«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2004-05-27 | #98, 2004-05-28 | #99, 2004-06-01


ԳՈՒՅՔԱԳՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ 1986 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԵԼ

Բնապահպանական խնդիրները ծրագրային տեսությունների շրջանակներում առայժմ միայն միամիտ մարդուն են լավատեսություն ներշնչում։ Արդեն ավանդույթ դարձած կանաչահատումների սկզբից ի վեր երեւանյան ու հանրապետական մակարդակներով միշտ էլ կանոնավոր ծրագրեր են կազմվել, իսկ զուգընթաց ծառ ու թփի զոհաբերումը բիզնեսի շահերին ավելի կատաղի բնույթ է ստացել։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը երեկ լրագրողներին ծանոթացրեց հերթականՙ ներկա եւ ապագա այդպիսի ծրագրերին։

Նախ վերականգնվել է քաղաքի գլխավոր դենդրոլոգի ծառայությունը։ Կանաչապատման հետ կապված մասնագիտական, վերահսկողական գործառույթներն իրականացնում է կանաչապատման վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը։ Թաղային համայնքներում մշակվել են իրենց տարածքներում կանաչապատման, եղածի պահպանման, ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներ։ Ընդհանուր հաշվով այդ աշխատանքների իրականացման համար կծախսվի 340 մլն դրամ։ Տարեսկզբից խնդիր էր դրվել գույքագրել քաղաքիՙ ոչնչացումից դեռ փրկված կանաչ տարածքները, տնկարկների որակական ու քանակական ցուցանիշները։ Ռոմիկ Կոսեմյանը հայտնեց, որ թաղային համայնքներում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ տվյալները օրերս կտրամադրվեն նաեւ հասարակությանը։ Այս միջոցառումը հիշեցնում է մահամերձ մարդու մոտ բժիշկ բերելու ուշացած սրտացավության, երբ հիվանդությունն այնքան է զարգացել, որ վիրաբուժական միջամտությունն էլ անիմաստ է։

Հաստատվել է կանաչ գոտիների պահպանման ու օգտագործման կանոնակարգը։ Վերջինս հավակնում է կանոնակարգել ապօրինի գործողությունների հետեւանքով վնասված կանաչ գոտիների խնդիրները։ Ըստ նոր փաստաթղթի, դրանք բոլորը որեւիցե շինարարություն սկսելուց առաջ պիտի համաձայնեցվեն քաղաքի գլխավոր դենդրոլոգի հետ, որին այդ հարցում օգնելու է նաեւ մասնագիտական խորհուրդը։ Այսինքն, հույս կա, որ այսուհետեւ բնապահպանական անօրինականությունների սկզբնաղբյուրը կոնկրետ, տեսանելի հասցե կունենա բոլոր նրանց համար, ում վրդովեցնում են այս ասպարեզի անպատիժ օրինախախտումները։ Համատեղ աշխատանքային ծրագիր է մշակվում նաեւ քաղաքապետարանի եւ բնապահպանության նախարարության միջեւ։ Այս համագործակցությունը, վարչության պետի գնահատմամբ, արգասավոր կարող է լինել. որեւէ խախտում հայտնաբերելու դեպքում իրենք կարող են օգտագործել նախարարության տեսչական կառույցները, ինչի հնարավորություն քաղաքապետարանը չունի։

Իսկ այս բոլոր ծրագրերից անդին քաղաքում չեն դանդաղում կանաչի հաշվին օրինախախտումները։ Դրանց մի մասը հիմա տեղափոխվել է ծայրամասային թաղամասերը։ Ըստ էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դիտարկումների, Երեւանի նախկին 1200 հա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներից այսօր մնացել է ընդամենը 500 հա։

Ամեն տարվա նման, այս տարի էլ Երեւանում ծառատունկ անցկացվեց. պատկառելի թիվ է նշվումՙ 20 հազար ծառ տնկվեց։ Սակայն սովորաբար ծառատունկային խանդավառությունը մեկ օրից ավելի չի տեւում։ Եվ չի էլ կարող տեւել, քանի որ 70 տոկոսով խարխլված ոռոգման ցանցի առկայության պայմաններում, ցանկության դեպքում իսկ հնարավոր չէ ծառ ջրել ու խնամել։ Իսկ մայրաքաղաքի ոռոգման համակարգի համալիր վերականգնումը նույնիսկ ծրագրային շրջանակի մեջ չի հայտնվել։

Այս գարնան առատ անձրեւները, բարեբախտաբար, մարդու ծառատունկային երեսպաշտության մեղքը քավել են. աննախադեպ փարթամացել է խոտ ու կանաչը, եւ քաղաքը պսակող արվարձանային, նաեւ ներքաղաքային հատվածներում Երեւանի շնչառությունը բացվել է։ Համենայն դեպս, անկախ ոռոգման ցանցի բացակայությունից, այսօր հայտարարվել է իբրեւ ոռոգման սեզոնի սկիզբ։ Ոռոգման ջուր կտրվի այն համայնքներին, ուր ցանցն այս կամ այն չափով բարվոք վիճակում է կամ նոր է կառուցվել, ինչպես Նոր Նորքի զանգվածներում։

Տնտեսվարողները խոստացել են կարգի բերել իրենց օբյեկտների ջրահեռացման համակարգերը

Հրազդանի կիրճում տեղավորված 8 տնտեսվարող սուբյեկտների գործերը դատախազություն են տարվել, որովհետեւ նրանք արդեն տարիներ չեն լուծում իրենց օբյեկտներից կենցաղային կեղտաջրերի հեռացման խնդիրները։ Աերացիայի կայան ուղղվելու փոխարեն դրանք լցվում են Հրազդան գետը։ Բոլոր օբյեկտների տերերը վարչական տույժերի են ենթարկվել, թեկուզ ուշացած, այնուամենայնիվ, այդ շինությունների փաստաթղթերը ներկայացվել են էկոլոգիական փորձաքննության։ Դրանց արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց ակնկալվում է, որ ակնհայտորեն անթույլատրելի խախտումներ արած օբյեկտներից մի քանիսի գործունեությունը կսահմանափակվի կամ նույնիսկ կդադարեցվի։ Մինչ այդ, օբյեկտների տերերը պատրաստակամություն են հայտնել կարգի բերել իրենց ջրահեռացման համակարգերը։

Քաղաքի միջով հոսող Գետառը եւս Հրազդանի բախտակիցն է։ Երկար տարիներ առափնյա օբյեկտները նրա ջրերը եւս աղտոտում են։ Այս պահին քաղաքապետարանի վարչությունը առողջապահության ու բնապահպանության նախարարությունների հետ սկսել է հետաքննել, հաշվառել այն բոլոր սուբյեկտներին, որոնք մեղքի իրենց բաժինն ունեն Գետառի աղտոտվածության մեջ։ Նրանց եւս սպասվում են պատժամիջոցներ, նույնիսկ գործունեության դադարեցում։ Սակայն սույն հանգամանքը եւս տեսական սպառնալիքների շրջանակում է։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4