եւ... ավելի ուշ...

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4