Իվանչուկից կրած պարտությունը ճակատագրական եղավ
Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական 5-րդ առաջնության պարգեւների համար բավական թեժ մրցակցություն ծավալվեց հատկապես մրցաշարի վերջնագծում։ Փաստորեն, ավարտական 3 տուրերը վճռորոշ եղան։ Ցավոք, առաջնությունում գերազանց հանդես եկած Լեւոն Արոնյանի միակ «սայթաքումը» ճակատագրական եղավ չեմպիոնի կոչման համար մղած պայքարում։ 11-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց Անդրեյ Իստրատեսկուին, իսկ ահա հաջորդ տուրում զիջեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, որն այդ պահին Լեւոնից ետ էր մնում կես միավորով։ Արոնյանն առաջին պարտությունը կրեց, որը փաստորեն թանկ նստեց հայ գրոսմայստերին։ Ավարտական տուրում ոչ-ոքի խաղալով Բարտոլոմեո Մաչեյայի հետ, Արոնյանը մրցաշարն ավարտեց 8,5 միավորով։ Նույնքան միավոր էին վաստակել նաեւ Դավիթ Նավարան, Եվգենի Միրոշնիչենկոն, Միխայիլ Գուրեւիչն ու Անդրեյ Իստրատեսկուն։ Իսկ Վասիլի Իվանչուկն ու Պրեդրագ Նիկոլիչն իրենց օգտին գրանցել էին 9-ական միավոր։
Այնպես որ, եթե Արոնյանը հաղթեր Իվանչուկին, ապա կհռչակվեր Եվրոպայի չեմպիոն, իսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում ոսկե մեդալի համար լրացուցիչ մրցախաղ կանցկացներ Պրեդրագ Նիկոլիչի հետ։ Սակայն ցավալի պարտության պատճառով Արոնյանը ստիպված էր լրացուցիչ մրցախաղի մասնակցել միայն բրոնզե մեդալի համար։ Եվ հայ գրոսմայստերն իրեն կրկին հիանալի դրսեւորեց։ Քանի որ 5 շախմատիստ վաստակել էր հավասար միավոր, նախ Միխայիլ Գուրեւիչն ու Անդրեյ Իստրատեսկուն անցկացրին նախնական փուլի 2 մրցախաղ արագ շախմատի կանոններով։ Յուրաքանչյուր պարտիային տրվում էր 15 րոպե ժամանակՙ յուրաքանչյուր կատարված քայլի համար մրցակիցներին տրամադրված ժամանակն ավելանում էր 10 վրկ-ով։ Իստրատեսկուն երկու պարտիաներում էլ հաղթեց եւ հաջորդ փուլում մրցեց Դավիթ Նավարայի հետ։ Մյուս զույգը կազմեցին Լեւոն Արոնյանն ու Եվգենի Միրոշնիչենկոն։
Առաջին պարտիայում սպիտակներով խաղացող Արոնյանը պարտվեց, սակայն հաջորդում սեւերով ռեւանշի հասավ։ Հաղթողին որոշելու համար նրանք եւս երկու պարտիա անցկացրին, այս անգամՙ կայծակնային։ Երկուսում էլ Լեւոնն առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Հաղթելով 3-1 հաշվով, Արոնյանը բրոնզե մեդալի համար մրցավեճում հանդիպեց Անդրեյ Իստրատեսկուի հետ, որը 1,5-0,5 հաշվով պարտության էր մատնել Դավիթ Նավարային։ Այստեղ էլ Լեւոնն իրեն հիանալի դրսեւորեց։ Մրցակցության ելքը վճռեց առաջին պարտիան, որում Լեւոնը սեւերով հաղթեց։ Երկրորդ պարտիան սպիտակներով ավարտելով ոչ-ոքի, Արոնյանը դարձավ Եվրոպայի 5-րդ առաջնության բրոնզե մրցանակակիր եւ որպես պարգեւ ստացավ 4 հազար եվրո։ Հայաստանի շախմատասերների անունից շնորհավորում ենք տաղանդավոր հայ գրոսմայստերին հաջողության առթիվ։
Իսկ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացավ ուկրաինացի 35-ամյա գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը։ Նա եւս լրացուցիչ մրցախաղ անցկացրեց բոսնիացի Պրեդրագ Նիկոլիչի հետ։ Երկու պարտիաներն էլ ավարտվեցին Իվանչուկի հաղթանակով։ Փաստորեն, Իվանչուկի համար էլ Արոնյանի նկատմամբ տարած հաղթանակը վճռորոշ էր։ Իվանչուկը պարգեւատրվեց 8 հազար եվրոյով, իսկ արծաթե մրցանակակիր Պրեդրագ Նիկոլիչըՙ 5 հազար եվրոյով։
Այժմ անդրադառնանք մեր մյուս շախմատիստների ելույթներին։ Կարեն Ասրյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակեցին 8-ական միավոր, որը եւս բավական բարձր արդյունք է։ Նման արդյունք էին ցույց տվել եւս 7 շախմատիստներ, ուստի տեղերի բաշխման համար նրանք էլ լրացուցիչ մրցախաղ անցկացրին։ Վիճակահանությամբ Ասրյանը մրցեց Սարգսյանի հետ։ 1,5-0,5 հաշվով հանդիպումը շահեց Կարեն Ասրյանը, որը զբաղեցրեց 12-րդ տեղը, իսկ Գաբրիելը տեղ զբաղեցրեց մեկ հորիզոնականով ներքեւ։ Մեր երկու շախմատիստներն էլ արժանացան 1111-ական եվրո պարգեւավճարի։ Աշոտ Անաստասյանը 7 միավորով գրավեց 27-րդ տեղը, 6,5-ական միավոր վաստակեցին Արտաշես Մինասյանը (37-րդ տեղ) եւ Արման Փաշիկյանը (40-րդ տեղ)։ Տիգրան Պետրոսյանը 6 միավորով զբաղեցրեց 46-րդ տեղը։