- Նախ եւ առաջ, ասաց նա, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Ազգ» թերթին, նրա գլխավոր խմբագրին բարոյական մեծ աջակցության համար։ Անցած իրադարձությունների վերաբերյալ ձեր հետեւողական անաչառ հրապարակումները էապես նպաստեցին հասարակական կարծիքի ստեղծմանը ընդդեմ հայ եկեղեցու միասնության պառակտման փորձերի։
- Սրբազան հայր, չուզենալով փորփրել ձեր նշած իրադարձությունների հանգամանքները, միաժամանակ չեմ կարող չհարցնելՙ արդյոք խնդիրը զուտ ներեկեղեցական չէ՞ր, ինչքանո՞վ էր պահանջվում Ռուսաստանի աշխարհիկ, մասնավորապես արդարադատության մարմինների միջամտությունը։
¬ Հարցն իրոք զուտ ներեկեղեցական էր։ Բայց մեր թեմը, լինելով Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցչություն Ռուսաստանում, ստիպված էր հաշվի առնել կրոնական կազմակերպությունների ու դրանց գործունեության վերաբերյալ այս երկրում գործող օրենսդրության որոշ պահանջներ ու յուրահատկություններ։ Օրինակ, ռուսաստանյան օրենքները կրոնական ներկայացուցչությունների համար խոչընդոտ չեն ստեղծում ունենալու մեկից ավելի հոգեւոր առաջնորդ։ Եվ եթե դա անընդունելի է մեր եկեղեցու համար, ապա այդ արտոնությունից օգտվել են, ասենք, հրեաներն ու թաթարները։ Ոմանք էլ էին ուզում օգտվել։ Հետո, ամեն մի կրոնական ինքնուրույն համայնք կարող է ստանալ օրինական գրանցման թույլտվություն, եթե հաստատում է իբրեւ կրոն կամ վարդապետություն իր 15-ամյա գոյության փաստը։ Ահա եւ, գրանցված վերոհիշյալ «հայկական» կրոնական կազմակերպությունները նախ չունեին պահանջված «ստաժը»։ Բայց դա չէր ամենամեծ սրբապղծությունը։ Դրանք ներկայացված էին ոչ ավել, ոչ պակաս, Հայ առաքելական եկեղեցուՙ Էջմիածնի անունից, չունենալով հայոց հոգեւոր բարձրագույն իշխանության համաձայնությունը։ Եվ այս բացահայտ ապօրինի իրավական գործողությունների դատական լուծման գործընթացը մեզանից խլեց երեք տարի։
- Խաչ քաշենք, սրբազան, ու անցնենք առաջ։ Հիմա ո՞րն է ձեր առաջնահերթ խնդիրը։
¬ Թեմը պետք է դարձնել կազմակերպական կուռ կառույց։ Մեր հիմնական առաքելությանՙ հավատքի քարոզման ու սերմանման հետ խնդիր է դրված զարգացնել եկեղեցաշինական, հրատարակչական, բարեգործական, լուսավորչական գործունեությունը։
- Ի՞նչ փուլում են նորՙ Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման աշխատանքները։
¬ Ամենակարեւորըՙ դրանք վերսկսված են։ Քաղաքի կենտրոնական հարգի թաղամասերից մեկում, մեծ ու գեղեցիկ եկեղեցի կունենանքՙ բոլոր օժանդակ հարմարություններովՙ որպես հոգեւոր ու մշակութային ամբողջական համալիր։
- Լսել եմ, որ դուք գերխնդիր եք դրելՙ ավարտել այն երկու տարում։
¬ Կուզենայի, որ դա չդիտվեր որպես գերխնդիր, որովհետեւ միակ նորակառույցը չի լինի։
- Ուրիշ եկեղեցի՞ էլ եք նախատեսել։
¬ Նախաձեռնում ենք հայկական եկեղեցի կառուցել մոսկովյան Պակլոննայա Գորայում գտնվող Հաղթանակի հուշահամալիրի տարածքում։ Ինձ համար թանկ արժե ազնվասիրտ հայորդի, հայտնի բանկիր, «Ռոսգոսստրախի» նախագահ Ռուբեն Վարդանյանի խոստումը ըստ ամենայնի աջակցելու այդ սուրբ գործի իրականացմանը։ Ի դեպ, այնտեղ արդեն գործում են ռուսական ուղղափառ եկեղեցի, սինագոգ, մզկիթ։ Ես նաեւ չեմ բացառում, որ մոսկվացի երեւելի հայերը կհետեւեն հայ եկեղեցու նվիրյալ բարերար, Ս. Գրիգոր Լուսավորչի շքանշանակիր Արթուր Բաղրյանի օրինակին, որն իր սեփական միջոցներով իր իսկ «Արտիկո» համալիրում կառուցել է սքանչելի հայաքար մի մատուռ, որը լիարժեք գործում է արդեն երեք տարի։
- Իսկ չե՞ք պատրաստվում նորոգել տարաբախտ Սուրբ Հարություն եկեղեցին, որին հարող ձեր նստավայրում մենք զրուցում ենք։ Մարդու սիրտ է ճմլվում նրա անմխիթար, անշուք վիճակից։
¬ Ծրագրել եմ Սուրբ Խաչ եկեղեցու առաջին հարկաբաժինն ավարտելուց հետո այնտեղ ժամանակավոր աղոթատուն բացել տեղի հայության համար։ Դա ինձ հնարավորություն կտա սկսելու ձեր ասած «տարաբախտ» եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները։ Նա իրոք դրա կարիքն ունի։
- Բավարարեք պրոֆեսիոնալ հետաքրքրությունսՙ թերթ չե՞ք հրատարակելու։
¬ Կարող եմ անունն էլ ասելՙ «Առաքյալ»։ Այն կլինի հոգեւոր-աշխարհիկ։ Հայ եկեղեցին չի կարող հաշվի չառնել ներկայիս կյանքի հրամայականները։ Լույս ենք ընծայել ու կընծայենք բազմաբնույթ գրքեր։
- Սրբազան, գաղտնիք չէ, որ ձեր բոլոր կոնկրետ ու նախանշած մտահղացումները նյութական մեծ միջոցներ են պահանջում։ Մոսկվայի հայերը պատրա՞ստ են, ինչպես ասում են, սատար կանգնելու ձեզ։
¬ Լիահույս եմ, քանզի ամեն տեսակ խնդրանքով դիմել եմ քաղաքի բոլոր աչքի ընկնող հայազգի պետական ու հասարակական գործիչներին, գործարար մարդկանց եւ ոչ մեկից մերժում չեմ ստացել։ Պետերբուրգում տեղի հայության շնորհիվ, բառի բուն իմաստովՙ մեռյալ վիճակից կենդանացրինք երկու շքեղ եկեղեցի, իսկ Մոսկվայի հայերի հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Նոր եկեղեցու կառուցման գործում եւ ընդհանրապես կուզենայի նաեւ հենվել Ռուսաստանի հայերի միության ու նրա նախագահ Արա Աբրահամյանի աջակցության վրա, որի ազգանվեր ծառայություններն անուրանալի են։ Ի դեպ, բարեհաճություն եմ ակնկալում նաեւ Ռուսաստանի բարձրագույն իշխանական կառույցներում աշխատող այն բազմաթիվ պիտերցիներից, որոնց հետ անձնական ծանոթություն ունեմ տակավին Նեւայի քաղաքում ունեցած հովվական ծառայության տարիներից։
- Սրբազան, Զատկի տոնը ու հատկապես Եղեռնի տարելիցի նշումը ցույց տվեցին, որ մոսկվահայության ուշադրությունը հայ եկեղեցու նկատմամբ հսկայական է։ Ես չեմ հիշում հայության նման ծով ամբոխ Ռուսաստանի մայրաքաղաքում։
¬ Ավելին ասեմ, հոգեւոր զարթոնք է նկատվում ողջ Ռուսաստանի, մեր թեմի մեջ մտնող մյուս նորանկախ պետությունների հայաշատ վայրերում։ Վերջին մի քանի տարում Աստծո կամոք շնորհ եմ ունեցել օծելու 7 եկեղեցի, մի այդքան էլ շուտով կկառուցվի։ 11 ծուխ ունեինք, դարձել է 43։ Բացվում են ազգային-հասարակական-մշակութային կազմակերպություններ, լույս են տեսնում թերթեր, բազմանում են կիրակնօրյա դպրոցները եւ այլն։
Գործելու ժամանակն է։ Հայ հոգեւորականիս պարտքն ու նպատակն է հավատքի, միաբանության, համերաշխության մեջ պահել մեր ժողովրդին, նրա հատվածներին շաղկապել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, հայոց աշխարհի, հայոց պետության հետ։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա