Թիմերը տարբեր մարտավարություն էին ընտրել։ Առաջին խաղակեսում «Միկան» հիմնականում ապավինել էր հակագրոհներինՙ պահեստային նստարանին թողնելով հարձակվողներ Շահգելդյանին ու Արտյոմ Ադամյանին։ «Փյունիկը» խաղադաշտ էր դուրս եկել մարտական կազմով։ Բացակայում էր միայն որակազրկված Մամադու Դիավարան։ Առաջին խաղակեսն անցավ փյունիկցիների գրոհների նշանաբանով, որոնք ստեղծեցին գոլային մի քանի պահեր, սակայն Անտոնյանը, Աղվան Մկրտչյանը, Ռաֆայել Նազարյանը չօգտագործեցին դրանք։ Իր հերթին «Միկան» 2 սուր հակագրոհ կազմակերպեց, սակայն Բիչախչյանի հարվածը բարձր ստացվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի հարվածը բռնեց Բետեն։
Ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Շահգելդյանն ու Ադամյանը զգալիորեն ակտիվացրին «Միկայի» հարձակողական գործողությունները, եւ խաղադաշտում թեժ մրցակցություն ծավալվեց։ Երկու թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու հարմար առիթներ, սակայն այդպես էլ գոլ չգրանցվեց։ Մրցակարգի համաձայն, նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որում գործում էր «արծաթե» գոլի կանոնը։ Այստեղ հաջողությունն ուղեկցեց «Փյունիկին»։ 94-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կարեն Ալեքսանյանը գլխի հարվածով խոցեց Գառնիկ Հովհաննիսյանի դարպասըՙ հաղթանակ պարգեւելով «Փյունիկին»։ Այսպիսով, երկրի չեմպիոնը 3-րդ անգամ նվաճեց Սուպերգավաթըՙ այդ ցուցանիշով հավասարվելով «Շիրակին»։