Առավել խոցելի են հարկերի բարձրացման մեթոդով եւ թիվ 111 սերիայի շենքերը
Հոկտեմբերի 18-21-ը Երեւանում կկայանա ասիական սեյսմոլոգիական 5-րդ գագաթաժողովը` նվիրված Սպիտակի երկրաշարժի 15-րդ տարելիցին: Համաժողովին կմասնակցեն 45 երկրների գիտնականներ ու փորձագետներ:
Միջոցառումը նախաձեռնել է Սեյսմոլոգիայի եւ երկրաֆիզիկայի հայկական ընկերակցությունը: Ընկերակցության նախագահ Սերգեյ Բալասանյանը լրագրողներին հրավիրել էր ասուլիսի` հատուկ այ.ս մասին տեղեկացնելու: Համաժողովի ընթացքում կկազմակերպվի բաց ֆորում` ԶԼՄ-ների մասնակցությամբ: 3 փուլով դասընթացներ կանցկացվեն ԵՊՀ-ում` երիտասարդ գիտնականների, կառավարության ներկայացուցիչների, արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցների մասնակցությամբ: Ընկերակցության գլխավոր խնդիրը բնակչության իրազեկումն է երկրաշարժերի, դրանց ժամանակ հնարավորինս գրագետ վարքագիծ դրսեւորելու մասին, եւ ընդհանրապես սեյսմակայունության վերաբերյալ գոնե նվազագույն գիտելիքների ուսուցումը: Ըստ ընկերակցության նախագահի, դա հնարավոր է դպրոցներում դասընթացների կազմակերպման, մամուլով, հեռուստատեսությամբ պարբերաբար հոդվածներ գրելու եւ ուսուցողական հաղորդումներ կազմակերպելու միջոցով: Այդ տեսանկյունից բնակչությունը ոչ միայն անհասկանալի անտարբերություն է ցուցաբերում, այլեւ ինքնագլուխ միջամտություններով թուլացնում է բնակարանների պատերը:
Այսօր հանրապետության բնակֆոնդի գերակշիռ մասը սեյսմակայունության տեսանկյունից անհուսալի վիճակում է: Տարիներ առանց նորոգումների մնալով, անընդմեջ ավելանում է վթարային շենքերի թիվը հանրապետության ողջ տարածքում: Աղետի գոտում` Սպիտակում, Գյումրիում ու Վանաձորում ռետինա-մետաղական միջնորմներով սեյսմակայուն շենքեր են կառուցվել, բայց անհամեմատ մեծաթիվ կիսաքայքայված, դրանք կաթիլ են ծովի մեջ: Այսինքն, գոնե այս պահի համար անհնարին խնդիր են զանգվածային ամրացումները: Բալասանյանի համոզմամբ, սակայն, դա չի նշանակում, որ ընդհանրապես պետք է ձեռքերը ծալել եւ ոչինչ չձեռնարկել: Նույնիսկ մեկ շենքի ամրացումը գոնե 100 մարդու կյանք կարող է փրկել: Ընկերակցությունը ջանում է սեյսմաանվտանգ միջոցառումների, շենքերի ամրացման խոշոր նախագծեր ներկայացնել շահագրգիռ ֆինանսական կազմակերպություններին: Երկրորդ խնդիրը համարում է տեղացի գիտնականների ու միջազգային խոշոր կառույցների ու ֆոնդերի հաղորդակցության ստեղծումը:
Ընկերակցությունը կանխատեսումներով չի զբաղվում, եւ նախագահը մոտավոր կամ հեռավոր ապագայում երկրաշարժերի հավանականության մասին որեւէ տվյալ չասաց: «Այնտեղ, ուր իշխանություններն անպատրաստ են դիմագրավելու երկրաշարժերը, կամ երկրաբանական պայմաններն են աննպաստ, երկրաշարժերի կանխատեսման հավանականությունը փոքր է», նշեց նա, համոզված, որ այդ իմաստով Հարավային Կովկասի երկրների մեջ Հայաստանը ամենից ավելի պատրաստվածն է: Իսկ ընդհանրապես, երկրաշարժերի ժամն ու օրը ստույգ գուշակելը դեռեւս վեր է գիտության ուժերից: Ամենաարդյունավետ կանխատեսումը հնարավոր է միայն 70-80 տոկոսի սահմաններում:
Համենայն դեպս, Հայաստանում երկրաշարժերի հավանականության վտանգը բազմիցս գերազանցում է շենքերի սեյսմակայունության մակարդակին: Եվ այս կարծիքին է ոչ միայն Սերգեյ Բալասանյանը: Երկրաշարժի հանդեպ առավել խոցելի են հարկերի բարձրացման մեթոդով եւ թիվ 111 սերիայի շենքերը: Հատկապես վերջին տեխնոլոգիայով կառուցված բազմահարկերը Սպիտակում հողին հավասարվեցին:
Մայրաքաղաքում ամենաաննպաստ վիճակում են Աջափնյակում կավահողերի վրա կառուցված շենքերը: Անձրեւների ու խոնավության ժամանակ կավը «լվացվում» է եւ թուլացնում շենքերի հիմքերը:
«Ազգի» հարցին, թե պարոն Բալասանյանը ինչպես է վերաբերվում այն խոսակցություններին, թե երկրաշարժերի սպառնալիքի ու բնակչության անպատրաստվածության վերաբերյալ ինքը ակտիվորեն քարոզչություն է ձեռնարկել հատկապես Ազգային սեյսմիկ ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելուց հետո, այժմ արդեն Երկրաֆիզիկայի եւ սեյսմոլոգիայի ընկերակցության ղեկավարը պատասխանեց. «Ինձ թվում է, որ հիմա ես այդ մասին ավելի քիչ եմ խոսում, քան երբ այդ կառույցի ղեկավարն էի: Այս ասպարեզի հիմնական գաղափարը սա է` առկա է վտանգ եւ հարկավոր է պաշտպանվել: Եթե չասենք, որ վտանգը կա, ուրեմն պաշտպանության մասին խոսելն անիմաստ կլինի: Իսկ ընդհանրապես, դա սուբյեկտիվ կարծիք է: Ես միշտ խոսում եմ այդ մասին: Իսկ վտանգը ոչ ավելացել է, ոչ պակասել: Վտանգը միշտ կա»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ