Վանդակներ չեն լինելու, իսկ մեղադրյալները փողկապներով կմտնեն դահլիճ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ազգային ժողովում երեկ շարունակվում էին 2003 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունները։ «Թերություններ բոլորի աշխատանքում էլ կարող են լինել, այլ խնդիր է, թե դրանք որքանո՞վ էական են։ Ես մեր համակարգում էական թերություններ չեմ տեսնում։ Բյուջետային հատկացումները եղել են գրեթե 100 տոկոսով։ Կարծում եմ, որ դրանք բավարար չեն, բայց արտացոլում են մեր երկրի ներքին վիճակը։ Առավել լուրջ ներդրումների կարիք ունեն դատական եւ քրեակատարողական համակարգերը», դատաիրավական ոլորտի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Անցած տարվա ընթացքում հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության բնագավառներին պետբյուջեից հատկացվել է 20.8 մլրդ դրամ, որը 525,1 մլն դրամով զիջում է ծրագրային ցուցանիշին։ Իբրեւ թերակատարման պատճառ նշվում է Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով մեկնարկածՙ դատաիրավական բարեփոխումների ծրագրի ոչ լիարժեք իրականացումը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսված ծախսերը կատարել են 67,6 տոկոսով։
Արդարադատության նախարարը նշեց, որ այս համակարգը խորհրդային տարիներին բացարձակապես անտեսվել է։ Գործել են կիսանկուղային դատարաններ, ուր դատական նիստի մասնակիցներից շատ առնետներ են վխտացել։ Այդպիսին է եղել, օրինակ, նախկին Խորհրդային շրջանի դատարանը։ Արաբկիրի դատարանը տեղավորված է եղել անհայտ հողաշեն կառույցում, Աշտարակինըՙ հասարակական զուգարանի շենքում։ Այդ բոլոր դատարանները տեղափոխվել են նոր, հարմարավետ կառույցներ։ Արագ լուծումների ենթակա պրոբլեմներ կան քրեակատարողական ասպարեզում։ Առ այսօր Գորիսի բանտը գտնվում է 1810 թ. կառուցված շենքում, որ երկար ժամանակ իբրեւ ախոռ է ծառայել։ Կիսափուլ շենքերում են տեղավորված մյուս բանտերը եւս։
Համաշխարհային բանկի հետ իրականացվող դատարանների բարենորոգման ծրագիրը շինարարական ու կառուցվածքային նոր նորմատիվներ է սահմանում, եւ յուրաքանչյուր նորակառույց դատարան համապատասխանելու է դրան։ Իսկ եթե շենքը պարզապես նորոգվում է, հնարավորինս հարմարեցվելու է այդ չափանիշներին։ Նոր կառուցվող դատարանները հնարավորություն են տալիս տարանջատել դահլիճ մտնող մարդկանց հոսքերը։ Վկաների անվտանգությունն ապահովելու, որեւէ մեկի կողմից նրանց նկատմամբ որեւէ ճնշում բացառելու համար առանձին մուտք է նախատեսվել նրանց համար։ Ըստ նախարարի, որոշ դատարաններում իրենք պատրաստվում են ստեղծել նաեւ ձայնամեկուսիչ պատնեշներ, որպեսզի վկայի համար լսելի չլինեն դատարանի դահլիճից հնչող ռեպլիկները, որոնք աննպաստ ազդեցություն կարող են ունենալ դատավարության ընթացքի վրա։
Իբրեւ կարեւոր բարեփոխություն, առաջիկայում նախատեսվում է նաեւ դատական նիստի դահլիճներն ազատել վանդակներից։ «Որեւէ նոր դատարանում դուք այլեւս վանդակ չեք տեսնի, որովհետեւ վանդակի մեջ գտնվող ամբաստանյալը, ինքնին ազդում է դատավորի օբյեկտիվության վրա», խոստացավ արդարադատության նախարարը։ Նույն նկատառումներով քննարկվում է նաեւ մեղադրյալի հագուստի հարցը։ Նա դահլիճ պիտի բերվի ե՛ւ կոստյումով, ե՛ւ փողկապով (ինչպես մեղադրողները), եթե այդպիսի ցանկություն ունի։
Որոշակի աշխատանքներ են իրականացվել էլեկտրոնային օրենսդրություն ստեղծելու ուղղությամբ։ Նախնական հաշվարկների համաձայն, այդ նորամուծությունը արժենալու էր 350 հազար դոլար։ Սակայն կիրառվել է այլընտրանքային, անհամեմատ անկատար իրտեկ համակարգը, որն արժեցել է 120 հազար դոլար, հաջողվել է տնտեսել 230 հազար դոլար։ Ընդհանրապես, ըստ Դավիթ Հարությունյանի, իրենք առաջնորդվել են հնարավորինս տնտեսելու, խնայելու սկզբունքով։ Հետեւանքը եղել է այն, որ 2003 թ. հաջողվել է կատարել 2 անգամ ավելի շատ աշխատանք, քան նախորդ մի քանի տարիներին։ «Ընդհանուր առմամբ, մեր դատաիրավական համակարգի վիճակն անհամեմատ ավելի բարվոք է, քան ԱՊՀ շատ երկրներում, չնայած ֆինանսական սուղ միջոցներին», վերջնականապես այս համոզման է նախարարը։
Արդեն հայտնի է, որ վերահսկիչ պալատի հաշվետվության հետ կապված գործը հասել է դատախազություն։ Արդարադատության նախարարը շատ հանգիստ է վերաբերվում իրողությանը։ «Որեւէ խնդիր չեմ տեսնում այստեղ», հայտարարեց նա։