Այսօր ժամը 20-ին «Հանրապետական» մարզադաշտում Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կվիճարկեն հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկն» ու գավաթակիր Աշտարակի «Միկան»։ Դա կլինի պատվավոր մրցանակի 7-րդ խաղարկությունը։
Չեմպիոնի եւ գավաթակրի միջեւ անցկացվող խաղում մրցաշրջանի ուժեղագույն թիմին որոշելու գաղափարը պատկանում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Սարգսյանին։ Նրա առաջարկով Սուպերգավաթն անվանվեց հայկական ֆուտբոլի մեծ երախտավորներից մեկիՙ Հակոբ Տոնոյանի անվամբ, որի ընտանիքի կողմից էլ պատրաստվեց մրցանակը։ Սուպերգավաթի անդրանիկ խաղարկությունը կայացավ 1995-96 թթ. մրցաշրջանի ավարտինՙ հունիսի 9-ին։ Այդ օրը «Հրազդանում» մրցեցին այդ տարվա ՀՀ չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկն» ու 2-րդ մրցանակակիր Գյումրու «Շիրակը»։ Մրցակարգի համաձայն, եթե չեմպիոնը դառնում էր նաեւ գավաթակիր, ապա վերջինիս փոխարեն Սուպերգավաթը վիճարկում էր արծաթե մեդալակիրը։ Մրցանակի անդրանիկ խաղարկությունում հաջողությունն ուղեկցեց շիրակցիներին (3-1)։
Սուպերգավաթի հաջորդ խաղարկությունում «Փյունիկը» նվաճեց մրցանակըՙ 2-0 հաշվով հաղթելով «Արարատին»։ Հետաքրքրական է, որ մինչ այդ մրցակիցները հանդիպել էին ՀՀ գավաթի եզրափակիչում, որում հաղթել էին արարատցիները։
Սուպերգավաթը նվաճելու «Փյունիկի» հաջորդ փորձն էլ հաջողությամբ պսակվեց։ 2002 թ. մայիսի 9-ին չեմպիոնը մրցեց ՀՀ գավաթակիր «Միկայի» հետ։ Դա պատվավոր մրցանակի համար առաջիկա խաղի մասնակիցների առայժմ միակ հանդիպումն էր։ Խաղը բավական հաջող սկսվեց «Միկայի» համար։ Արդեն 3-րդ րոպեին Անդրեյ Բուլանովը բացեց հաշիվը։ «Փյունիկին» երկար ժամանակ չէր հաջողվում հավասարեցնել հաշիվը։ 64-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտը թողեց «Միկայի» կիսապաշտպան Գրիգոր Մկրտչյանը։ 12 րոպե անց երկրի չեմպիոնին վերջապես հաջողվեց իրացնել թվային առավելությունը։ Փոխարինման դուրս եկած Արամ Ոսկանյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց դարպասը։ Իսկ խաղավարտից չորս րոպե առաջ Խոսե Բիլիբիոն հեռահար հարվածով հաղթանակ պարգեւեց «Փյունիկին», որը դարձավ կրկնակի Սուպերգավաթակիր։
Անցյալ տարի «Փյունիկը» 4-րդ անգամ վիճարկեց Սուպերգավաթը։ Ինչպես եւ անդրանիկ խաղարկությունում, այս անգամ էլ չեմպիոնի մրցակիցն արծաթե մրցանակակիր «Շիրակն» էր։ Չեմպիոնին չհաջողվեց ռեւանշի հասնել։ «Շիրակը» կրկին հաղթեց (2-1)ՙ 3-րդ անգամ արժանանալով Սուպերգավաթին։
Այսօր թե «Փյունիկում», թե «Միկայում» կան ֆուտբոլիստներ, ովքեր ճաշակել են Սուպերգավաթը նվաճելու բերկրանքը։ Ամենատիտղոսակիրը «Միկայի» նորեկ, «Շիրակի» նախկին ավագ Հովհաննես Թահմազյանն է, որը եռակի սուպերգավաթակիր է։ Հերթական հանդիպումը նրա համար կլինի 4-րդը։ Իսկ ահա, «Փյունիկի» ավագ Արթուր Մկրտչյանը թիմի մարզիչ Վարդան Մինասյանի հետ բոլորից հաճախՙ 4 անգամ վիճարկել է Սուպերգավաթըՙ երկու անգամ պատվո շրջան կատարելով մրցանակով։ Կրկնակի սուպերգավաթակիր է նաեւ «Փյունիկի» նորեկ, նախկին շիրակցի Կարեն Ալեքսանյանը, որը 3-րդ անգամ է մասնակցելու Սուպերգավաթի համար մրցավեճին։ Հետաքրքրական է, որ Արմեն Շահգելդյանը 1997 թ. «Փյունիկում» դարձել է սուպերգավաթակիր, իսկ 2002 թ. արդեն «Միկայի» կազմում խաղացել է «Փյունիկի» դեմ։ Նրա համար էլ հերթական խաղը կլինի 3-րդը։ Չնայած երիտասարդ տարիքին, Ժորա Հովհաննիսյանն արդեն 2 անգամ մասնակցել է Սուպերգավաթի խաղին եւ մեկ անգամ ճաշակել հաղթանակի քաղցրությունը։ «Միկայի» մեկ այլ նորեկՙ Վարդան Բիչախչյանն էլ Սուպերգավաթակիր է դարձել անցյալ տարի եւ հերթական խաղը կլինի 3-րդը։ «Միկայի» երկու խաղացողներՙ Տիգրան Հովհաննիսյանը 1998 թ. Սուպերգավաթակիր է դարձել «Ցեմենտում», իսկ Աղվան Մկրտչյանը, Վալերի Ալեքսանյանն ու Հովհաննես Անտոնյանը մրցանակը նվաճել են 2002 թ. «Փյունիկում»։ Ինչպես տեսնում եք, երկու թիմերում էլ ներկայումս հանդես են գալիս փորձառու ֆուտբոլիստներ, որոնք մասնակցել են Սուպերգավաթի համար մրցավեճերին։
Սուպերգավաթի մրցախաղերը
9.6.96. «Շիրակ»-«Փյունիկ»ՙ 3-1 (1-1)
0-1ՙ Հայկ Մարգարյան (23), 1-1ՙ Սամվել Նիկոլյան (35), 2-1ՙ Կոլյա Եփրանոսյան (49), 3-1ՙ Հարություն Վարդանյան (61)։
87-րդ րոպեին Վարդան Մինասյանը չիրացրեց 11 մ հարվածը։
15.6.97. «Արարատ»-«Փյունիկ»ՙ 0-2 (0-0)
Վարազդատ Ավետիսյան (73), Արմեն Շահգելդյան (84)։
15.11.98. «Շիրակ»-«Ցեմենտ»ՙ 1-1 (0-0), 3-4ՙ 11 մ
0-1ՙ Գագիկ Մանուկյան (85), 1-1ՙ Մհեր Ավանեսյան (90)։
18.12.99. «Շիրակ»-«Ցեմենտ»ՙ 2-1 (1-1), լր. ժամ.ՙ 1-0
1-0ՙ Արտյոմ Բեռնեցյան (37), 1-1ՙ Հակոբ Արտոյան (42, ինքնագոլ), 2-1ՙ Արթուր Պետրոսյան (96)։
9.5.2002. «Փյունիկ»-«Միկա»ՙ 2-1 (0-1)
0-1ՙ Անդրեյ Բուլանով (3), 1-1ՙ Արամ Ոսկանյան (76), 2-1ՙ Խոսե Բիլիբիո (86)։
9.5.2003. «Փյունիկ»-«Շիրակ»ՙ 1-2 (1-0)
1-0ՙ Կառլ Լոմբե (11), 1-1ՙ Տիգրան Դավթյան (74), 1-2ՙ Երվանդ Հակոբյան (84)։
Ռեկորդներ եւ ռեկորդակիրներ
- Սուպերգավաթի 6 խաղարկություններին մասնակցած 5 թիմերից միայն երեքին է հաջողվել շահել մրցանակը։ Բոլորից հաճախՙ 3 անգամ սուպերգավաթակիր է դարձել Գյումրու «Շիրակը»։ 2 անգամ մրցանակին արժանացել է «Փյունիկը», մեկ անգամՙ «Ցեմենտը»։
- Բոլորից հաճախՙ 4-ական անգամ Սուպերգավաթը վիճարկել են «Շիրակն» ու «Փյունիկը»։ «Ցեմենտը» մասնակցել է 2 խաղի, մեկական խաղ են անցկացրել «Արարատն» ու «Միկան»։
- 4 անգամ հաղթող է ճանաչվել չեմպիոնը, 2 անգամՙ արծաթե մրցանակակիրը։
- Ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրներն են նախկին շիրակցիներ Հովհաննես Թահմազյանն ու Արարատ Հարությունյանը, որոնք եռակի սուպերգավաթակիրներ են։ Եվս 14 ֆուտբոլիստ մրցանակի կրկնակի դափնեկիր է։
- Արթուր Մկրտչյանն ու Վարդան Մինասյանը մասնակցել են Սուպերգավաթի 4 հանդիպման։
- Մարզիչներից ամենահաջողակն Անդրանիկ Ադամյանն է, որի գլխավորությամբ «Շիրակը» 3 անգամ նվաճել է Սուպերգավաթը։