Հայաստանում այսօր արդեն 3400 հասարակական կազմակերպություններ կան, թեեւ քաղաքացիական հասարակություն ասվածը մեզանում նույնիսկ սաղմնային վիճակում չէ: Նույն խնդրին կոչված միությունների քանակը հարյուրներով է հաշվվում: Դրանց շարքում «Փիար» կազմակերպությունը կամ Հայաստանի հասարակայնության հետ կապերի ընկերակցությունն իր բնույթով թերեւս միակն է, որ համախմբում է այս ոլորտի մասնագետներին: Այս երեւույթն էլ, որպես հասարակական իրողություն, նորություն է, եւ դա է պատճառը, որ դրա էությունը սխալ կամ ընդհանրապես չի հասկացվում: Այն ըմբռնվում է իբրեւ պատվերով գովազդ կամ հակագովազդ: Վերջին շրջանում «Փիարի» անունը հայտնի դարձավ իր նախաձեռնած 2 աղմկալից` ավելի քան 10 ամիս տեւած «Թելեպլաստի» դատավարությամբ եւ սուրճ արտադրողների անբարեխիղճ գործունեության բացահայտումներով: «Ազգը» զրուցում է կազմակերպության նախագահ Արա Սաղաթելյանի հետ:
- Հայաստանում նոր մշակույթ է փիարը, եւ չխորանալով դրա էության մեջՙ ավելի շատ շրջանառվում է «սեւ փիար» արտահայտությունը, դա մտնո՞ւմ է այս հասկացության մեջ:
- Փիարը տեղեկատվության համակարգից դուրս գործող նույն բնույթի առանձին համակարգ է, հաղորդակցման տեխնոլոգիաների ավելի ոչ լոյալ բաղադրամաս, որի մեջ եւ գովազդն է, եւ քարոզչությունը, եւ լրագրությունը: Այն ներառում է գիտական հիմնավորումներ զուգահեռ դաշտում գտնվող մի շարք գիտություններից` հոգեբանություն, սոցիոլոգիա, մանկավարժություն, փսիխոլինգվիստիկա, սոցիոլինգվիստիկա, որոնք մասնակցում են հաղորդակցման հոսքերի ստեղծմանը: Փիարի համար էական է ոչ այնքան տեքստը, որքան դրա մատուցումը. տեղեկատվությունը հնարավորինս մատչելի պիտի փոխանցվի հասարակությանը: Նպատակը, իհարկե, որոշակի սոցիալական վարքագծի ձեւավորումն է: «Սեւ փիար» հասկացությունը միայն սուբյեկտիվ ընկալում է, արհեստածին հորինվածք, խրտվիլակ` որոշակի դիրքի ու կոչման անձանց վախեցնելու համար: Այն ոչ մասնագիտական տերմին է: Եթե հրապարակվում է բացասական տեղեկատվություն, որը համապատասխանում է իրականությանը, սովորաբար մեկնաբանությունն այն է, թե «սեւ փիար» է արվում: Բայց տվյալ դեպքում հասարակական շահերն ավելի բարձր են, քան այդ հրապարակման պատճառով մեկի ընկած տրամադրությունը կամ մեկնաբանությունները:
- Այնուամենայնիվ, հետաքրքրական է հենց այս բնույթի կազմակերպություն ստեղծելու գաղափարը: Ի՞նչ միջոցներով է գործում:
- Դա արվեց ընդամենը ոլորտը «լղոզումից» փրկելու համար, թույլ չտալու, որ փիարը շանտաժի առարկա դառնա, որ որեւէ մեկը իրեն իրավունք չվերապահի մյուսին ասելու` պետք է մեզ հետ լավ լինել, թե չէ «սեւ փիար» կանենք քեզ: Առ այսօր մեր գործունեությունը ծավալել ենք առանց դրամաշնորհային որեւէ միջոցի: Առաջին դրամաշնորհային նախագիծը` տնտեսական դատարանների գործունեությունը թափանցիկ դարձնելու ծրագիրը ընդամենը օրերս է հաստատվել: Մինչ այժմ արվածից շատ եմ կարեւորում այն իրողությունը, որ սլավոնական համալսարանում դասավանդվող հասարակական կապեր առարկայի կրթական ծրագիրը մշակվել ու դասավանդվում է մեր միության մասնագետների մասնակցությամբ:
- Միությունը ուսումնասիրեց նաեւ սուրճի տեսականու հոսքերը, որը մեծ աղմուկ հարուցեց: Մնո՞ւմ եք ձեր նախկին դիրքորոշմանը:
- Երբ որեւէ մեկը լուրջ միջոցներ է ներդնում ապրանքաձեւի արտաքին տեսքի, ձեւավորման եւ հարակից գովազդային դաշտի մեջ, սովորաբար հաճախ չի փոփոխում այն, եթե դիրքերը կայուն են: Երբ որ տեղի է ունենում ապրանքանմուշների եւ հարակից տեղեկատվական ու գովազդային դաշտի արագ փոփոխություն, դա կարող է նշանակել, որ արտադրողին չի մտահոգում ապրանքի որակը: Ուսումնասիրելով սուրճի տարբեր տեսակների ապրանքահոսքը, մենք շուկայում արձանագրեցինք անհասկանալի արագ գործընթացներ` նորերն են հայտնվում, հներն անհետանում են կամ ձեւափոխվում: Գուցե շատ սպառողներ չգիտեն, բայց այս պահին մեր շուկայում շրջանառվում են 6 տասնյակից ավելի տեսակի սուրճեր: Այլ կարգի տեղեկատվություն եւս ունեինք: Մեկ անգամ չէ, որ մեզ հայտնել էին, որ, օրինակ, արաբիկա սուրճի ներկրվող ծավալները ամենեւին չեն համապատասխանում շուկայում առկա մեծ քանակներին: Մենք սուրճի տեսակներն ընտրեցինք Սուրմալու տոնավաճառում` տեղի վաճառողների առաջարկով: Այդ գործընթացն ամբողջությամբ նկարահանվել ու ձայնագրվել է: Մնացածը հայտնի է. փորձաքննության ուղարկված սուրճի մեջ հայտնաբերվեց օսլա (ինչը սուրճի պարունակության մեջ ենթադրում է գարու, սիսեռի կամ ոսպի խառնուրդներ), նաեւ անսպասելի` ծանր մետաղներ: Սուրճի այդ խմբաքանակում կապարի եւ կադմիումի առկայության պատճառը կարող էին լինել կամ ցածրորակ հումքը, կամ արտադրութան տեխնոլոգիայի խախտումները, կամ խառնուրդների մեջ ծանր մետաղների պարունակությունը: Այդ մասին չհրապարակելու իրավունք չունեինք:
- Բայց այդ տեղեկատվությունը կարճ ժամանակ անց համապատասխան մամուլի ասուլիսով ժխտվեց: Եղավ նաեւ ենթադրություն, թե ձեր ձեռնարկումը ընդամենը պատվեր էր:
- Բոլոր երկրներում «Փիար» ընկերակցությունները գործունեություն են ծավալում հասարակական շահերից ելնելով, եւ ըստ այդմ, իրենց բնույթով շատ ագրեսիվ կառույցներ են: Մենք հետագա անելիքը փոխանցեցինք սպառողների միությանը: Միության նախագահը ասուլիսի ժամանակ այսպես արտահայտվեց. «Մեր ուսումնասիրած խմբաքանակներում ծանր մետաղների պարունակությունը չհաստատվեց»: Բայց մեր հրապարակումից անմիջապես հետո շատ լուրջ քայլեր ձեռնարկեցին սուրճ արտադրողները: Սուրճի բոլոր այն տեսակները, որոնք ժամկետներ չունեին կամ կասկածելի էին, վաճառքից հանվեցին: Բայց մենք մնացինք մեր դիրքերում: Հրավիրեցինք 24 լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք սուրճի տեսակների պատահական գնումներ արեցին: Այդ գործընթացը եւս նկարահանվեց: Լրագրողներն արձանագրեցին, որ սուրճ արտադրողները, անկախ սուրճի բովանդակությունից, զանգվածաբար այլ խախտումներ են անում, օրինակ, չեն նշում արտադրության ժամկետները, թեեւ դա օրենքի պահանջ է: 27 անվանում սուրճերից 25-ի վրա ժամկետներ չկային: Իմ տեսանկյունով, ավելի խոշոր խախտումները հենց սկսվում են պարզից: Իսկ եթե որոշ չինովնիկներ շարունակում են պնդել հակառակը, ուրեմն կամ վատ տեսողություն ունեն, կամ անձնական շահագրգռվածություն: Համենայն դեպս, ես համարում եմ, որ «Փիարը» հասավ իր նպատակին. արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարարությունը խստացված միջոցառումներ անցկացրեց, բացահայտվեցին մի շարք ապօրինի արտադրամասեր, սուրճ արտադրողները նախազգուշացվեցին եւ տուգանվեցին: Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը մրցակցության նորմերը խախտելու համար պատասխանատվության ենթարկեց այս դաշտի մի շարք սուբյեկտների: Իսկ այս պահին դատախազությունում նյութեր են նախապատրաստվում` քրեական գործեր հարուցելու համար:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ