Եվրամիությունը սառեցրել է 100 մլն եվրոյի տրամադրումը Հայաստանին
Եվրամիությունը պահանջում է անհապաղ նշել հայկական ատոմակայանը փակելու կոնկրետ ժամկետ. առաջարկվել է նույնիսկ 100 մլն եվրո շահագործումից հանելու եւ էներգիայի այլընտրանքային միջոցներ հայթայթելու համար։ Եվրոպացիների կտրուկ պահանջը նույնքան վճռական դիմադրության է բախվել. հայ մասնագետներն ու պետական կառույցների ներկայացուցիչները տրամագծորեն հակառակ տեսակետներ են արտահայտում։
ՀԱԷԿ-Ի ի առաջին բլոկը շահագործման է հանձնվել 1976 թ. դեկտեմբերի 22-ին, երկրորդըՙ 1980 թ. հունվարի 5-ին։ Այն կառուցվել էՙ հիմք ընդունելով առաջին սերնդի ատոմակայանների նախագիծը։ 1988 թ. սկիզբ առած էկոլոգիական շարժման ճնշման տակ հաջորդ տարվա ձմռանը կանգնեցվեցին 2 էներգաբլոկները։ Որոշիչ հանգամանք դարձավ 1988-ի դեկտեմբերյան հզոր երկրաշարժը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ 1988-92 թթ. հանրապետությունը բառացիորեն ընկղմվեց խավարի մեջ, եւ կառավարության որոշմամբ 1995 թ. ատոմակայանը վերագործարկվեց։ Այժմ այն առաջնային էներգառեսուրս է Հայաստանի համար եւ հանրապետության կենսագործունեության համար պարզապես կենսական նշանակություն ունի։ Ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետը լրանում է 2016 թվականին։ Ուրեմն ինչո՞ւ է շտապում Եվրոպան, ինչո՞վ է հիմնավորված նրա անհանգստությունը։
«Մենք կարծում ենք, որ ատոմակայանը չպետք է լինի սեյսմիկ տարածքում, քանի որ հարվածի տակ է դնում ողջ տարածաշրջանը։ Տեխնիկական պատճառներ էլ կան, քանի որ ատոմակայանը հին սերնդի կառույց է եւ չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին», ասում է Եվրամիության հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսիս Լյուբերը։ Եվրոպացի փորձագետների համոզմամբ, հայկական ԱԷԿ-ը ընդհանրապես նմանատիպ ամենավտանգավոր կառույցն է ողջ աշխարհում։
Եթե նկատի առնենք, որ պատմական Հայաստանը հայտնի է ուժեղ երկրաշարժերով, որոնք որոշակի պարբերականությամբ հիշեցրել են իրենց մասին, ապա եվրոպացիների անհանգստությունը միանգամայն տեղին է։ ԱԷԿ-ի շրջակայքումՙ 10 կմ շառավղով անցնում են Արաքսի եւ մերձերեւանյան խզվածքները։ Սպիտակի երկրաշարժից հետո դրանք մանրամասն ուսումնասիրվեցին, եզրակացությունն այն էր, որ որեւէ փոփոխության չեն ենթարկվել։ Սակայն սեյսմոլոգներն այսօր ԱԷԿ-ից ոչ հեռուՙ Փարաքար բնակավայրում 5,5 մագնիտուդի սեյսմիկ վտանգ են գնահատում։ Էլ ավելի մեծ է Գառնիի պոտենցիալըՙ 7,5 մագնիտուդ, Ռիխտերի սանդղակովՙ 9 բալ։ Գառնին պատմության մեջ հայտնի է հզոր երկրաշարժով, որ հիմնահատակ ավերեց այս բնակավայրը։ Իսկ երկրաշարժերիՙ նույն տարածքում կրկնելիության հավանականությունը սեյսմոլոգիայի համար վաղուց պարզված ճշմարտություն է։ Վերջին տասնամյակում ընդերքն ընդհանրապես ակտիվացել է տարածաշրջանում։ Հայաստանին սահմանակից Թուրքիայում ու Իրանում անընդմեջ ուժեղ երկրաշարժեր են տեղի ունենում։ Գիտնականների պնդմամբ, դրանք այլ խզվածքների տեղաշարժերի հետեւանք են, որոնք ոչ մի կապ չունեն Երեւանի շուրջը եղածների հետ։ Բայց իրողություն է նաեւ այն, որ երկրակեղեւում տեղի ունեցող գործընթացները չեն կարող լիարժեք կանխատեսելի լինել, եւ ապացույցը սեսմիկ ակտիվությունն է Հայաստանի ողջ տարածքում։ «Այնուամենայնիվ, սեյսմիկ այն ռիսկերը, որ այսօր գնահատվում են Հայաստանում, այնքան էլ վտանգավոր չեն։ Բայց երկրաբանական գործընթացները բարդ իրողություններ են, կարող է լինել ուժեղ երկրաշարժ, որ 20-30 տարին մեկ է լինում, ոչինչ չի կարելի երաշխավորել», խոստովանում է Ազգային սեյսմիկ ծառայության պետ Ալվարո Անտոնյանը։ Այս ծառայությունում այսօր մշակվել է վաղ կանխատեսման համակարգ, որի էությունը հետեւյալն է. եթե ԱԷԿ-ից որոշակի հեռավորության վրա երկրաշարժ գրանցվի, 15-20 վայրկյան առաջ տատանումները կհասնեն ատոմակայանի կայանքներին, որոնք ավտոմատ կանջատվեն։ Նախագծի արժեքը 1 մլն դոլար է, այն առաջարկվել է ՄԱԳԱՏԷ-ին, եւ ֆինանսավորման դեպքում հնարավոր է իրականացնել։ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը եւս, Հայպետատոմհսկողության եւ անգլիական Արքինս կազմակերպության հետ ատոմակայանի տարածքում հնարավոր աղետի մոդելավորման նախագիծ է մշակում, թե կախված տարվա տարբեր եղանակներից որ կայանքում ինչ միջոցառումներ պետք է իրականացնել։ Սակայն այս ամենն առայժմ ընդամենը նախագծեր են։
Ատոմակայանի մասնագետները, սակայն, պնդում են, որ սեյսմակայունության տեսակետից ԱԷԿ-ը բարձր հուսալիություն է ներկայացնում։ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն ընդգծում է, որ ատոմակայանի ռեակտորները իրենց սերնդակից ռուսաստանյան, բուլղարական, սլովակյան ռեակտորների մոդիֆիկացված, սեյսմակայուն տարբերակներն են։ Դրանք վերամշակվել ու համալրվել են անվտանգության լրացուցիչ համակարգերովՙ նկատի առնելով Հայաստանի տարածքի առանձնահատկությունները։
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, բնապահպան Չարլզ Դանլափը ներկայացնում է երկրորդ դրդապատճառը, որի համաձայն ատոմակայանի անհապաղ փակումն անխուսափելի է։ Նրա անվտանգությունը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, չնայած առ այսօր եվրոպական, ամերիկյան դոնորների հաշվին շուրջ 50 մլն դոլար է ծախսվել այդ նպատակի համար։ Նոր սերնդի ռեակտորները, որպես նորմատիվային պարտադիր պահանջ, պատած են բետոնե պաշտպանիչ շերտով, որը ռեակտորի ներսում հնարավոր արտանետումների դեպքում պատնեշելու է արտանետումների հոսքը մթնոլորտ։ Հայկական ռեակտորը չունի այդ պաշտպանիչ շերտը, որովհետեւ կառուցվել է հին սերնդի չափորոշիչներով։ Իսկ իրականացնել այն այսօր, ԱԷԿ-ի ռադիոակտիվ անվտանգության բաժնի գրասենյակի պետի տեղակալ Կոնստանտին Փյուսքուլյանի հավաստմամբ, անհնար է ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ տեխնիկապես։
Կա նաեւ երրորդ, ոչ պակաս մտահոգիչ հանգամանքը. ատոմային վառելիքը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում օդային ճանապարհով։ Տրանսպորտային շրջափակման պայմաններում սա փոխադրման միակ հնարավոր միջոցն է։ Բայց ինքնաթիռները թռչում են ոչ միայն Հայաստանի երկնքով, եւ այս մտավախությունը, անկախ այն բանիցՙ որքանո՞վ է իրական, նույնպես հասկանալի է։ Սակայն մեր մասնագետները պնդում են, որ ուրանը, քանի դեռ ռեակտոր չի մտել, որեւէ վտանգ չի ներկայացնում, քանի որ լցվում է բազմաշերտ, ջրից ու կրակից հուսալի պաշտպանված սարկոֆագների մեջ։ «Եթե նույնիսկ ինքնաթիռը վթարվի, ապա վնասն ավելի քիչ կլինի, քան աղքատացած ուրանով ռումբ օգտագործելու դեպքում մթնոլորտի աղտոտումը», հավատացնում է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը։
Ատոմակայանի խնդրին պետական մակարդակով առնչվող մեր պաշտոնյաները հակված են նաեւ բնակչության առողջական պրոբլեմները քննարկելու ատոմակայանի սահմաններից որքան կարելի է հեռու։ Քաղցկեղի եւ արյան հիվանդությունների ահռելի աճը ոչ մի կերպ չի կապվում ատոմակայանի գործունեության հետ։ Հանրապետությունում հողի, օդի ու ջրի մեջ ռադիոակտիվ նյութերի առատությունը բացատրվում է Հայաստանիՙ բարձր լեռնային գոտի լինելու հանգամանքով։ Հայաստանն ամբողջությամբ գտնվում է ռադիոակտիվ վտանգի գոտում, եւ անդրսահմանային աղտոտումներն ուղղակի նստում են մեր լեռների վրա։ Բացի դրանից, տարածաշրջանում սեյսմիկ ակտիվացմանը զուգահեռ ռադիոնի արտազատումներ են գրանցվում։ Թույլատրելիից 30 տոկոսով ավելի ռադիացիոն անոմալիաներ են գրանցվել Երեւանի հողատարածքներում։ Բետտա ճառագայթման ակտիվություն է գրանցվել Ակնա լճում։ Չարլզ Դանլափը նշում է նաեւ ալֆա ակտիվության արձանագրում նույն լճում։ Մյուս կողմից, ատոմակայանի շրջակայքում մոնիտորինգային հետազոտությունները արձանագրում են սիդիում 137-ի արտանետումը։ Կոնստանտին Փյուսքուլյանը, այնուամենայնիվ, դժվարանում է այն կապել ԱԷԿ-ի գործունեության հետ։ ԱԷԿ-ի շուրջը ռադիացիոն իրավիճակը նա բացատրում է չեռնոբիլյան վթարի եւ նույնիսկ 50-ական թթ. միջուկային փորձարկումների գլոբալ արտանետումներով։
Մեր մասնագետները համոզված են, որ հողմի, արեւի, կենսագազի էներգիան օգտագործելու դեպքում է հնարավոր ատոմակայանի փակումը։ Հայաստանը հարուստ է դրանց պաշարներով։ «Սոլարեն» այլընտրանքային էներգիայի խնդիրներով զբաղվող ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վիկտոր Աֆյանը նշում է, որ պաշարագիտական ուսումնասիրությունների համաձայն միայն հողմէներգիան հսկայական ներուժ էՙ 400-450 մգվտ հզորություն, որը կազմելու է ատոմակայանի արտադրած էներգիայի մեկ երրորդը։ Սակայն այս ամենը իրականություն դարձնելու համար եւս հսկայական ֆինանսներ են պետք։ Մեր պետությունն այս առթիվ 800 մլն դոլարի ներդրման առաջարկ է ներկայացրել Եվրամիությանը, վերջինս դարձյալ մերժել է։
Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, Հայաստանը գտնվում է կովկասյան եռացող տարածաշրջանում, եւ դիվերսիաների ու ահաբեկչության վտանգը, օդից թե գետնի վրայից, չի կարելի բացառել։ Հիշենք, որ 1989 թ. Հայաստանին օգնություն բերող հոլանդական ինքնաթիռը վթարվեց ատոմակայանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա։
Ատոմակայանն այսօր ապահովում է Հայաստանում սպառվող էներգիայի մեկ երրորդը։ ԱԷԿ-ի փակումը հանրապետության համար կնշանակի ուղղակի վերադարձ 1988-92 թթ. խավարին։ Էներգետիկ ճգնաժամը շատ թանկ արժեցավ մեզ. Սեւանը դարձավ դրա անմիջական զոհը, անխնա քամվեց նրա ջուրը։ Այլընտրանք չկար, քանի որ անընդմեջ պայթեցվում էր հյուսիսից եկող գազատարը։ Եթե ԱԷԿ-ը փակվի, Հայաստանը մնալու է իր ունեցած միակ գազամուղի հույսին, որի տեխնիկական վիճակը այնքան էլ փայլուն չէ։ Բացի այդ, ոչ ոք չի կարող երաշխավորել նաեւ, թե Հարավային Կովկասում քաղաքական գործընթացները ինչ հունով կընթանան, եւ գազատարը կրկին պայթեցումների թիրախ չի դառնա։
Հոսանքի ապահովման երկրորդ այլընտրանքային ու իրական միջոցը կարող է լինել Իրան-Հայաստան գազամուղի ստեղծումը։ Սակայն Եվրամիությունը սառեցրել է գազամուղի եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների համար խոստացած 100 մլն եվրոյի տրամադրումը, որովհետեւ Հայաստանը այդպես էլ դժվարանում է բանակցել ԱԷԿ-ի փակման գործընթացն սկսելու կոնկրետ օրվա ու ժամի մասին։ Մի անգամ կրակից վառված երեխան վախենում է անգամ թույլ բոցից։ Հայաստանի ղեկավարությունը չի ուզում առանց էներգաապահովման իրական հեռանկարի հանրապետությունը մատնել վտանգավոր անորոշության սպառնալիքին։
Սակայն ե՛ւ ԱԷԿ-ի փակման ու վնասազերծման, եւ այլընտրանքային աղբյուրների կառուցման աշխատանքները տասնամյակներ կարող են տեւել։ Միայն ԱԷԿ-ի վնասազերծումը լիարժեք իրականացնելու համար 1 մլրդ դոլար է անհրաժեշտ։ Հայաստանն այսօր այդպիսի գումարներ չունի։ Եվրամիությունըՙ կրկին վերջնագիր ներկայացնելով ԱԷԿ-ի փակման կոնկրետ ժամկետ նշելու մասին, սառը անհանդուրժողականություն է արտահայտում։ ԱԷԿ-ի պրոբլեմը փակուղի է մտել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Եվրոպայի համար։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ