«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2004-06-03 | #102, 2004-06-04 | #103, 2004-06-05


ՃԳՆԱԺԱ՞Մ - ԱՊԱՎԻՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ

Պատմական անցյալի փորձից մի բան եզրակացրել ենք, որ մենքՙ հայերս, բռունցքվում ենք միայն վտանգի պահին, եւ ֆիզիկական, բարոյական, հոգեւոր ճգնաժամային պահերին հայտնվում են անհատներ, որոնք կրելով հասարակական պատասխանատվություն, կարողանում են իրենց հետեւից տանել շփոթված զանգվածներին, վերջիններս էլ ինքնապահպանման բնազդի ուժգնությունից հետեւում են նրանցՙ զինվորական լինի, ազգային գործիչ, թե մտավորական։ Մի բան էլ լավ գիտենք, որ այդ մարդկանց գնահատում ենք մահից հետո միայն։

Որքան էլ հասարակական առաջընթացը պայմանավորված լինի հզոր մտքի տեր անհատականությունների գոյությամբ, հասարակության մեջ առաջադեմ մտայնություններ կրող առողջ բջիջների գոյությունը պարտադիր է (չնայած որեւէ ստեղծագործ արժեքավոր միտք, միեւնույն է, երբեւէ կայանում է, քանի որ հունդն արդեն իսկ նետված է)։

Սակայն գլոբալ ճգնաժամային իրավիճակներում, երբ սերնդակրթության բարոյական եւ ազգային բովանդակությունն է խաթարվում, այդ սակավաթիվ անհատների կամ առողջ բջիջների մեկուսացված եւ կղզիացված վիճակը, բնականաբար, մեծ մասշտաբով արդյունավետ չի կարող լինել։ Ուստի դրանց ընդլայնումը դառնում է անհրաժեշտություն։ Տեսականորեն դյուրին է կառուցել այդ համակարգը, սակայն իրագործելն է դժվար։ Մեր հարգելի մտավորականներից մեկն իր ծրագրի իրականացման ճանապարհին դժվարություններից ամենալուրջը ոչ այնքան ֆինանսների, որքան պրոֆեսիոնալ մարդկային ներուժի պակասն էր համարում։

Սովորաբար սիրում ենք քննադատության սլաքներն ուղղել իշխանություններին, որոնք պարտավոր են մշակել պետական ազգային քաղաքականություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, նպաստավոր պայմաններ ստեղծելով գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման համար։ Սակայն այսօր իրավիճակն ընդհանուր առմամբ է բնորոշվում իբրեւ ճգնաժամային, փնտրվում են մեղավորներ ընդդիմության դաշտում կամ իշխանական մատույցներում։ Նման ճգնաժամերը անցումային պայմանական ազատությունների փուլերում ժողովուրդների պատմական ընթացքներին բնորոշ հարաբերական վիճակներ են գուցե։ Համընդհանուր ճգնաժամի պատճառները բազում ենՙ սկսած ամենավտանգավորիցՙ արտագաղթից մինչեւ սոցիալականը, հոգեբանականը եւ այլն։ Բայց երբ բարոյական ապրելակերպի ասպեկտներն են սկսում բացակայել, ճգնաժամն առավել նկատելի է դառնում։ Ե՛վ անհատները, ե՛վ հասարակական առողջ բջիջները, որոնց համար դիմանալ-դիմակայելը լուրջ խնդիր է դառնում, չեն կարող հուսադրել, բացի այդ այստեղ էլ սկսվում է մտածող անհատի կամ խմբի դրաման. իրենց համար գործելու դաշտը նեղանում է միջավայրի բացակայության պատճառով։ Իսկ միջավայրը հասցրել են հնարավորինս աղտոտել։ Ուրեմն իշխանությունների «ախտահարվածությունից» բացի մենք ունենք նաեւ մարդկային ներուժի կարիք, հասարակական ընդհանուր ճգնաժամ։ Քաղաքական ընդդիմությունը համոզված է, թե իրենց հաջողությունը կապահովվի կրիտիկական զանգված հավաքելու դեպքում։ Այդպե՞ս է արդյոք։ Եթե առկա է համընդհանուր ճգնաժամը, համընդհանուր ընդվզում եւս պետք է լինի։ Ուրեմն պատճառները պետք է փնտրել այլ տեղ, այն էՙ հավատի պակասը հասարակական շարժումը առաջնորդողների նկատմամբ, նրանց ծրագրերի կամ գաղափարախոսության բացակայության, ինչու չէ, նաեւ կենսագրության եւ կենսակերպի մեջ։ Քաղաքական լարախաղացությունը սպառել է իրենՙ դառնալով տարիների շարունակական հիասթափությունների պատճառ։ Ժողովրդավարության հիմնական ատրիբուտըՙ մարդու իրավունքները ոտնահարված են վերջին տարիների ընտրությունների բացահայտ խախտումներով եւ անօրինակ կամայականություններով. ժողովրդավարական հիմնական գործընթացում ժողովուրդը որեւէ գործոն չեղավ։

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ աջ ու ահյակ անվստահություն ներշնչող մթնոլորտում, եթե ուզում ենք աշխարհի թատերաբեմում պահպանել մեզ ոչ թե սպառողական գոյությամբ սոսկ, այլ իբրեւ ստեղծագործ ժողովուրդ, իբրեւ արժանի ժառանգորդ իր պատմական հարուստ մշակույթի։ Հուսահատությունն ու անտարբերությունը ամենամեծ թշնամիներն են։ Կարծում եմՙ հարկավոր է հասարակության ընդերքային խմորումներում փնտրել մարդկային թաքնված ներուժը, եւ արդեն ձեւավորված առողջ կառույցների եւ անհատների միջոցով հասարակության մեջ տանել հոգեւոր, մշակութային, կրթական, դաստիարակիչ գործունեություն, որեւէ նոր բան չհայտնաբերելով եւ ամենակարեւորըՙ փաստացի, իրեղեն գործելակերպով։ Մարդկության հազարամյա պատմությունը վաղուց ի վեր հաստատել է այն արժեքային համակարգը, որով առաջնորդվել է պետք։ Իսկ դա կարելի է անել (կրթական համակարգից բացի) գրահրատարակչության, տպագիր մամուլի, ռադիոկայանների, հեռուստատեսությունների միջոցովՙ լայն լսարան ապահովելու համար։

Իսկ ի՞նչ են մատուցում այսօր զանգվածային լրատվամիջոցները եւ գրահրատարակիչները։ Ի՞նչ լրջությամբ եւ ի՞նչ որակով, որո՞նք են համարում առաջնայինը։ Մի քանի մասնավոր բացառություններից բացի ընդհանուր պատկերը մխիթարական չէ։ Ուրեմն հարկավոր է ուժերի համախմբում այդ փոքրաթիվ բացառությունների շուրջՙ ընդհանուր կենսոլորտի առողջացման համար, ինչը ենթադրում է համառ, հետեւողական, համբերատար աշխատանք։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4