«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2004-06-05 | #104, 2004-06-08 | #105, 2004-06-09


ԴՊՐԱՑ ԴԱՍԸ ԱՂՈԹՈՒՄ Է ԵՐԳԵԼՈՎ

Վերջերս Մայր տաճարի երգչախումբը` դպրաց դասը, վերակազմավորվեց եւ համալրվեց նոր ձայներով: Այդ նպատակով հայտարարված մրցույթին մասնակցեցին ինչպես Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողներ, այնպես էլ հայ երգարվեստում հայտնի անուններ` շուրջ քառասուն դիմորդ: Վեց հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից լավագույնները ընդգրկվեցին Մայր տաճարի դպրաց դասում երգելու: Հայտարարված մրցույթի արդյունքների շնորհիվ Մայր տաճարի դպրաց դասը ոչ միայն համալրվեց նոր ձայներով, այլեւ այսուհետ հանդես կգա ոչ թե 27 այլ 32 հոգանոց կազմով:

Մայր տաճարի լուսարարապետ Տ. Արտակ վրդ. Տիգրանյանը մտահոգությամբ նշում է, որ արական ձայների պակաս կա: Նա կարեւորում է նաեւ մեկ այլ հանգամանք.

- Երգի կատարման չափ կարեւոր է երգչի հոգեւոր ներաշխարհն ու հավատքի առկայությունը, - ասում է Հայր Արտակը: - Այս հանգամանքը շատ կարեւոր է, քանի որ դպրաց դասի անդամները ուղղակի կատարողներ չեն, նրանք երգով աղոթողներ են:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դպրաց դասը ստեղծվել է Գեւորգ Է կաթողիկոսի հայրապետության տարիներին եւ ավելի քան 50 տարվա պատմություն ունի: Տարբեր տարիների երգչախմբի դասը տարբեր կազմ ու թիվ է ունեցել, սակայն միշտ էլ փայլել է իր հոգեւոր երգի կատարմամբ եւ հայ ժողովրդին է պարգեւել այնպիսի հնչեղ ձայն ու հայարվեստի ռահվիրաներ, ինչպիսիք են Կոմիտասը, Շարա Տալյանը, Լուսինե Զաքարյանը, Վալերի Հարությունյանը, դիրիժոր Խորեն Մեխանեջյանը եւ այլք:

Հետաքրքրական է, որ հնում դպրաց դասի պաշտոնը կատարել է հավատացյալ ժողովուրդը: Նա կամավոր երգասացությամբ օգնել է հոգեւորականին պատարագի եւ այլ խորհուրդների ընթացքում: Ժամանակի հետ այս խիստ գովելի երեւույթը վերացել է, եւ այժմ դպրաց դաս են կազմում երգչախմբի անդամները: Այնուամենայնիվ, հոգեւոր կյանքի նկատմամբ նկատվող համաժողովրդական հետաքրքրությունը հույս է ներշնչում, որ հավատացյալները եւս ժամանակի ընթացքում կհամալրեն դպրաց դասի շարքերը եւ իրենց աղոթքն առ Աստված կբարձրացնեն եկեղեցական երգերով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4