Ըստ հարցումների
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ապրիլ- մայիս ամիսներին անցկացրել է «Իմ հայացքը Հայաստանի ապագային» եւ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կողմնորոշումները եւ վերաբերմունքը աշխարհի ուժային կենտրոնների նկատմամբ» փորձագիտական հարցումը, որին մասնակցել են 50 փորձագետներ. 30 տոկոսը պետական հաստատություններից, 70-ըՙ ոչ պետական։
«Իմ հայացքը Հայաստանի ապագային» թեմայով հարցված փորձագետների 70 տոկոսը դժգոհ է մերօրյա իրականությունից եւ ընթացող բարեփոխումներից, 16 տոկոսը լիովին գոհ է մերօրյա իրականությունից, իսկ 10 տոկոսը գոհ չէ, բայց համակերպվում է։ Հարցվածների 50 տոկոսն իրեն համարել է բավականին տեղեկացված ու քաղաքականապես գործուն, 46 տոկոսըՙ տեղեկացված, բայց սեփական տեսակետների համար չպայքարող, 4 տոկոսըՙ պասսիվ։
Տեսնենք, թե այս «խիստ տեղեկացված» փորձագետներն ի՞նչ հայացքով են նայում Հայաստանի ապագային։ Առաջիկայում Հայաստանի համար ամենահրատապ խնդիրները նրանք համարել են տարածաշրջանային համագործակցությունը եւ ժողովրդավարության հաստատումը։ Միայն 16 տոկոսն է կարեւորել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Ապշեցուցիչ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հրատապ է 6 տոկոսի, իսկ աշխատատեղերի ստեղծումըՙ 4 տոկոսի համար։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում նրանք դրսեւորել են աներեւակայելի հոռետեսութուն. 48 տոկոսը ուղղակի անիրական է համարում ցեղասպանության միջազգային ճանաչումը։
Նրանց այսօր ամենից շատ վախեցնում է ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ պատերազմը (երեւի նրանք ապահով ապաստարաննե՞ր ունեն), այլ սարսափեցնում են իշխանությունների կամայականությունները։
Հայրենի բնաշխարհի մասին իրենց «գիտելիքների խորությամբ» նրանք գերազանցում են իրենք իրենցՙ զրոյական գնահատելով Հայաստանի տնտեսական կարողությունը, ընդերքի պաշարները, տարածքի եւ բնության գրավչությունը։
Հաջորդ մեծ հայտնագործությունն այն է, որ մեր երկիրն այսօր ապրում է բացառապես անցյալով, ապագայի մասին առհասարակ մտածող չկա։
Կարելի է մխիթարվել նրանով, որ 74 տոկոսը ներկայիս դժվարությունները հաղթահարելի է տեսնում, 26 տոկոսը կարծում է, որ ժողովրդի մեծ մասը հավատում է երկրի ապագային, չնայածՙ 64 տոկոսը հակառակ կարծիքն ունի։
Մեր անկախության ու պետականության ամրապնդմանը, պարզվում է, ամենից շատ նպաստում են Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, իսկ Ռուսաստանը բնավ չի նպաստում։ Ընդամենը 6 տոկոսն է նպաստավոր համարում Մ. Նահանգների միջամտությունը։
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերութունների բարելավման հարցը հարցվածների 50 տոկոսը համարել է խիստ հրատապ, 40 տոկոսըՙ ոչ հրատապ, իսկ մնացած 10 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Սրանք առաջին 2 հարցումների համառոտ արդյունքներն էին։ Գուցե հետագա հարցումներն ավելի խորքային կլինեն, քանի որ դրանց մասնակցելու են ոչ թե հիմնականում դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպություններում ընդգրկված փորձագետները, այլ հասարակ քաղաքացիները։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ