ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում այսօր տեղի Է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ոչ ռեզիդենտ դեսպանների եւ բարձրաստիճան դիվանագետների հանդիպում-խորհրդակցությունը ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի, այնուհետեւ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի եւ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Վ. Մովսիսյանի հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, դեսպանները ներկայացնում էին Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Օվկիանիայի, Աֆրիկայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի, ԱՊՀ մոտ քառասուն երկրներ։
Ողջունելով բարձրաստիճան հյուրերին աննախադեպ հավաքի կապակցությամբ, ՀՀ ԱԳ նախարարն ընդհանուր գծերով ներկայացրել Է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստանի ջանքերը մեր տարածաշրջանում լարվածությունները մեղմելու, կայունություն եւ համագործակցություն հաստատելու ուղղությամբ։ Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել Է Հայաստանի անվտանգության, էներգետիկ ռեսուրսների եւ զարգացումների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների հետ կապված հարցերին։
Հայաստանի տնտեսական ներկա իրավիճակին եւ հնարավորություններին, արտասահմանյան ներդրումները խթանող օրենսդրական դաշտին եւ նպաստավոր պայմաններին էր նվիրված տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի հետ մտքերի փոխանակությունը։
Ոչ ռեզիդենտ դեսպանների երեւանյան հավաքի նպատակն է օտարերկրյա դիվանագետներին ծանոթացնել Հայաստանի ներկա վիճակին, արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տնտեսական հնարավորություններին եւ զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանի պատմամշակութային արժեքներին։
Նույն օրը դեսպանների կանայք Նանի Օսկանյանի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի Ազգային պատկերասրահ։