Փարիզի Կոնգրեսների պալատում մայիսի 22-ի համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 80-ամյակին: Համերգասրահիՙ 4.000 տեղանոց լեփ-լեցուն դահլիճում Ֆրանսիայի վերջին շանսոնյեին շնորհավորելու էին եկել համաշխարհային հեղինակությամբ արտիստներ Լայզա Մինելին, Ջոնի Հոլիդեյը, Պատրիսիա Կաասը, Հելեն Սեգարան եւ ուրիշ շատերը: Համերգին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք: Ժամը 20-ին նախատեսված համերգը Իսպանիայի արքայազնի ամուսնության արարողությանը Ժակ Շիրակի մասնակցութան պատճառով եւ նրա խնդրանքով 1 ժամով հետաձգվեց: TF-1 հեռուստաընկերությամբ համերգը հեռարձակվեց ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում: Ժակ Շիրակի ներկայությունը հարգանքի արտահայտություն էր 60 տարի շարունակ աշխարհի բեմահարթակներն անպարտելիորեն նվաճած եւ ֆրանսիական արվեստը տարածած երգչի նկատմամբ, եւ մի առիթով նա արտահայտվել է, թե Ֆրանսիան այս ասպարեզում տվել է երեք մեծություններՙ Էդիտ Պիաֆ, Ժիլբեր Բեկո, Շառլ Ազնավուր: Համերգից հետո նախագահ Ժակ Շիրակը Ելիսեյան պալատում ընդունելություն կազմակերպեց ի պատիվ Շառլ Ազնավուրիՙ նրան արժանացնելով երկրի բարձրագույն պարգեւինՙ «Պատվո լեգեոն» շքանշանին:
Երգչի հայրենիքից Շառլ Ազնավուրին շնորհավորելու էին գնացել «Փոքրիկ երգիչներ» երգչախումբըՙ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Հասկանալի է պատասխանատվության այն զգացումը, որ համակել էր խմբինՙ մասնակցության հրավերը ստանալուց հետո. Հայաստանը ներկայացնել աշխարհի լավագույն կատարողների կողքին եւ գոնե ինչ-որ տեղՙ համարժեք օրվա հոբելյարի անվանը. «Մենք չէինք ուզենա, որ նա չհիանար: Պատասխանատվությունը մեծ էր, ժամանակը քիչՙ ընդամենը 13 օր, մենք կարողացանք սովորել երկու ստեղծագործությունՙ «Քեզ համարՙ Հայաստան» եւ «For me, for me, formidable» ու մեկնեցինք: Փարիզում Հայաստանի դեսպանությունը մեզ տարածք տրամադրեց, որտեղ փորձեր էինք անում: Մեզ ասել էին, որ Շառլ Ազնավուրը փորձերին չի գալիս: Մեր փորձը նշանակված էր ժամը 2-ին: Եվ ահա այդ ժամին ներս է մտնում Ազնավուրը: Անակնկալը շշմեցուցիչ էր. երեխաները մի պահ քարացան, սկսեցին արտասվել հուզմունքից, Ազնավուրը բեմ բարձրացավ, խոսեց երեխաների հետ, նկարվեց: Մենք իրեն նվիրեցինք երգչախմբի սաներիցՙ Անիի պատրաստած կավե ռոյալը: Հայկական հանդիպում չէր դա բնավ: Ազնավուրը տարբեր է մյուսներիցՙ ինքնամփոփ է եւ արտաքինից թվում է անվրդով, ամեն ինչ իր ներսում է կատարվում, իր հույզերը բեմում են միայն արտահայտվում: Հանդիպումը 5-7 րոպե տեւեց: Նա մոտեցավ ռոյալին եւ սկսեց նվագել: Ովքեր ծանոթ են երաժիշտներին, գիտեն, որ նրանցից շատ քչերն են հեշտ նվագում: Իրենք նվագում են այն պահին, երբ ներսում ինչ-որ բան է կատարվում», պատմում է Տիգրան Հեքեքյանը:
Երգչախումբը համերգին հանդես եկավ «Քեզ համարՙ Հայաստան» հանրահայտ երգով: Կատարումն ավելի քան պաթոսով հնչեց, համերգը դեռ չավարտված դահլիճը պոռթկաց ծափահարություններից: Իսկ անակնկալը փոքրիկ երգիչները Շառլ Ազնավուրին մատուցեցին միջանցքում, երբ երգիչը համերգից հետո հոգնած վերադառնում էր իր հանգստասենյակ: Նրա հետ Լայզա Մինելին էր, իսկ մյուս աստղերը դուրս էին եկել իրենց սենյակներիցՙ տեսնելու, թե ինչ է լինելու: «Մենք սկսեցինք երգել «For me, for me, formidable» Ազնավուրի հայտնի երգը, որտեղ նա գովերգում է սիրած կնոջը: Բայց նախապես տեքստը Վահագն Աթաբեկյանի հետ որոշ փոփոխությունների էինք ենթարկել, հարմարեցրել մեր պատրաստած անակնկալին: Իր էությանը հատուկ զսպվածությամբ Ազնավուրն աչքի ծայրով նայեց, մոտեցավ, շնորհավորեց ինձ համերգի առիթով: Լայզա Մինելին ցնցված էր, իր հիացմունքն էր արտահայտում, ակտիվացնում Ազնավուրին, անընդհատ կրկնում. «Wonderful», հետո կարծեց երեխաները չեն հասկանում, մեզնից հարցրեց հայերենը եւ սկսեց կանչել. «Հիանալի՜, հիանալի՜»: Ապա մեզ մոտեցավ իր պրոդյուսերըՙ առաջարկելով մասնակցել Լայզա Մինելիի կողմից թողարկվող CD-ի ծրագրին: Ներկայացրեց երգչախմբի թողած տպավորությունը. անթերի ինտոնացիան, մաքուր երգեցողությունը, հարթ բազմաձայնությունը եւ ամենակարեւորըՙ բարձր կազմակերպվածությունը: Իսկ Ժակ Շիրակը Էդվարդ Նալբանդյանինՙ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին, ասել էր, որ դուք ունեք հրաշալի երգչախումբ, որ ամենաբարձր մակարդակով ներկայացնում է ձեր երկիրը»:
«Փոքրիկ երգիչներ» խումբը, երբ 2 տարի առաջ եվրոպական 300 երգչախմբերից կազմված միության անդամ դարձավ, արժանացավ «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսին, մի բան, որ այդ 300-ից միայն երեքին շնորհվեց: Փարիզյան պատասխանատու այս համերգին երգչախումբը բարձր պահեց իր երկրի պատիվըՙ արժանապատվորեն տեր կանգնելով իրեն շնորհած պատվավոր տիտղոսին:
Տիգրան Հեքեքյանի տպավորությունները հագեցած էին, թե՛ հպարտություն կար, թե՛ արժանապատվություն, բայց նա հատկապես ընդգծեց Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի վերաբերմունքըՙ պրոֆեսիոնալիզմով եւ իր պետության վարկանիշը բարձր պահելու խստապահանջությամբ. «Շատ երկրներում եմ եղել: Խորհրդային դեսպանատները մեզ համար տուն չեղան: Հիմա զգացիՙ ինչ է նշանակում ունենալ երկիր եւ ունենալ դրսում քո դեսպանատունը: Մենք այստեղՙ Ֆրանսիայում, ենթարկվում էինք Հայաստանի դեսպանատան ղեկավարի ամենախիստ գրաքննությանըՙ ամենալավ իմաստով: Յուրաքանչյուրՙ անգամ երեխայի շապիկի, հարդարանքի հարցով դեսպանատունն էր զբաղվում: Դրված էր մի սանդղակ, որից չպիտի իջնես:
Համերգից հետո ընդամենը 1 օր ունեինք: Էդուարդ Նալբանդյանն իր անձնական կապերի հաշվին կարողացավ կազմակերպել էքսկուրսիա, երեխաները եղան Աստվածամոր տաճարում, Վերսալում, սակայն չկարողացան այցելել Էյֆելյան աշտարակ: Բայց ինքըՙ դեսպանը, հետաձգեց երեխաների ճաշի ժամը եւ մեզ հետ բարձրացավ Էյֆելյան աշտարակ, մի երեկո անցկացրեց: Օրը կիրակի էր, եւ բազմամարդ էր փողոցը, աշտարակի ներքեւում երեխաները սկսեցին երգել, իսկ վերջումՙ «For me, for me, formidable»-ը եւ կանչում էինՙ Ազնավուր, Ազնավուր: Մարդիկ ծափահարում էին, նրանց շատերը ճանաչում էին. փոքրիկ երգիչներն ենՙ Հայաստանից, ասում էին»:
Հ. Գ. «Փոքրիկ երգիչներ» երգչախումբն ամերիկյան երգչախմբային դիրիժորների ասոցիացիայից ստացել է հրավերՙ մասնակցելու 2005 թ. Լոս Անջելեսում կայանալիք ժողովին, որը տեղի է ունենալու միանգամայն նորաոճ 8000 տեղանոց «Դիսնեյ» համերգասրահում: Սակայն մասնակցության խոչընդոտները ֆինանսական են: Փարիզյան այս այցելությանն օժանդակել էին Սպառողական ընկերությունների միությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ առեւտրի ու տնտեսական զարգացան նախարարությունը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ