Նոր օրենքը զսպաշապիկ կդառնա նաեւ թանկացումների համար
Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց Պետական նյութական պահուստի օրենքի նախագիծը։ Աշխարհագրական անբարենպաստ շրջապատման, տրանսպորտային չդադարող շրջափակման եւ նիրհող պատերազմի պայմաններում գտնվող մեր երկրի համար նման օրինագիծ ունենալու անհրաժեշտությունն անհնար է գերագնահատել։ Այնուամենայնիվ, անկախացած Հայաստանի ոչ մի խորհրդարան խնդրին լրջորեն չի վերաբերվել։ Ինչպես խոստովանեց նախագծի հեղինակներից Հրայր Կարապետյանը, նախորդ թույլ ու կիսատ-պռատ օրենքն ի վիճակի չէր կարգավորելու մեր ազգային անվտանգությանն առնչվող այս կարեւոր ոլորտը։ Ըստ նոր օրենքի սահմանումների, պետական նյութական պահուստը վերաբերելու է սննդամթերքի, դեղորայքի եւ առողջապահական նշանակություն ունեցող մթերքների, շինանյութի, վառելիքա-էներգետիկ պաշարների եւ տնտեսական նշանակության այլ նյութական արժեքների պաշարներին։ Դրանք օգտագործվելու են զորահավաքային կարիքների, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց առաջացման դեպքում հնարավոր կորուստների նվազեցման համար, ներքին շուկայում պահանջարկի եւ առաջարկի անհամամասնությունների, վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ։ Պահուստային պաշարների անվանացանկը, ամբարվող պաշարների չափն ու պահպանման ժամկետները որոշելու է կառավարությունըՙ լիազոր մարմինների հետ։ Վերջիններս են իրականացնելու նաեւ պահուստային նյութական արժեքների թարմացման, բացթողման ու հաշվառման ժամկետները։
Ունի՞ արդյոք պետական բյուջեն այդ պաշարների տեսականին լիարժեք ապահովելու հնարավորություն, երբ համատարած մասնավորեցման պայմաններում այլեւս չկան նույնիսկ համապատասխան պահեստային կառույցներ։ Օրենքի նախագիծը չի նշում, թե ամեն տարի ինչքան գումար պիտի տրամադրվի այդ նպատակի համար, սակայն բյուջեից մասհանումները, պատգամավորի հավաստմամբ, տարեցտարի ավելանում են։ Իսկ նախկին համակարգից ժառանգած պահեստային կառույցներն այժմ Պետական ռեզերվների գործակալության տրամադրության տակ են։
«Ազգի» հարցին, թե պետական պահուստային միջոցները կարելի՞ է վաճառքի ներկայացնել, Հրայր Կարապետյանը պատասխանեց. «Միայն թարմացման նպատակով, որովհետեւ դրանց մեջ կարող են լինել մթերքներ, որոնք շուտ փչացող են»։ Ոսկին, անկասկած, շուտ փչացող արժեք չէ։ Հայտնի է սակայն, որ Կենտրոնական բանկի պահուստային ոսկին, ընդամենը վերջերս, հաջողությամբ վաճառքի ներկայացվեց։ Հրայր Կարապետյանի բացատրությամբ, սակայն, այս օրինակը ոչ պահուստային ֆոնդին, ոչ այս օրենքին չի վերաբերում։
Անցած մայիսից սկսած հացամթերքների անընդմեջ թանկացումները սոցիալական լարվածության եւ պահանջարկի ու առաջարկի անջրպետ ստեղծեցին։ Նման փաստը ենթադրում է, որ մեր պետությունն ալյուրի ու հացամթերքի համարժեք պաշարներ չունի, այլապես կմիջամտեր շուկայի կարգավորմանը։ Նման իրողության առկայությունը Հրայր Կարապետյանը դարձյալ բացատրեց այս դաշտում օրենքի բացակայությամբ, իսկ նոր օրինագիծն այդպիսի գործառույթ նախատեսում է։
Կ. Դ.