Այս օրերին մայրաքաղաքի դպրոցներում ուսուցիչներին ու աշակերտներին հարկադրաբար տրամադրում են սոցիալական քարտեր, որի դեմ ուսուցիչները չեն համարձակվում բողոքել միմիայն աշխատանքը կորցնելու վախից։ Անգամ լրագրողներիս դիմելիս խնդրում են չհրապարակել դպրոցի անունը, պատճառաբանելով, որ այդկերպ իրենց բացահայտելը բավականին դյուրին կլինի, քանի որ դպրոցի տնօրենները լավ գիտեն, թե ովքեր են քարտերի դեմ ըմբոստացողները։ Պարտադրվում է նաեւ ոստիկանության աշխատակիցներին, որոնք ճարահատ դիմել են «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորմանը։ «Մի ամբողջ ճնշիչ լծակ է գործում, որպեսզի մինչեւ հուլիսի 1-ը մարդկանց համարակալումն ավարտեն», երեկ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը։
Միավորումն արդեն հավաքել է օրենքից բողոքողների 75 հազար ստորագրություն։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կհավաքվի եւս 25 հազար, որը դարձյալ կհանձնվի հանրապետության նախագահին, Ազգային ժողովին եւ Մայր աթոռին։
Միավորման պայքարը սկսել է պաշտպանել Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը հարյուրավոր բողոքներ է ստանում մարդկանց ստիպողաբար քարտեր տրամադրելու մասին։
«Մարդու իրավունքների պաշտպանին ուղարկված բողոքներն ուսումնասիրվում են, դրանց մասին կհայտարարվի առանձին։ Ուշադրություն է հատկացվում հատկապես օրենքում տեղ գտած թերությունների վրա», ասաց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Կարմիրշալյանը։
Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչության պետ Հրանուշ Խառատյանը նույնպես աջակցում է միավորմանը եւ իր տեսակետն է հայտնել սոցիալական ապահովության քարտի ու անհատական տվյալների օրենքների որոշակի անհամապատասխանության մասինՙ նկատի ունենալով ազգային պետական ու կրոնական խնդիրները։
Միավորմանը աջակցում են նաեւ Ազգային ժողովի 6 պատգամավորներ, որոնք ստորագրել են հարցը Սահմանադրական դատարան մտցնելու համար։
«Քաղաքական ու հասարակական բոլոր ոլորտները փորձում ենք միացնել մեր պայքարին, որպեսզի այս ազգադավ ծրագիրը չիրականացվի։ Պետությունն իր գործառույթներն իրականացնելու համար կարող է կիրառել քարտեր, սակայն դրանք տարբեր ոլորտների պետք է պատկանեն ոչ կենտրոնացված ու նույնացված համարով։ Թող լինեն սոցիալական, բանկային, հարկային, առողջապահական քարտերՙ այդ ոլորտների վերաբերյալ տվյալներով։ Մենք դեմ ենք անձնական տվյալներ հավաքելուն եւ օրենքով դրանք օտար պետություններին հանձնելուն»։
«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումն առաջիկայում կանցկացնի լայնածավալ քննարկում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կկազմակերպի բողոքի ցույց։
Ի դեպ, Ուկրաինայում կառավարության դեմ բողոքի ակցիա կազմակերպելուց հետո սոցիալական քարտերի օրենքն այլեւս բռնի չի կիրառվում, այլ զուտ կամավոր սկզբունքով։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ