«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2004-06-01 | #100, 2004-06-02 | #101, 2004-06-03


ԱՐԵՎԻ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԼՈՂԱՆԱԼ, ԱՅԼԵՎ... ՏՈԼՄԱ ԵՓԵԼ

Մեր գյուղերում արեւային բաղնիքներ ստեղծելու «Տեխնոստանդարտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկը իրականություն կդառնա շատ կարճ ժամանակ անց, եթե հայտնվեն առաջին համարձակ պատվիրատուները։ Արեւային բաղնիքներում կօգտագործվեն մինչեւ 100 կվտ հզորության ԴՎՀ տիպի արեւային ջրատաքացուցիչներ, որոնք հնարավորություն կտան օրական սպասարկելու 200-300 մարդու։ Ի դեպ, առաջին 10 պատվիրատուների համար ընկերությունը նախատեսում է զեղչեր։ Տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Համազասպյանը մշակել է արեւի էներգիայի օգտագործման այլընտրանքային տարբեր ուղղություններ, որոնց միջոցով կարելի է կազմակերպել սննդի արտադրություն, կաթի ու մրգերի վերամշակումՙ ստանալով էկոլոգիապես մաքուր արտադրանք։

«Արեւային տեխնիկայով մեզանում զբաղվում են շատ ընկերություններ, թե երկարամյա փորձ ունեցող, թե նոր-նոր ստեղծվող։ Դա միանգամայն նորմալ է, քանի որ Հայաստանում դրանով չզբաղվելը նման է հանցագործության։ Ունենք հզոր արեւ, կան արտադրական մեծ հնարավորություններ։ Մեր երկիրը զրկված է էներգետիկ ռեսուրսներից, հետեւաբար պետք է ունենանք պահեստային հարուստ միջոցներ էներգետիկ պակասը լրացնելու համար, որպեսզի կարողանանք էներգետիկ կենսունակություն ապահովել։ Արեւային տեխնիկայի օգտագործման բազմաթիվ հնարավորություններ կան, եւ պետք չէ սահմանափակվել միայն էներգետիկ ոլորտում խնդիրներ լուծելով»։ Պրն Համազասպյանն ամենից առաջ կարեւորում է տարբեր հզորության արեւային համակարգերի սերիական ստեղծումն ու արտահանումը, որն առավել արդյունավետ կլինի Հայաստանի արդյունաբերության զարգացման համար։ Նա առաջնային է համարում ակադեմիկոս Պարիս Հերունու «Արեւ» նախագիծը, ափսոսալով, որ կառավարությունը զլանում է միջոցներ գտնել, իսկ մասնավորի հետ համագործակցությունն առայժմ գլուխ չի գալիս։

«Մեր պատրաստած սարքերը կարելի է տեղադրել Միջերկրական ծովի ափերում ու հայկական համեղ կերակուրներ պատրաստել», ասում է պրն Համազասպյանը։ Իսկ Սեւանի ափի՞ն։ «Իհարկե, կարելի է, մանավանդ որ դրանք նորություն են, առայժմ ոչ մի երկրում նման փորձ չի արվել։ Մենք գտել ենք անգամ արեւից պաշտպանվելու ձեւըՙ հարմարավետ հովանոց պատրաստելով սարքի մոտ կերակուր եփողի համար։ Մնում է հայտնվի սարքն առաջին անգամ հասարակական վայրում կիրառողը»։

Արեւային տեխնիկայի արտադրությունն, ըստ նրա, նպատակահարմար է կազմակերպել Ղարաբաղում, սակայն դեռ կոնկրետ ծրագրեր չկան։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4