Թուրքիայի պաշտոնական եւ Հայաստանի ընդդիմության տեսակետներն ակամա համընկնում են
Պաշտոնական Անկարայիՙ Երեւանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն ընդգծված հակահայկական է ու թշնամական եւ 1991 թ. ի վեր չի փոփոխվել։ Թերեւս փոխվել է հակահայկական քաղաքականության մարտավարությունը։ Եթե մինչեւ 1994 թ. Թուրքիան ակնհայտ ռազմական սպառնալիքներ էր հնչեցնում իր իսկ կողմից շրջափակած Հայաստանին, ապա ղարաբաղյան պատերազմից հետո, հավանաբար զգալով սպառնալիքներով հարեւանից զիջումներ կորզելու մարտավարության սնանկությունը, հակահայկական պայքարը տեղափոխեց քարոզչական ոլորտ։
Թուրքիան շարունակում է մերժել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումըՙ դա պայմանավորելով մի քանի նախապայմաններով։ Ահա հայ-թուրքական ներկա հարաբերությունների (կարդալՙ հարաբերությունների բացակայություն) պայմաններում Հայաստանի նախագահը նպատակահարմար չի համարում մասնակցել Ստամբուլում կայանալիք (հունիսի 28¬29) ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին։
Նախ, նախագահ Քոչարյանի մամլո խոսնակը, ապա արտգործնախարար Վարդան Օսկանյանը պարզաբանեցին Ստամբուլ մեկնելուց հրաժարվելու նախագահի դիրքորոշումը. չնայած հայկական կողմի բազում հայտարարություններինՙ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, դրական արդյունքներ չկան։ Մասնավորապես Օսկանյանը կրկնեց, որ Երեւանը պատրաստ է Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։
Թուրքիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, մայիսի 20-ին Մոսկվայում մեկնաբանելով Հայաստանի նախագահի որոշումը, հիշեցրեց, որ «սա ՆԱՏՕ-ի գագաթաժողովն է»։ «Հայաստանը սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում ներկայացուցչություն ունի Ստամբուլում։ Միգուցե Հայաստանը փակի՞ դա», ասել է Գյուլը։
Ըստ էության, թուրք արտգործնախարարը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը պայմանավորել Քոչարյանիՙ Ստամբուլ մեկնելուց հրաժարվելու պատճառաբանությամբ։ Մյուս կողմից, Գյուլը չի մոռացել հազարերորդ անգամ հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական ուժերն ազատեն «ադրբեջանական զավթված տարածքները»։
Թուրքիայի կենտրոնական թերթերից «Ջումհուրիեթը» մայիսի 30-ի համարում տպագրած հոդվածում («Երեւանի հետ հարաբերություններն առկախվել են») հիշեցնում է, որ «Անկարա-Երեւան հարաբերություններում սպասվելիք «բնականոնեցման գործընթացը» չի կարող սկսվել, քանի որ Հայաստանը դրական քայլեր չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ խնդիրներում։ Անկարան ձեւակերպում է, որ ներկա պայմաններում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանադռան բացումը չի մտնի օրակարգ»։
«Ջումհուրիեթը» նաեւ նկատում է, որ Ստամբուլում Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը նախատեսել էին քննարկել ԼՂ խնդիրը եւ հայկական ուժերիՙ փուլ առ փուլ (Ադրբեջանի տարածքից-խմբ.) դուրս բերելու Բաքվի առաջարկությունը։ «Այսպիսով, Քոչարյանը նկատել է տալիս, որ չի քննարկի այս թեման», գրում է թերթը։
Ինչպիսի մեկնաբանություններ էլ տրվեն, ակնհայտ է մեկ պարզ ճշմարտություն։ Միջազգային պրակտիկայում, երբ երկու պետությունների միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, ըստ տվյալ իրավիճակի, կարելի է նաեւ հարաբերություններ չունեցող երկրում անցկացվող միջոցառմանը մասնակցել մեկ կամ մի քանի աստիճան ցածր մակարդակով։ Այնպես որ, Քոչարյանի Ստամբուլ մեկնելուց հրաժարվելը դիվանագիտական պրակտիկային անսովոր երեւույթ չէ։
Անսովորը թերեւս Թուրքիայի պաշտոնական եւ Հայաստանի ընդդիմության (որոշ հատվածի) տեսակետների համընկնումն է։
Եթե թուրք պաշտոնատարները եւ մամուլը Քոչարյանի Ստամբուլ մեկնելուց հրաժարվելը ծառայեցնում են պաշտոնական Անկարայի քաղաքական օրակարգին իբր Հայաստանն է չկամ եւ Անկարայի հետ հարաբերություններ չի հաստատում, ապա Հայաստանի ընդդիմությունն այդ փաստն օգտագործում է ներքաղաքական եւ դրսի ուժերինՙ իր գոյության մասին հիշեցնելու նպատակով։ Ի՞նչ ձեռքբերում պետք է արձանագրեր Հայաստանը Քոչարյանի Ստամբուլ մեկնելով։ Պարզապես պետք է հիշել, որ 1991-ից ի վեր Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաների Ստամբուլ կամ Անկարա հաճախակի այցելություններով հայ-թուրքական հարաբերություններում բոլորովին էլ բեկում չէր գրանցվում։ Հակառակըՙ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայմանների թիվն էր ավելացնում։
Հետեւաբար ներկա պայմաններում Քոչարյանի Ստամբուլ այցը ավելի ուժգին քննադատության պիտի արժանանար իրավամբ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ