Երեկ Ազգային ժողովի կանաչ սրահում տեղի ունեցավ 14 պատգամավորների եւ 3 երիտասարդ խորհրդարանականների շախմատի միաժամանակյա մրցաշարը ՀՀ քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանի հետ, որի նախաձեռնողը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն էր։ Ինչպես նշեց տկն Հակոբյանը, միջոցառման նպատակն էր նաեւ կազմավորել շախմատի հավաքական, որը կմասնակցի Սոչիում ավանդաբար անցկացվող ԱՊՀ երկրների խորհրդարանականների շախմատի մրցումներին։ Այս մրցաշարը նվիրված էր Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին եւ Հանրապետության օրվան։ Ի դեպ, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նվիրել էր շախմատային 10 խաղասեղան։
Մրցաշարի մասնակիցներին ողջունեցին եւ շնորհավորեցին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար, շախմատի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ ողջունելով այս խրախուսելի նախաձեռնությունը, տեղեկացրեց, որ ժամանակին կառավարության կազմից լավագույն շախմատ խաղացող է համարվել ֆինանսների նախկին նախարար Էդուարդ Սանդոյանը։
Մոտ 2 ժամ տեւած մրցախաղում ԱԺ պատգամավորներից միայն 3-ին հաջողվեց ոչ-ոքի ավարտել պարտիան ճանաչված գրոսմայստերի հետ։ Այդ հաջողակներն էին Հանրապետական խմբակցությունիցՙ Արմեն Մխիթարյանը, «Օրինաց երկրից»ՙ Գագիկ Մխեյանը եւ վարպետության թեկնածու Արտակ Մանուկյանը (ԱԺ պատգամավոր Աշոտ Բաղդասարյանի օգնական)։ Իսկ հանձնաժողովի հաջորդ նախաձեռնությունը ԱԺ շենքում մարզադահլիճի վերակառուցումն է լինելու, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան զբաղվելու ակտիվ սպորտով։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ