ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱԺ երրորդ գումարման նստաշրջանը երեկ ավարտվեց գյուղական բնակավայրերի հանդեպ հոգատարության շեշտված դրսեւորումով: Առաջին անգամ, շրջանցելով մայրաքաղաքը, 12 մլրդ դրամ ամբողջությամբ ուղղվեց մարզերի սոցիալական կարիքների բավարարմանը: Դրանք առաջին հրատապության հիմնախնդիրներ են, որոնց համար, այնուամենայնիվ, գործադիրը մինչ հիմա միջոցներ չէր կարողանում առանձնացնել: Եվ հայտնի չէ, հետո կկարողանա՞ր առանձնացնել, եթե բյուջեի կատարողականների հաշվետվություններն ամփոփելուց հետո չպարզվեր 12 մլրդ դրամի խնայողությունը: Ի դեպ, սա նախադեպ է ընդհանրապես վերջին 14 տարիների համար: Դրամական պատկառելի մնացորդն առաջացել է բյուջեի դեֆիցիտի հաշվին. նախատեսված 2,5 տոկոսի փոխարեն արձանագրվել է 1,3 տոկոս դեֆիցիտ:
Խորհրդարանն իր վերջին նիստում քննարկեց եւ առաջին ու երկրորդ ընթերցումներով ընդունեց «ՀՀ 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ամբողջությամբ վերաբերում է տնտեսված գումարը տնօրինելուն: Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:
2003 թ. բյուջետային տարվա հաճելի անակնկալը կծախսվի դպրոցաշինության, պետական եւ համայնքային նշանակության ճանապարհների կառուցման ու հիմնանորոգումների, ոռոգման համակարգի համար: Սրանք բոլորը ծայր սրվածության հասած խնդիրներ են, որոնց անլուծելիությունը գյուղական բնակավայրերից բնակչության մեծ արտահոսքի հիմնական պատճառն է: Դրանց հետ նույն հարթության վրա գտնվող սոցիալական մյուս պրոբլեմը ցածր աշխատավարձերը, նպաստներն ու թոշակներն են: Խնայված գումարը կարելի էր ուղղել նաեւ դրանց բարձրացմանը, սակայն Վարդան Խաչատրյանի բացատրությամբ, այս տնտեսված փողը մեկանգամյա գործողության է: Այսինքն, չի կարելի ակնկալել, որ հաջորդ տարի նույն չափի կամ մի քիչ պակաս կամ ավելի տնտեսում կլինի: Եվ եթե թոշակները կամ աշխատավարձերը այս տարի բարձրացվեն, միանգամայն հավանական է, որ հետո նույն մակարդակն անհնար կլինի ապահովել:
Դրամական ազատ մնացորդից 6,9 մլրդ դրամ տրամադրվել է դպրոցաշինությանը: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում դպրոցաշինական ծրագիրն ավարտելու համար 22 մլրդ դրամ է անհրաժեշտ: «Լինսիի» շնորհիվ այս ծրագիրը գրեթե ամբողջությամբ ավարտվել է աղետի գոտում: «Մենք նախատեսում էինք, որ այս տարի կստանանք երկրորդ «Լինսին»: Սակայն պարզ է, որ եթե նույնիսկ այն այս տարի ստացվի, չենք հասցնի անմիջապես գործ անել. ահա ինչու որոշվեց խնայված գումարն օգտագործել ընդհանրապես կապիտալ շինարարության ոլորտում», ասաց Վարդան Խաչատրյանը:
Ծախսի մյուս հատվածը կուղղվի ճանապարհաշինությանը: 1,3 մլրդ դրամ կտրամադրվի Բերդ-Իջեւան ճանապարհի շինարարությանը, որը պետական ծրագրերում վաղուց կար, բայց ֆինանսներ չկային: Մյուս նորոգվելիք ճամփան Ջիլիզա-Վրաստան ուղին է, որի անանցանելի լինելը պատճառ է դարձել, որ սահմանամերձ անտառային ծածկույթը լրիվ անտերության մատնվի: Վերանորոգման կամ վերակառուցման ենթակա մյուս ճանապարհների ցանկը որոշվել է ըստ մարզպետարանների տվյալների:
Մարզերի համար անգնահատելի միջոցառում կլինի նաեւ գազաֆիկացումներին աջակցությունը: Շատ համայնքներ սեփական միջոցներով չեն կարող ներքին ցանցերը խելքի բերել, եւ դա իսկապես լուրջ օգնություն կլինի նրանց: Իսկ թե ինչու որոշ գյուղերի ու համայնքների նախատեսվել է հատկացնել մյուսներին ակնհայտորեն մի քանի անգամ գերազանցող գումարներ, Վարդան Խաչատրյանը պատճառաբանեց, թե այդ բնակավայրերում համալիր միջոցառումներ են իրականացվելու: Որեւէ տարածքի հանդեպ նախապատվություն չի ցուցաբերվել: