Ֆիլիպ Կիրկորովի ռոստովյան ելույթն ինձ հիշեցրեց Երեւանում աշխարհի ճանաչված հայազգի երգիչների սկավառակի թողարկումը, որտեղ, ասենք, Շառլ Ազնավուրի հետ տեղ էր գտել նաեւ մյուս մեծանուն հայ «սոխակը»... Ֆիլիպ Կիրկորովը: Արդյոք արվամոլի կեցվածքով այդ լկտի արարածը պիտի ցո՞ւյց տար ստահակի իր իսկական դեմքը, որպեսզի Հայաստանում գոնե դրանից հետո վերջ տան սրան կամ նրան զոռով հայացնելու իրենց տխրահռչակ քաղաքականությանը: Կարելի էր չկասկածել, որ Բեդրոսի տղա Փիլիպոսին «համբերությունից հանեց» ու վերածեր գռեհիկ ոչնչության հենց այն հանգամանքը, որ հարց տվող լրագրողի ազգանունն ավարտվում էր «յան»-ով, որը, տեսե՜ք, նույնիսկ առոգանությամբ էր խոսում: Փաստորեն իրեն գոնե հայացնողներին «աստղը» ցույց տվեց բութ մատՙ ցուցամատի ու միջնամատի արանքից: Եվ սա թող դաս լինի նրանց համար, ովքեր իրենց խորախորհուրդ «հայտնագործություններով» ազգային կերպարանք են հաղորդում մարդկանց, ովքեր ոչ միայն դրա կարիքը չեն զգում, այլեւ անսեթեւեթ արտահայտում են իրենց գարշանքը տվյալ ազգային հանրության նկատմամբ...
Հիմա էլ «գիտակները» զբաղված են Ռուսաստանի կառավարության երկու նախարարներիՙ Սերգեյ Լավրովի եւ Միխայիլ Զուրաբովի «հայացմամբ»: Երկուսն էլ, ըստ երեւույթին, հայկական արյուն ունեն: Բայց դա բացարձակապես ոչինչ չի նշանակում: Նրանց «հայկականության» մասին հիշեք միայն այն ժամանակ, երբ այդ անձինք որեւէ ծառայություն կմատուցեն Հայաստանին կամ հայությանը: Հակառակ պարագայում ամեն ինչ վերածվում է անալի ինքնախաբեության:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա