Իսկ մեզանում կա՞ սեւ, սպիտակ կամ պուտիկավոր քարոզչություն
«Քաղաքական տեխնոլոգիաների եւ սեւ քարոզչության ազդեցությունները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա» թեման այսօր բավականին տարածված եւ հուզագրգիռ է դարձել բոլորիս հայտնի պատճառներով: Վերջին ժամանակներս իշխանություն-ընդդիմություն-լրատվամիջոցներ շղթայում յուրաքանչյուրը ջանում է հեղինակություն ձեռք բերել մյուսին վարկաբեկելու ու հեղինակազրկելու ճանապարհով, երբեմն չխնայելով ամենակոպիտ վիրավորանքներն անգամ: Սա դարձել է այնքան սովորական ու առօրեական, որ թվում է, թե անհեթեթության այս քաոսն անվերջ է լինելու: Մեկմեկու մեղադրող ու միմյանց գլխին լուտանք թափող քաղաքական գործիչները, որոնց համար կարծես հասարակական կարծիքն այլեւս նշանակություն չունի, առատ նյութ են տալիս իրենց անմիջական դիտորդներինՙ լրագրողներին, որոնք յուրաքանչյուրի արտահայտած խոսքն ու միտքը, կեցվածքն ու պահվածքը մեկնաբանում են իրենց կարողության չափով...
Վերոհիշյալ թեման երեկ քննարկման էր դրվել Մամուլի ազգային ակումբում, որի հյուրերն էին քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը:
Պրն Հովհաննիսյանի համոզմամբ, քաղաքական տեխնոլոգիաների հետ սեւ քարոզչությունը որեւէ առնչություն չունի, քանի որ առաջինը քաղաքական գործչին հնարավորություն է տալիս հասարակությանը համոզելու սեփական ծրագրերի, գաղափարների ու առաջարկների ճշմարտացի եւ օգտակար լինելը:
«Սեւ քարոզչությունը մուտք է գործել մեր իրականություն ու տարածվում է: Հիմքեր ունենք խոսելու էլեկտրոնային ռեկետի մասին, որի դրսեւորումներն ամենուրեք տեսնում ենք: Նույնիսկ նախարարներին են ենթարկում էլեկտրոնային ռեկետի: Մեզանում կա էլեկտրոնային ահաբեկչություն, որովհետեւ տպագիր մամուլը հասու չէ մարդկանց, եւ տեղեկատվական էլեկտրոնային միջոցները ձեռք են բերել հզոր հնարավորություններ նաեւ սեւ քարոզչությամբ զբաղվելու առումով»: Իբրեւ դասական օրինակ նա նշեց, թե ինչպես է նույն լրատվամիջոցը ներկայացնում նախագահ Քոչարյանի եւ ինչպեսՙ իր սպորտային հակումները: Նա դժվարացավ հիշելՙ վերջի՞ն, թե՞ նախավերջին կիրակի օրը, երբ ինքը որոշել էր նախագահի օրինակին հետեւելով անցնել առողջ կենսակերպի եւ սպորտով զբաղվել, ցույց տալ, որ ընդդիմությունն էլ է կարեւորում առողջ կենսակերպը, հանկարծ հայտնվել են «Հայլուրի» խցիկով երիտասարդներ եւ առաջարկել հարցազրույց տալ: Նա սիրով համաձայնել է, սակայն երեկոյան ծանոթ-բարեկամներից տեղեկացել, որ իր լողավազան այցելելու պատճառով թոշակառուներին ժամանակին թոշակ չեն վճարում: Այ, եթե ինքը 2 հազար դրամով ամեն կիրակի լողավազան չայցելի, հնարավոր է, որ թոշակները բարձրանան: Մի խոսքով, երբ ընդդիմադիր գործիչն է զբաղվում սպորտով, դա դառնում է ոչ թե առողջ կենսակերպ, այլ սեւ քարոզչություն: Նա հավելեց, որ սեւ տեխնոլոգիաների միջոցով ընդդիմադիր գործիչներին բացահայտորեն զրպարտելը լրագրողական աշխարհում պետք է տագնապի զգացում առաջացնի եւ ստիպի «էլեկտրոնային ռեկետից» ազատվելու ելք գտնել:
Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ մեզանում սեւ կամ սպիտակ տեխնոլոգիաների կիրառման մասին խոսելը չափազանցություն է, քանի որ դրանք գործում են միայն ժողովրդավարական երկրներում, որտեղ լրատվամիջոցներն ունեն հասարակական կարծիք ձեւավորելու լուրջ առաքելություն, քանի որ հասարակական կարծիքը քաղաքական գործիչների հեղինակության վրա ազդող բավականին լուրջ գործոն է: Մեզանում այդ տեխնոլոգիաները սկսեցին կիրառվել ՀՀՇ-ականների օրոք, որոնց նպատակը ընտրությունների իրական գործոնները թաքցնելն էր: Դրանց հիման վրա այս կամ այն թեկնածուն կամ ընտրվում էր, կամ քաղաքական դաշտից ընդմիշտ դուրս մղվում: Սեւ տեխնոլոգիաներ կիրառելու համար մեղադրվում են ոչ միայն լրագրողները, այլեւ սոցիոլոգները. «Եթե սեւ մարդուն օբյեկտիվորեն նկարագրում ես, դա կարծես ընկալվում է որպես սեւ տեխնոլոգիա, ինչն իրականում այդպես չէ», ասաց նա: Լրատվամիջոցներն, ըստ նրա, բավականին թույլ են թե մասնագիտական, թե ֆինանսական ու անհատական առումներով, որպեսզի կարողանան ամուր պաշտպանել իրենց տեսակետները: Ամենամեծ դժբախտությունը նա համարեց այն, որ այս սերունդը տեսնելով ներկայիս վիճակը, փախչում է քաղաքականությունից, որովհետեւ չի ուզում քաղաքական կեղտոտ խաղերին մասնակից դառնալ: Մեզ մոտ դեռ չի գրանցվել լրատվամիջոցների ազդեցությամբ որեւէ քաղաքական գործչի օբյեկտիվորեն պաշտոնից ազատելու կամ պատգամավորական մանդատից զրկելու դեպք, ինչը բացասաբար է անդրադառնում քաղաքական ընդհանուր մթնոլորտի վրա: Այս առումով սովորելու շատ բան ունենք մերձբալթյան երկրներից:
Տկն Խաչատրյանն էլ իր հերթին պնդեց, որ մեր քաղաքական դաշտը հեղեղված է կեղտոտ քարոզչությամբ, որի դեմն առնելու որեւէ քայլ չի արվում, արհամարհվում է այն ճշմարտությունը, որ ներկայիս բարոյահոգեբանական մթնոլորտը բացասական հետք է թողնելու ապագա սերունդների վրա:
«Քարոզչությունը չի լինում ոչ սեւ, ոչ սպիտակ, ոչ էլ պուտիկավոր, այլ պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ», ասաց Սպարտակ Սեյրանյանը Լրատվամիջոցներն ընդամենը արձանագրում են հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, եթե քաղաքական դաշտում չկան առողջ գաղափարներ, ուրեմն առաջ են գալիս բամբասանքներ ու անձնական վիրավորանքներ: Մեր քաղաքական գործիչներն, ըստ էության, ասելիք չունեն, ինչն էլ հանգեցնում է սեփական հեղինակությունն ու պատիվը պահելու անկարողության. «Երբ նրանց քաղաքական մակարդակը չի բավարարում, սկսում են հիշել, թե ո՞ր թվին, ո՞վ ո՞ւմ թարս նայեց», ասաց նա:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ