«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2004-06-15 | #110, 2004-06-16 | #111, 2004-06-17


ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՊԱՆՈՒՄ ՇՆԵՐԻՆ, ԵՐԲ ԿԱՐԵԼԻ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Մեզ շրջապատող աշխարհի սուբյեկտիվ ընկալման երեւույթն անխուսափելի իրողություն է: Սակայն հասարակայնորեն գործող չափանիշները, որ փոխանցվում են մեզ բնության ներքին օրինաչափություններից, ստիպում են ենթարկվել դրանցՙ կանխելու մարդուն սպառնացող հետագա վտանգները: Մեր վերաբերմունքը շրջակա միջավայրին հարցի բարոյական ու հոգեւոր սկզբունքները շրջանցելով, նկատենք, սակայն, որ հենց այդ սկզբունքներն են «պարտադրում» շրջակա միջավայրը դիտարկելու իբրեւ մեկ ընդհանուր օրգանական այնպիսի կառուցվածք, որի ամեն մի խախտումից կարող է տկարանալ այդ օրգանիզմը:

Տեղափոխվենք մեր մայրաքաղաքի փողոցներում թափառող շների (որ նույնպես մեր շրջակա միջավայրիՙ բնության անքակտելի մասն են կազմում) հետ կապված վիճահարույց խնդրի տարածք: Հարկավո՞ր է արդյոք քաղաքը դատարկել մեր բարեկամ չորքոտանիներից, վտա՞նգ են արդյոք նրանք ներկայացնում մեր համաքաղաքացիների համար: Հարցի արձագանքները միանշանակ չեն կարող լինել: Կլինեն մարդիկ, ովքեր անտարբերությամբ, ոմանք կրքոտ թշնամանքով կողմ կլինեն քաղաքը թափառող շներից վնասազերծելու ծրագրինՙ հավանորեն նկատի առնելով գիշերային շնահաչից խանգարվող իրենց հանգիստը, գուցե եւ կատաղած շներից ոմանց բաժին ընկած դժբախտ պատահարները:

Ինչպես բազմաթիվ այլ, այս խնդրի լուծման ճանապարհները քաղաքակիրթ աշխարհին վաղուց արդեն հայտնի են: Բայց մինչ մերՙ քաղաքակրթության եվրոպական չափանիշներին ընտելանալը (երբ գիտակցական մակարդակներում կկատարվեն լուրջ տեղաշարժերՙ մտածողության կերպի առումով), շարունակելու ենք գնալ մեզ ծանոթ, բայց մեղավոր ճանապարհով: Դրա վկայությունն է առայժմ Երեւանում կենդանիների վնասազերծման հրազենային մեթոդի կիրառումը: Գիշերային սարսափազդու տեսարաններից եւ սպանվող շների աղեկտուր կլանչից մեր շատ քաղաքացիներ քանիցս հոգեկան ծանր ապրումներ են ունեցել, առավել խորությամբ դրանք ազդել են երեխաների վրա, որոնցից շատերի հիշողության մեջ այդ արյունոտ գիշերները մնացել են իբրեւ չսպիացող վերք:

Բացի բարոյական, հոգեբանական, հասարակական, սոցիալական, դաստիարակչական եւ հոգեւոր ասպեկտներից հիշյալ խնդիրն ունի բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ լուրջ կողմեր եւս: Բնության մեջ գործում են հակազդեցության եւ տեսակի պահպանման բնազդային օրենքները: Գիտականորեն ապացուցված է, որ կենդանական որեւէ տեսակի արհեստական ոչնչացումը հատկապես սպանդի միջոցով ունենում է հակառակ արդյունքըՙ պատճառ դառնալով նրանց աննախադեպ բազմացման: Էկոլոգիական հավասարակշռության խախտման դեպքում մերձակա շրջաններում թափառող շները հետզհետե տեղափոխվում են դատարկված տարածքՙ իրենց հետ բերելով կատաղության հիվանդության տարածման վտանգ: Ապացուցված է նաեւ, որ թափառական շները համարվում են քաղաքի յուրատեսակ սանիտարներ (կարեւորՙ հատկապես մեր աղբառատ քաղաքի համար), նրանք ազատում են սննդի մնացորդներից, թափոններիցՙ դրանով իսկ նվազեցնելով առնետների ու մկների վտանգավոր բազմացումը, հետեւաբար դրանց միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունները:

Հայաստանիՙ Եվրոմիությանն անդամակցելու համար անհրաժեշտ քաղաքակրթական եվրոպական չափանիշները (նաեւ շրջակա միջավայրի, բուսական, կենդանական աշխարհի վերաբերյալ) ընդունելու, սեփական երկրում իրականացնելու պայմանը, նաեւ մեր շատ համաքաղաքացիների բողոքները շների նկատմամբ իրականացվող սպանդի դեմ, ստիպեցին քաղաքապետարանի համապատասխան կառույցներին այս տարվա մայիսի 31-ին հայտարարելու «շներին վնասազերծելու» մրցույթ, որը ենթադրում էր նախկին մեթոդներից բացի, ընդգրկել նաեւ այլընտրանքային ծրագրեր: Սակայն քաղաքապետարանի բյուջեից հատկացված 20 մլն դրամն այլընտրանքային ծրագիր իրականացնելու համար բավարար չէր, եւ պարզվում է, որ պետական գնումների գործակալության հայտարարած մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված «Դամեարք» կազմակերպությունը շարունակելու է կենդանիների վնասազերծման հրազենային միջոցն այս անգամ մեկ այլ տարբերակովՙ բացառել քաղաքի փողոցներում հրազենային կրակոցները, համապատասխան որսացող ցանցերով եւ մետաղաձողերով հավաքել նրանց եւ ոչնչացնել քաղաքից դուրս: Նախկինի համեմատությամբ քիչ տարբերությամբ (էությունը նույնն էՙ վայրագ սպանություն, միջավայրի հակահիգիենիկ վիճակով. կենդանու դինՙ աղբանոցների մոտ շպրտված) այս գործողությունը գնահատվում է 3690 դրամ, իսկ միայն շան պոչը (ոչնչացված կենդանու ապացույցը)ՙ 2.500 դրամ:

Մեկ այլՙ «Դունայ» հասարակական կազմակերպության մրցույթին մասնակցելու հայտը մերժվել էՙ համապատասխան պահանջները չբավարարելու պատճառաբանությամբ: Երեւանում գործող այս կազմակերպությունը շների պահպանությանն աջակցող աշխատանքներ է կատարելՙ դեռ 2001 թ. կառուցել է շնաբուծարան եւ ընդունարան Էրեբունու տարածքում, որտեղ փողոցային շներին վարժեցնում էին, ստերիզացիայի ենթարկում, պատվաստումներ կատարում, իսկ որոշներին հետո նվիրում էին սահմանապահ զորամասերին: Սակայն քաղաքապետարանի հրազենային միջամտությունն այդ տարածք միառժամանակ կասեցրել էր նրանց գործունեությունը: 2003 թ. դեկտեմբերին, հուսադրված Հայաստանի Եվրոմիությանն անդամակցելու հետ կապված երկրում հեռանկարային փոփոխություններով, կազմակերպությունը վերագրանցվեցՙ ծավալելով նոր գործողություններ եւ ամենակարեւորըՙ կենդանիների վնասազերծման հրազենային մեթոդին հակադրելով համակողմանիորեն մշակված այլընտրանքային ծրագիր, որի էությունն այսպիսին է. կանխել սպանդի միջոցով թափառող շների աճի կրճատումը, հասարակության մեջ դաժանաբար մոտեցումը նրանց նկատմամբ, քաղաքի սանիտարական վիճակի բարդացումը, շների դին սխալ թաղելու, աղբանոց նետելու եւ վարակի աղբյուրներ առաջացնելու հնարավորությունները, շների կատաղություն հիվանդության բազմացումըՙ առաջարկելով թափառական շների հավաքում, տարբերակում եւ հաշվառում, ստերիզացում, ապաքինում, պատվաստում կատաղության դեմ, պրոֆիլակտիկ բուժումներ, համարակալում վզնոցի (ֆոսֆորից) միջոցով եւ նրանց տեղակայում իրենց նախկին տարածքներում, որպես յուրօրինակ սանիտարներ միջավայրի համար: «Դունայ» կազմակերպությունն այս ծրագրով իրավունք չստանալով մասնակցելու մրցույթին, փորձում է այն կյանքի կոչել իր միջոցներովՙ կառուցելով կենդանիների ընդունարան (Էրեբունու համայնք)ՙ վիրահատարանով եւ վանդակներով (1,5 մx1,5 մ), որը կարող է ընդունել օրական 20 շուն:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ուղղված դիմումներում կազմակերպությունը ներկայացրել է իր ծրագրերըՙ նշելով, որ շներին հրազենով ոչնչացնելու համար տրամադրված գումարներով կազմակերպությունը կարող է իրականացնել իր վերոհիշյալ մեթոդները:

Նրանք դիմել են նաեւ միջազգային կազմակերպություններին (գերմանական «Vispa» միությանը), նաեւ Եվրոմիությանը, որոնց պատասխաններում աջակցության տարրը բացակայում էՙ մեր երկրում այս հարցի նկատմամբ պետական մոտեցման բացակայության պատճառաբանությամբ (քաղաքապետարանն առայժմ աջակցում է կենդանիների վնասազերծման հրազենային մեթոդին):

Կազմակերպությունը շնասերների 65 անդամ ունի, նրանք դիմել են նաեւ մեր համաքաղաքացիներինՙ կազմակերպել ստորագրահավաք ի պաշտպանություն կենդանիների, ստեղծել են հիմնադրամ բանկի հաշվի համարով, ունեն հոգաբարձուների խորհուրդ (Կարեն Ջանիբեկյան, Գուրգեն Խանջյան), իսկ վերջերս կազմակերպել են բարեգործական համերգ, որի հասույթը փոխանցվել է բանկային իրենց հաշվի համարին:

«Դունայ» կազմակերպությանն առաջարկվել է համագործակցել «Եվրասիա» հասարակական կազմակերպությանՙ 2005 թ. կենդանիների ընդունարան կառուցելու ծրագրի հետ: Սակայն առկախ է մնում մեկ հարցՙ ինչո՞ւ են մինչ այդ մերժում նմանաբնույթ ծրագրի իրականացումն այս կազմակերպության միջոցով: Մեր զրույցի ընթացքում կազմակերպության նախագահ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, թե քաղաքապետարանից իրենց հավաստիացրել են, որ մոտակա օրերս կայցելեն ընդունարանՙ տեսնելու համապատասխանո՞ւմ է արդյոք միջազգային ստանդարտներին: Քաղաքապետարանի հավանության պարագայում անգամ կազմակերպության անդամները մտահոգ էին իրենց հետագա գործունեության արդյունավետ ընթացքով: Ինչպե՞ս է հնարավոր երկու իրարամերժ նպատակներ հետապնդող կազմակերպությունների համատեղ գործունեությունը, ենթադրելով, որ դրանցից մեկի բուժած, ստերիզացիայի, պատվաստումների ենթարկած եւ համարակալած կենդանիները կարող են ոչնչացվել հրազենային մեթոդով (որովհետեւ դեռեւս գործում է այս միջոցը), մինչդեռ իրենք վերահսկելու մեխանիզմներ չունեն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4